Հնդկուհի Հուդարի կրկնակի հանելուկը

ՎԵՐԱԾՆՈՒՄ՝ ՄՈԼԱԳԱՐՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐՈՎ

Հնդկաստանի Նագպուր քաղաքի բնակչուհի Ուտարա Հուդարի հետ պատահածը հոգեբույժ Յան Սթիվենսոնը բացառիկ դեպք է համարում: Կանադաամերիկյան հանրահայտ մասնագետն իր ուսումնասիրությունների նյութ է դարձրել հատկապես հոգիների վերաբնակեցումը: Հենց Հնդկաստանում է, որ մարդիկ հավատում են այդ երևույթին, ուստի նա եղել է նաև այդ երկրում, որտեղ և անցած դարի 70-ական թթ. հանդիպել է Հուդարի հետ:
 
Այս կնոջ բացառիկությունն այն է, որ հանկարծ սկսել է խոսել բենգալերեն, այն էլ այդ լեզվի այն վիճակով, որը գոյություն է ունեցել ամենաուշը XIX  դարասկզբին: Նրա խոսքում տեղ չեն գտել անգլերեն բառերի այն 20%-ը, որոնք համարվում են հետագա փախառություններ: Իսկ անգլերեն բառերը տարածաշրջանի լեզուներ են թափանցել, ինչպես դժվար չէ կռահել, որպես գաղութարարության հետևանք:  Հուդարն այնքան ազատ է խոսել հին բենգալերեն, ասես ծնվել ու մեծացել է այն ժամանակվա Բենգալիայում:
 
Մինչ 32 տարեկանում իրեն բենգալուհի Շարադայի հետ նույնացնելը՝ Հուդարն ապրել է Կենտրոնական Հնդկաստանի Նագպուր քաղաքում, ազատ խոսել է մարաթերեն, իմացել է նաև հինդի լեզուն և անգամ անգլերեն: Իսկ Շարադա անունով անձնավորության հետ իրեն նույնական զգալուց հետո՝ որոշ ժամանակ անգամ իր հարազատներին չի ճանաչել և խոսել է միայն հին բենգալերեն: (esoreiter.ru).
 
Սթիվենսոնի ղեկավարած գիտնականների խումբը մի քանի ամիս շարունակ ուսումնասիրել է այս երևույթը: Կնոջից իմանալով, որ Շարադայի հորը կոչել են Բրայանատ Չատոնյադհայա՝ գիտնականները արխիվները քրքրել ու գտել են, որ  XIX դարասկզբին Բենգալիայում իրոք ապրել է այդ մարդու ընտանիքը: Միայն թե այդ տարածաշրջանի ավանդույթների համաձայն՝ արխիվներում հիշատակվել են միայն տղամարդիկ: Այսպիսով՝ Շարադա անունով աղջկա գոյության փաստը ճշտել հնարավոր չի եղել: Մինչդեռ «ինքնակոչը» չափազանց լավ է իմացել այդ ընտանիքի տղամարդ ազգականներին, ճշտորեն նկարագրել է նրանց ու նաև հիանալի գլուխ է հանել այդ ժամանակաշրջանի բենգալական խոհանոցից և սովորույթներից: 
 
Սթիվենսոնը համոզված է՝ այդ ամենը չէր կարող պարզ համընկնում լինել: Սա, ըստ գիտնականի, շատ նման է այն բանին, ասես աղջկա մարմնում այլ անձնավորություն է բնակություն հաստատել: Սակայն սոսկ դրանով կատարվածը բացատրել հնարավոր չէ: Ի վերջո գիտնականը եկել է եզրակացության, թե Հուդար-Շարադայի դեպքը ավելի շատ առնչվում է քսենոգլոս երևույթի հետ (երբ մարդը հանկարծ սկսում է խոսել երբևէ չսովորած լեզվով): Նշանակում է՝ խոսքն ավելի շուտ մոլագարության, քան թե վերաբնակեցման մասին է: 
 
Իր գիտական հաշվետվության մեջ Սթիվենսոնը գրել է.
 
- Շարադան անմարմին անձնավորություն է, ով երբեևէ իրական մարդ է եղել և մահացել է XIX դարասկզբին: Մեկուկես դար անց նա ինչ-որ կերպ տիրել է Ուտարա Հուդարի մարմնին: Սակայն այս գործի ուրիշ մարնրամասներ մեզ համոզում են, որ տվյալ դեպքում վերաբնակեցումը նույնպես տեղ է գտել: Օրինակ, Ուտարան վաղ մանկությունից ինչ-որ պատճառով հետաքրքրություն է զգացել Բենգալիայի և հենց բենգալացիների հանդեպ: Նա դպրոցական տարիներին անգամ փորձել է յուրացնել բենգալերենը: Միանգամայն հնարավոր է, որ Հուդարը, այնուամենայնիվ, Շարադայի վերաբնակեցումն է, սակայն դա ինչ-որ շատ տարօրինակ դրսևորում է ունեցել: Եվ դա եղել է միանգամայն հասուն տարիքում, ահա թե ինչու շատ նման է քսենոգլոսի ներգործությանը: Այսպիսով ստացվում էի շատ անհավատալի բան, որին մենք դեռևս երբեք չենք բախվել: Ընդ որում, այդ երևույթը դեռևս մինչև վերջ ապացուցված չէ: 
 
Այս ամենը շարադրելով՝ esoreiter.ru պարբերականը հիշեցնում է, որ հոգու վերաբնակեցում երևույթի գոյությունը շատ գիտնականներ (հատկապես ակադեմիական գիտության ներկայացուցիչներ) ժխտում են: Իսկ այստեղ դրանից առավել երևույթ է՝ վերածնում՝ զուգակցված մոլագարության նշաններով: Ուղղակի՝ հանելուկ հանելուկի մեջ: Կամ գուցե ասենք՝ հավասարում երկու անհայտով: