Ի՞նչ կապ ունի լույսի արագությունը Քեոփսի բուրգի հետ

ԲՈՒՐԳԵՐԸ ԵՐԿՐԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑԵԼ ԵՆ ՈՉ ԹԵ ՄԱՐԴԻԿ, ԱՅԼ՝ ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆՆԵՐԸ

Եգիպտական բուրգերի առեղծվածը մարդկանց հանգիստ չի տալիս: Արդեն քչերն են հավատում, թե դրանք կառուցվել են մեկ-երկու տասնամյակում՝ ստրուկների աշխատուժի և մի քանի հազար տարի առաջվա տեխնիկական պարզագույն միջոցների կիրառմամբ: ՈՒ մանավանդ՝ թե դրանք նախատեսված են եղել որպես դամբարաններ փարավոնների համար:
 
Մեր օրերում ավելի ու ավելի համառորեն են հնչում կարծիքներ, թե միայն արտերկրյա քաղաքակրթությունները կարող էին բուրգերի ու Սֆինքսի նման կառույցներ ստեղծել:
 
Մինչ բուգերի «հեղինակային իրավունքը» վիճարկում են պաշտոնական գիտության ներկայացուցիչներն ու ՉԹԱ-ների ուսումնասիրությամբ զբաղվողները, ի հայտ են գալիս փաստեր, որոնք շատերին հիմք են տալիս պնդելու՝ բուրգերը երկրի վրա կառուցել են ոչ թե մարդիկ, այլ այլմոլորակայինները: Համենայնդեպս՝ գոնե աշխարհի յոթ հրաշալիքների թագուպսակ Քեոփսի բուրգը: Մասնագետներին նման պնդումների հիմք տվել է այնպիսի մի համընկնում, որը շատերի կարծիքով չէր կարող պատահականություն լինել: 
 
Այն, որ Գիզայի բուրգերն աստղագիտական ինչ-ինչ տվյալներ են արտացոլում, այդ մասին վաղուց է խոսվում: Դրանք հատկապես առնչում են Օրիոնի (Հայկի) համաստեղության հետ: Այժմ մասնագետները ցնցող փաստ են բացահայտել, որը կարող է նշանակել՝ Գիզայի մեծ բուրգը կառուցել են հենց այլմոլորակայինները, այլ ոչ թե մարդիկ:  
 
Ամենաարտառոցն այն է, որ տվյալ գաղտնիքի բանալին վաղուցվանից է գիտնականների  աչքի առջև, սակայն դրան միայն վերջերս են ուշադրություն դարձրել, այն էլ՝ միանգամայն պատահաբար: Նկատել են ու մնացել ափիբերան: Բանն այն է, որ Քեոփսի առեղծվածային բուրգը  տեղադրված է հյուսիսային լայնության 29.9792458 աստիճանի վրա: Կարծես թե ոչնչով աչքի չընկնող թիվ է: Բայց մի՞թե պատահականություն է, որ լույսի արագությունը ուղիղ 299792458 մ/վ է՝ թվերի ճիշտ նույն հաջորդականությունը: Բազմաթիվ հետազոտողներ պնդում են, որ պատահականության տարբերակը բացառվում է: 
 
Արդի մարդկությունը լուսային ճառագայթների շարժման արագությունը ճշգրտել է միայն 1950թ.: Ստացվում է՝ մոտավորապես 4500 տարի առաջ աշխարհի առաջին հրաշալիքը կառուցել են նրանք, ովքեր լավագույնս տիրապետել են գիտական այդ փաստին: Հետևությունը ծնվում է ինքնին՝ Քեոփսի բուրգի տեղադրության վայրն ընտրվել է այս մեծությանը համապատասխան, և դա արել են բարձրագույն բանականության կրողները: 
 
Բազմաթիվ հետազոտողներ համոզված են, որ խոր հնադարում տեխնոլոգիապես զարգացած եկվորները այցելել են Եգիպտոս և կառուցել են բուրգերը (տեղեկացնում է esoreiter.ru-ն): Այլմոլորակայիններին այդ ժամանակ համարել են երկնքից իջած աստվածներ և նրանց մշտապես պատկերել են կրոնական նկարներում և արվեստի գործերում: Օրինակ՝ հինեգիպտական շատ նկարներում պատկերված են արտասովոր էակներ և նրանց ֆանտաստիկ թռչող սարքերը: 
 
Այս ամենը, իհարկե, կարող է այլ բացատրություն նույնպես ունենալ: Շատ է խոսվում նաև այն մասին, որ Երկրի վրա մերից առաջ այլ քաղաքակրթութուններ ևս եղել են, որոնք կործանվել են: Եթե հավատանք ամբողջ աշխարհում տարածված տարբեր զրույցների ու ասքերի, մենք հինգերորդ և ամենացածր մակարդակի քաղաքակրթության կրողներն ենք: Իսկ դատելով այն ամենից, ինչ այսօր աշխարհում կատարվում է՝ այնքան էլ հեռու չենք հերթական կործանումից: Այնպես որ՝ չի բացառվում, որ բուրգերը կառուցել են մեզնից առաջ երկրի վրա ծաղկող քաղաքակրթությունների ներկայացուցիչները, իսկ մեզ հասել են դրանց սոսկ ֆիզիկական մարմնավորումները: Դրանց իսկական էությունները մնացել են գաղտնիքի թանձր քողով ծածկված, որոնք քիչ առ քիչ բացվում են ու ապշեցնում: