Գունագեղ քարերի անեծքը

Շատերն են օտար երկրներում տարվում այսուայնտեղ թափված քարերի կախարդական գեղեցկությամբ և դրանք տուն են բերում, որպեսզի միշտ հիանան և հաճելի հուշերին տրվեն: Իսկ երբ դրանից հետո նրանց գլխին սկսում են դժբախտություններ թափվել, չեն էլ ենթադրում, թե պատճառը կարող է աչք շոյող այդ քարերի սև ուժը լինենլ:
 
Երկու նման դեպք՝ մեկը բարեհաջող ելքով, մյուսը՝ ողբերգական, ներկայացրել է esoreiter.ru կայքը: Իսկ այս պատմություններից եզրակացություն անել ամենը մեկը կարող է յուրովի՝ ելնելով սեփական փորձից ու գիտելիքներից:
 
Անցած դարավերջին Իտալիայում մի զորեղ պայծառատեսի է դիմել Վինչենց Գրասի անունով խոշոր ձեռնարկատերը  և խնդրել է իր ընտանիքն ազատել անեծքից: Նա ոգեմիջնորդ   կնոջը պատմել է, որ իր խաղաղ ու երջանիկ ընտանիքի գլխին վերջին ժամանակներում աղետներն սկսել են թափվել՝ ինչպես առատության եղջյուրից: Նախ դուստրն է հեծանիվից ընկել և մեջքի այնպիսի վնասվածք ստացել, որ հաշմանդամի բազկաթոռից վեր կենալ չի կարողանում: Որդին ընկել է ինչ-որ քայքայիչ աղանդի ցանցը և ծնողներին կողոպտելով՝ տնից փախել: Սլացիկ կազմվածքով ու սննդակարգին խիստ հետևող կինն սկսել է արագ գիրանալ և արդեն 300 կգ է կշռում: Ի լրումն այս ամենի՝ ձախ են գնում նաև ընկերության գործերը, և գործարարը սնանկացման եզրին է:  
 
Այս ամենի համար Գրասին այլ բացատրություն չի գտել, քան իր ընտանիքի բարօրությանը նախանձող հարևանների չար աչքի ազգեցությունը: Պայծառատեսը, զերծ մնալով հապճեպ եզրակացությունից, որոշել է նախ նրանց բնակարանում լինել: Հսկայական առանձնատան մուտքին ոտք դնելով՝ սարսափի է մատնվել: Ներսում այնպիսի սև էներգիա է ծանրացած եղել, ասես սպանդանոց է: Իսկ այդ սև ուժի աղբյուրը նա հայտնաբերել է ընտանիքի դստեր ննջարանի սեղանին: 
 
Այնտեղ ցրված են եղել ապշեցուցիչ ձևերի և զարմանահրաշ գույների քարեր, որոնց մասին հայրը պատմել է, թե դուստրը Հարավային Ամերիկայում ճամփորդությունից է բերել: Դրանք թափված են եղել Բոլիվիայի մի  գյուղամիջում, նա էլ որոշել է հավաքել ու տուն բերել: Ոգեմիջնորդը պարզաբանել է, թե դրանցից ինչու է բացասական էներգիա հորդում: 
Պարզվում է՝ լատինամերիկյան գրբացները նման քարերի հրապուրիչ արտաքին տեսքն օգտագործում են մոգական ծեսեր իրականացնելու նպատակով: Քարերն ինքնին էներգիայի հիանալի փոխանցողներ են, ուստի «կախարդներն» այնտեղ են ուղղում եղած ամբողջ բացասականը, օրինակ՝ իրենց հաճախորդների հիվանդությունները: Այդ ամենին լավատեղյակ տեղացիները շրջանցում են դրանք հնարավորինս հեռվից: Որոշ քարերի բացասական էներգիան ի զորու է անգամ իրենց ներգործության ներքո հայտնված գնացքներ ու ինքնաթիռներ կործանել: 
 
Գրասիի ընտնիքին փրկել է պայծառատս կինը, որ քարերը բնակարանից հեռացնելուց հետո տունն ամբողջովին մաքրել է նրանց չար ուժից, որից հետո նրա դուստրն սկսել է քիչ-քիչ քայլել, որդին ուղղվել ու տուն է վերադարձել, կինը նիհարել է վերստացել իր հրապուրիչ տեսքը, ընկերության գործերն էլ սկսել են բարվոքվել: 
 
Իսկ ահա Նորվեգիայի 20-ամյա բնակչուհու պատմությունը ողբերգական ավարտ է ունեցել: Սիլիվիա Քրիստինսենը մի քանի տարի առաջ արձակուրդին Մարքիզյան կղզիներ է գնացել: Հյուրանոցի մոտակայքում արծաթավուն նախշերով մի հրաշալի նարնջագույն գետաքար գտնելով՝ այն իր հետ Նորվեգիա է տարել: Քարի գերբնական հատկություններն սկսել են երևալ հայրենիքում հայտնվելու հենց առաջին օրը՝ փողոցում նրան թալանել են:
 
Այնուհետև դեպքերը զարգացել են ամենասև հաջարդականությամբ: Մեծ գումարի կորստի պատճառով աղջկա հայրացուն նրան այնքան է ծեծել,որ Սիլվիան կոտրվածքներով հիվանդանոց է ընկել, ինքը՝ բանտ: Ապաքինվելուց հետո աղջիկը ցանկացել է տաքսիով տուն հասնել, սակայն վարորդը նրան քաղաքից դուրս է տարել, բռնաբարել և սպառնալով, թե ոստիկանություն դիմելու դեպքում հաշվեհարդար կտեսնի՝ հեռացել: Մեկ ամիս անց աղջիկն իմանում է, որ հղի է, բացի այդ՝ սիֆիլիս է ձեռք բերել, և վիճակն ուղղակի անմխիթարական է: Սիլվիան իրավիճակից այլ ելք չի տեսել, քան կյանքին վերջ տալը՝ խոհանոցի գազօջախի ծորակները բացելով:   
 
Նման պատմություններ, ասում են, շատ կան: Բայց կան նաև քարերի փրկարար հատկությունները մատնանշող պատմություններ: Դրանցից մեկը տարածվեց Ֆուկուսիմայի աղետի օրերին: Մի աղջիկ պատմել է, որ դրանից առաջ ինքը գնացել է զբոսաշրջային գործակալություն, ոպեսզի միանա Ճապոնիա մեկնող խմբի արշավին, սակայն փաստաթղթերն ստորագրելու պահին մատի մատանու թանկարժեք քարը կոտրվել է: Դա նախանշան համարելով՝ աղջիկը հրաժարվել է ճամփորդելու մտքից: Հետագայում պարզել է, որ այդ նույն խումբը՝ մինչև վերջին մարդը, զոհ է գնացել ցունամիի ալիքներին: 
 
Գուցե այն հանգամանքը, որ մարդիկ թանկարժեք ու պարզապես գեղեցիկ քարերը որպես զարդ են օգտագործում, նո՞ւյնպես գերբնական իմաստ ունի: 
 
Ամեն դեպքում՝ երևի պետք է աչքի առաջ ունենալ «ամեն փայլուն բան ոսկի չէ» իմաստուն խոսքը և չփորձել կյանքը զարդարել օտար աշխարհների գունագեղ քարերով: