Նախանշան Սուրբ Պետրոսի տաճարում

ԴԱ ԻՍԿԱՊԵ՞Ս ՆՇԱՆ Է ԵՎ ԻՆՉ-ՈՐ ԲԱ՞Ն Է ԳՈՒԺՈՒՄ

Երեկ «Ավանգարդն» անդրադարձել էր Հռոմի պապ Ֆրանցիսկոսի աղմկահարույց հարցազրույցին, որում հովվապետը հայտարարել էր, թե դժոխք գոյություն չունի, իսկ չապաշխարող մեղավորների հոգիներն ուղղակի անմահությունից զրկվում և անէանում են: Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ դրան Վատիկանում վատ նախանշան է հաջորդել:
 
Համաշխարհային ԶԼՄ-ներն իսկույն աշխարհով մեկ տարփողել են թե՛ Ֆրանցիսկոսի պնդումը, թե՛ նախանշանի հայտնվելը: Չէ՞ որ նման պնդման հեղինակը ոչ թե ինչ-որ աղանդավոր է, այլ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը, և նրա խոսքերից հետո հավատացյալների միլիարդանոց համայնքն ու բազմաթիվ քահանաներն ուղղակի սարսափի են մատնվել:  
 
Պապի բարձրագոչ հայտարարությունից բառացիորեն ժամեր անց, ինչպես պնդում են լրագրողները, Սուրբ Պետրոսի բազիլիկ եկեղեցու գմբեթից հանկարծ սվաղ է թափվել: Հատկանշական է, որ դա տեղի է ունեցել կաթոլիկական Զատկին նախորդող՝ Չարչարանաց ավագ շաբաթվա ընթացքում, երբ տաճարը լի է եղել հավատացյալներով և ակնկալվում է, որ այս օրերին նրանց հոսքը Վատիկանում  5 միլիոնի կհասնի: Ընդ որում՝ սվաղը թափվել է հենց եկեղեցու գլխավոր մուտքի կողմից, և ստիպված են եղել այն արագ փակել:
 
Ասում են՝ աշխարհում պատահական ոչինչ չի լինում: Իսկ երբ խոսքը Ֆրանցիսկոս պապին է վերաբերում, ապա նման անհաճո նախանշանը Վատիկանին ոչ մի լավ բան չի խոստանում: Հետաքրքիր է, եթե Պապի այդ հայտարարությունը չլիներ, սվաղը չէ՞ր թափվելու… 
 
Համենայնդեպս՝ դա որպես նախանշան ընկալվել, և լրագրողները հիշել են երեք տարի առաջ տեղի ունեցած դեպքը, երբ Ֆրանցիսկոս պապը ճերմակ աղավնիներ է երկինք արձակել և Ուկրաինային մաղթել խաղաղություն ու բարգավաճում: Երկնքում ուղղակի հրաշքով ագռավ ու ճայ են հայտնվել և հարձակվել աղավնիների վրա: Այն հանգամանքը, որ այսօր Ուկրաինայում ո՛չ խաղաղություն կա, ո՛չ էլ բարգավաճում, կարծես թե հուշում է, որ աղավնիների հետ կապված միջադեպը պապական մաղթանքի համար վատ նախանշան էր:  
 
Ո՞վ կարող է հաստատապես պնդել, թե եկեղեցու առաստաղի ծեփը պոկվել է այն պատճառով, որ Հռոմի պապն անդրշիրմյան կյանքի մասին այդքան ազատ է արտահայտվել: Մենաբանները, սակայն, մատնանշում են, որ դա տեղի է ունեցել պապի աղմկահարույց խոսքերից անմիջապես հետո և  հենց Չարչարանաց ավագ շաբաթվա օրերին, ուրեմն պետք է վատ նշան համարել և նախազգուշացում, որ անախորժությունների, իսկ գուցե և իսկական փորձությունների Վատիկանում պետք է սպասել արդեն մոտ ապագայում: