Ըստ Հռոմի Պապի՝ դժոխք գոյություն չունի

«ՀՌՈՄԻ ՊԱՊ. ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԼԻՆԵԼՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԵԾ ՊԱՏԻՎ Է»

Աշխարհի կաթոլիկների առաջնորդ Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի գահին բազմելուն պես մի տեսակ հեղափոխական պահվածք դրսևորեց: Ընդգծվում է հատկապես նրա համեստ վարքուբարքը: Սակայն այն, ինչ նա ասել է իր գահակալության 5-ամյա տարեդարձից մեկ շաբաթ անց՝ այս տարվա մարտի վերջին, իսկական աղմուկ է բարձրացրել:
 
Ֆրանցիսկոս Պապը աղմակահարույց ասուլիս է տվել իր բարեկամ և ընթերակա Եվգենիո Սկալֆարիին (Eugenio Scalfari)՝ հայտարարելով, թե դժոխք գոյություն չունի: Հարցազրույցը հրապարակել են La Repubblica պարբերականը, ինչպես նաև կաթոլիկ եկեղեցու և Վատիկանի վերաբերյալ նյութերով մասնագիտացված Rorate Caeli հանդեսը: Ըստ էության, Նորին սրբությունը 2000 տարում առաջին անգամ հարցականի տակ է առել կաթոլիկական եկեղեցու ուսմունքը և հավատացյալների հոգում կասկածներ առաջացրել երկու շատ կարևոր գաղափարների վերաբերյալ: Դրանցից մեկը մեղավորների համար դժոխքի իրական լինելն է, մյուսը՝ մարդկային հոգու անմահությունը: 
 
Հարցազրույցի վերնագիրն իսկ բավական բարձրագոչ է՝ «Հռոմի Պապ. հեղափոխական լինելն ինձ համար մեծ պատիվ է»: Այստեղ մեջ է բերվում այդ ընդարձակ հարցազրույցի համապատասխան հատվածը, որը հրապարակել է ռուսալեզու esoreiter.ru կայքը: Որքան էլ սա միջնորդավորված թարգմանություն է, այդուհանդերձ ոչ մի կասկած չի մնում, թե ինչի մասին է խոսել Հռոմի պապը: Պարբերականը նշում է, թե մեջբերումը համարյա բառացի է՝ «մի փոքր կրճատված»:
 
ԵՎԳԵՆԻՈ ՍԿԱԼՖԱՐԻ.
- Ձերդ սրբություն, դուք շատ անգամ եք ինձ ասել բարի հոգիների մասին, որոնց սպասում է հավերժական կյանքը, սակայն գործնականում ոչինչ չեք հաղորդել մեղավորների մասին, որոնք կաթոլիկակական եկեղեցու ուսմունքի համաձայն՝ պետք է ուղիղ դժոխք ուղարկվեն և այնտեղ տառապեն նույնպես հավերժ:  Ուրեմն, ի՞նչ կասեք մեղավորների մասին: Ի՞նչ է սպասում այդ հոգիներին: 
 
ՖՐԱՆՍԻՍԿՈՍ ՊԱՊ.
- Եթե մեղավորի հոգին ապաշխարի, ապա նա անպայման կարժանանա Բարձրյալի ներումին, որն անհունորեն ողորմած է: Նշանակում է՝ Աստծուց ներում ստացած հոգին նույնպես կապրի հավերժ: Սակայն չզղջացող հոգիները ներում ստանալ չեն կարող, այդ պատճառով նրանք ուղղակի կանէանան, քանի որ ոչ մի դժոխք գոյություն չունի: 
 
Պապի այս խոսքերը, անշուշտ, շփոթություն են առաջացրել ոչ միայն կաթոլիկների շրջանում, որոնց թիվն ամբողջ աշխարհում 1 մլրդ 147 հազար է (2007թ. տվյալներով): Առնվազն քրիստոնական մյուս եկեղեցիների հետևորդները նույնպես մոլորվել են: Չէ՞ որ մահից հետո դժոխքում հայտնվելու և գործած չարիքների համար տառապանքով հատուցելու վախը շատերին է զսպում: Տարբեր կրոններ անդրշիրիմյան կյանքի վերաբերյալ յուրովի վերաբերմունք ունեն, օրինակ հինդուականությունն ու բուդդայականությունը քարոզում են, որ մահից հետո մարդու հոգին վերամարմնավորվում է ըստ նախորդ կյանքում  թույլ տված արարքների:  
 
Այսպիսով՝ Ֆրանցիսկոս Պապը մեղավորներին «ազատում» է տառապանքներից, սակայն «դատապարտում» է իսպառ վերացման: Հավատացյալի համար ո՞րն է ավելի սարսափելի, թերևս յուրաքանչյուր անհատ պետք է ինքն իր համար ճշտի: Իսկ esoreiter.ru կայքն այդ ամենն այսպես է մեկնաբանում. 
 
- Սա (հոգու վերաբնակեցումը) շատ ավելի իմաստուն աստվածային գործիք է թվում, քան քրիստոնեական ուսմունքի առասպելական դրախտն ու դժոխքը, որոնցով արդեն 2000 տարի իր ծխականներին ահաբեկում է կաթոլիկ եկեղեցին:  Մի՞թե արդեն նրա վերնախավում էլ են սկսել հասկանալ մարդկանց այդպես ահաբեկելու միամտությունն ու անգամ չարդարացված դաժանությունը: 
 
Պաշտոնական գիտությունները, իհարկե, ժխտում են անդրշիրիմյան կյանքի գոյությունը: Սակայն մեր ժամանակներում բժշկության տրամադրության ներքո զարմանահրաշ միջոցներ կան, որոնցով նորանոր բացահայտումներ են արվում: Գուցե կույր հավատի փոխարեն մարդիկ փորձեն առաջնորդվել տրամաբանությամբ ու գիտությա՞մբ, կամ հուզող հարցերի պատասխանները փնտրեն ավելի անչառ աղբյուրներո՞ւմ, քան կրոններն են: