Զոհված երեխաները հրեշտակներ են դառնում

ՆՐԱՆՔ ԾԻԾԱՂՈՎ ԷԻՆ ՀՐԱԺԵՇՏ ՏԱԼԻՍ

Այս օրերին Ռուսաստանը սգում է Կեմերովոյի առևտրա-ժամանցային «Ձմեռային բալ» կենտրոնում հրդեհի զոհեր դարձածների և հատկապես երեխաների մահը: Կատարվածը առիթ է դարձել, որ «Վրեմյա» լրատվական ծրագրի հաղորդավարուհի Եկատերինա Անդրեևան հետաքրքիր մի պատմություն վերհիշի:

 

- Այս զարմանահրաշ պատմությունը տեղի է ունեցել 2002 թ. հուլիսի 1-ին: Այնժամ մեր երկիրը նմանատիպ մի ողբերգություն էր ապրում. Բոդենի լճի վերևում բախվել էին երկու ուղևորատար օդանավ, ինչի հետևանքով զոհվել էր 71 մարդ, որոնցից 52-ը երեխաներ էին: Մեր ուղիղ եթերում ռեպորտաժ էր հեռարձակվում վթարի վայրից, որի ժամանակ մեր թղթակիցը պատմում էր այդ սարսափելի ողբերգության մասին: Հանկարծ ... բառացիորեն բոլոր կողմերից մանկական ծիծաղ հնչեց, և այնքան մաքուր ու զրնգուն, որ խլացրեց ստուդիայի անցուդարձը: Այն լսում էին բառացիորեն բոլորը, ովքեր այդ պահին հեռուստացույց էին դիտում, այդ թվում նաև հեռուստաընկերության աշխատակիցները: Այդ պահին իմ  շունչը սկսեց կտրվել, և հուզմունքից սիրտս սկսեց արագ բաբախել. ես հասկացել էի, թե իրականում ինչ է կատարվում: Ստուդիայում ոչ մի երեխա չկար. կործանված ինքնաթիռներում զոհված տղաները և աղջիկներն էին ծիծաղում, փոքրիկ հրեշտակներն այդպես հրաժեշտ էին տալիս մեզ: Հրաժեշտ էին տալիս ոչ թե լացով, այլ ծիծաղով՝ ցույց տալով, որ կյանքը հավերժ է, իսկ մահ, որպես այդպիսին՝ չի կարող լինել սկզբունքորեն ...

Եկատերինա Անդերևան հավելել է նաև, որ ինչպես հետո է պարզվել՝ ամենքին լսելի եղած մանկական այդ ծիծաղը ձայնագրություններում չի եղել, այն չեն որսացել ու չեն կարողացել ձայնագրել ժամանակակից հեռուստատեսային սարքավորումները, սակայն ստուդիայի աշխատակիցները, հեռուստադիտողները լսել են այն:

Հեռուստահաղորդավարուհին անձամբ մինչ օրս հիշում է փոքրիկ հրեշտակների մաքուր ծիծաղը, որն ամենադժվարին պահերին օգնում է հասկանալ, որ մահ չկա, որ նման ողբերգությունները պատահականություններ չեն՝ թեև դրանցից քիչ երեխաներ չեն տուժում:

Այսուհանդերձ, կորստի դառնությունը զոհվածների հարազատները կրում են ողջ կյանքում, իսկ այս և հանդերձյալ կյանքում խաղաղ ճախրելու մասին մյուս պատմությունները մխիթարանք են՝ փոքրիշատե մեղմելու ապրողների հոգու ցավը: