Երկիրը՝ մոլորակ-կալանավայր

ՍՏԱՑՎՈՒՄ Է՝ ՄԵՐ ՄՈԼՈՐԱԿԸ ԴԺՈԽՔՆ Է ԿԱՄ ՔԱՎԱՐԱ՞ՆԸ

Հետաքրքիր մի վարկած կա, թե մարդկությանը «Երկիր են իջեցրել» այլմոլորակային ինչ-որ չար ուժեր՝ մոլորակի վրա հատուկ էկրան տեղադրելով: Եվ էներգետիկ այդ արգելապատն այժմ մի կողմից թույլ չի տալիս հաղորդակցվել Տիեզերքի տեղեկատվական դաշտին՝ փակելով ճշմարիտ տեղեկությունները, մյուս կողմից՝ անհնարին է դարձնում Արարչի հետ անմիջական կապը:
 
Ըստ esoreiter.ru-ի մի հրապարակման՝ քանի որ այս հումանոիդ (բանական արարածներ) այլմոլորակայինները սնվում են տառապանքի կեղտոտ էներգիայով՝ այդպիսի էկրանի տեղադրումից հետո մարդկանց  առաջարկել են հնարավոր բոլոր կրոններն ու քրմերի ծառայությունները, որոնց մեծ մասն ըստ էության պայքարել է հանուն մեկ նպատակի՝ մարդկությանը պահել անգիտության ճիրաններում և Երկրի վրա ստեղծել հնարավոր բոլոր տառապանքներն ու արյունահեղություններ: Հենց սրա հետևանքը կարելի է համարել բոլոր պատերազմները, հեղափոխությունները, բանտերը, խոշտանգումներն ու համակենտրոնացման ճամբարները: Նույնիսկ՝ ճգնաժամերը, աղքատությունը, սովը և այլն:
 
Դրա հետևանքն է նաև պայքարն այլախոհության և հատկապես մոգության ու հմայությունների դեմ: Ոչ թե աճպարար-գուշակների, այլ իրական մոգերի դեմ, ովքեր կարողանում են ճեղքել տիեզերական էներգետիկ շրջափակումը և յուրահատուկ տաղանդով հասու լինել ճշմարտությանը: Ահա թե ինչու Միջնադարում վհուկներին այրում էին խարույկների վրա. Ոչ այն պատճառով, որ նրանք կախարդում կմ բուժում էին, այլ՝ որովհետև թույլատրելի չափից ավելի շատ բան գիտեին: Մեր ժամանակներում այդ անհատները հաճախ անհետ կորչում են... 
 
- Ահա թե ինչու լեռներ բարձրացած մարդիկ ասում են, որ բարձրության մեջ գիտակցությունը պայծառանում է (էներգետիկ էկրանի արգելափակումը թուլանում է, զի  հաշվարկված է որոշակի հեռավորության համար): Այդ պատճառով բուդդայական տաճարները միշտ կառուցվել են լեռներում (Աստծուն ավելի մոտ): Ահա թե ինչու տիեզերք հասած աստղանավորդները մի կողմից դառնում են առեղծվածային գաղտնիքի նվիրյալ, իսկ մյուս կողմից՝ անմիջապես հայտնվում են հսկողության ներքո: Ինչպես հասկանում եք, ոչ ոք և երբեք մարդկությանը Երկրից դուրս չի թողնի. դրա  համար նախ պետք է թոթափել բռնությունների բեռը, այնուհետև ոչնչացնել այս էներգետիկ էկրանը, որով մենք անջրպետված ենք,- փաստում են այս տեսության կողմնակիցները:
 
Բայց եթե դա տեղի ունենա, ապա մարդկությունն ակնթարթորեն կվերափոխվի, և այլևս ստիպված չի լինի այլ մոլորակներ թռչել, քանի որ մեր Երկրի վրա անհատակ են հրաշալի ու երջանիկ կյանք ստեղծելու հնարավորությունները: Մանավանդ, որ Տիեզերքը (հետևաբար նաև մեր մոլորակը) բոլորովին պարզունակ չէ, ինչպես մեզ ներշնչում են մեր ծննդյան օրից:  
 
Երկրի վերևում էներգետիկ էկրանի գոյության տեսությունը հաստատվում է բազմաթիվ տվյալներով և, առաջին հերթին, հոգևոր անհատների (դիցուք, հին սլավոնական մոգերի, սիբիրյան շամանների, հնդկական ավատարների (եզրույթ հինդուիզմի փիլիսոփայության մեջ, որը սովորաբար գործածվում է, երբ աստվածությունը իջնում է երկիր, նրա վերափոխումը մահկանացուի) և այլն) հայտարարություններով: 
 
Բայց ահա թե ինչն է զարմացնում. ինչո՞ւ է Բարձրյալը թույլ տվել մարդկության ստրկացումը չար ուժերի կողմից: Մի՞թե ճշմարիտ է այն տեսությունը, որ մեր երկիրը բանտ է մեղսագործների համար (կամ նրանց համար, ովքեր ձգտում են արագ կատարելության՝ տառապանքի միջոցով): Այս դեպքում չարակամ այլմոլորակայինները ոչ թե ամենակարող սատանայական ուժ են, այլ միայն Աստծո թողտվություն: Եվ, ամենայն հավանականությամբ, Երկիրն իր այս՝ «ստրուկի վիճակում» կարող է գոյություն ունենալ անսահման երկար ժամանակ, քանի որ այդ բանտից դուրս գալու համար մեզնից յուրաքանչյուրը պետք է փոխի ինքն իրեն, այլ ոչ թե  փորձի կոտրել պատերը: Երբ մենք ազատ դառնանք հոգով՝ անմիջապես մեզ ազատ կարձակեն...
 
Ստացվում է՝ մարդկանց մոլորակը դժոխքն է, կամ դեպի դրախտ տանող քավարանը: Սակայն այնտեղ մաքրվելու «եկած» մահկանացուները հետզհետե ավելի են ծանրացնում սեփական մեղքերի բեռը՝ ինքզինքը դատապարտելով հավերժական կալանքի: