Այլմոլորակայինի գերեզմանը՝ ուֆոլոգների և զբոսաշրջիկների ուխտավայր

ԱՆԲԱՑԱՏՐԵԼԻ Է, ԲԱՅՑ՝ ՓԱՍՏ

Ոմանք հավատում են, որ այլ մոլորակներում քաղաքակրթություններ են զարգանում, ու դրանց ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ Երկիր են գալիս: Ուրիշները համոզված են, որ տիեզերքից եկած հյուրերը հեքիաթի ու ֆանտաստիկայի ժանրերից են, և ամենայն առեղծվածային երկրային բացատրություն ունի: Այսուհանդերձ՝ աշխարհի տարբեր վայրերում դիտվել ու դիտվում են երևույթներ, որոնց համար առայժմ «երկրային» բացատրություն չեն գտել, ուստի ամենահավանականն է համարվում «եկվորների» վարկածը:

Այսպես՝ արդեն 121 տարի ԱՄՆ Թեքսաս նահանգի Ավրորա փոքրիկ քաղաքում է գտնվում մի առեղծվածային գերեզման: Պատմում են, որ այդ քաղաքում 1897թ. ապրիլի 17-ին «թռչող ափսե» է կործանվել: Ականատեսների պատմելով՝ տեղի ագարակատերերից մեկի հողմաղացին է բախվել չճանաչված թռչող առարկա և հայտնվել գետնին: Ապշած քաղաքացիները մոտեցել են այդ աներևակայելի օդանավի բեկորներին և դրանց մեջ նկատել կարճահասակ մոխրագույն հումանոիդի մարմին: Իրար հետ խորհրդակցելով՝ աստվածավախ ամերիկացիները եկվորին քրիստոնեական կարգով հուղարկավորել են տեղական գերեզմանատանը (տեղեկացնում է esoreiter.ru պարբերականը):

Այդ օրից, ասում են, այնտեղ սկսել են արտասովոր բաներ կատարվել: Նախ առեղծվածային ձևով անհետացել են մոտակա ջրհորը նետված օդանավի բեկորները: Շիրիմին տեղադրված անմշակ տապանաքարին հայտնվել է երեք լուսանցույց ունեցող թռչող ափսեի փորագրանկարը: Ոչ ոք չգիտի՝ ո՞վ է այդ եզակի ստեղծագորոության հեղինակը: Ապացուցված փաստ է, որ գերեզմանի շուրջը՝ մի քանի մետր շառավղով, բուսականությունը սովորականից եռակի արագ է աճում: Հաստատվել է, որ այնտեղ երբեմն կարճ ժամանակով դեպի ձախ են շարժվում քարերն ու ավազը, ծառերի ճյուղերը, անգամ խոշոր հողագուղձերը: Շատ անգամ է նկատվել, որ գիշերները շիրիմի վրա հայտնվել է կապտավուն լույս, որը հողի մակերևույթից ոչ բարձր մի քիչ անշարժանալով՝ արագ վեր է սլանցել: Մարդիկ ասում են, թե արտերկրային քաղաքակրթության հանգուցյալ ներկայացուցչի հայրենակիցներն են այցի գալիս նրա շիրմին:

Քաղաքի բնակիչներն ու այցելուները լավ նախանշան են համարում հանելուկային տապանաքարին մետաղադրամ թողնելը՝ որպես զոհաբերություն: Իսկ տապանաքարը մի քանի անգամ անհետացել ու վերստին նույն տեսքով հայտնվել է իր տեղում: Առաջին անգամ տեղացիները շատ են հուզվել՝ մտածելով, թե ինչ-որ սրիկա իրենց քաղաքի ուֆոլոգիական թանկարժեք  մասունքը տարել է որպես հուշանվեր: Տապանաքարի խորհրդավոր անհետացումները մինչև օրս շարունակվում են: Ոչ ոք չգիտի՝ ինչո՞ւ է այդպիսի բան կատարվում, սակայն դրա շնորհիվ ավելի է զորանում հավատը շիրիմի հրաշքների ու հենց տապանաքարի նկատմամբ:

Այսպես թե այնպես, այլմոլորակայինի ենթադրյալ շիրիմը համարվում է ուֆոլոգների երկրպագության վայր, որը բուռն կերպով ձգում է թե՛ անսովոր տեսարժան վայրեր փնտրողներին, թե՛ սովորական հետաքրքրասերներին: Իսկ ՉԹԱ-ների և Ավրորայում եկվորի հուղարկավորության հանելուկները մինչև օրս զբաղեցնում են ամենատարբեր հետազոտողների միտքը: Անցած 120 տարում ոչ ոք չի համարձակվել «կանաչ մարդուկի» մարմինը գերեզմանից հանել, որպեսզի զննի:

Կործանված այդ թռչող սարքը, պարզվում է, Ավրորայում միակ նկատվածը չի եղել: Ընդհանրապես 1897թ. մարտ-ապրիլ ամիսներին նահանգում 100-ավոր չճանաչված թռչող առարկաներ են դիտվել: Զարմանալին այն է, որ այդ ամենն ակնթարթորեն ավարտվել է Ավրորայի միջադեպով՝ կարծես սա դարձել է այդ «այլմոլորակային արշավի» տրամաբանական ավարտը:

Նույն տարվա մայիսին դադարել են այսպես կոչված «տեխասային օդանավերի» այցերը և միայն մոտավոր ենթադրություններ կարելի է անել դրանց մասին: