Մարսի վրա կյանքի մասին տեղեկատվությունը թաքցվել է

ԳԻՏՆԱԿԱՆԸ ՄԵՂԱԴՐԵԼ Է ՆԱՍԱ-ԻՆ

Ամերիկյան ազգային տիեզերական գործակալության դեմ ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել գեոմանրէաբան Բարրի Դիգրեգորիոն՝ բրիտանական Բուկինգհեմի համալսարանից:
 
Գիտնականը պնդում է, որ «Կյուրիոսիտի» սարքի օգնությամբ ՆԱՍԱ-ի աշխատակիցները վերջերս կյանքի հետքեր են հայտնաբերել Մարսի վրա, բայց գերադասել են կա՛մ դա ուսումնասիրել համաշխարհային հանրությունից գաղտնի, կամ՝ ընդհանրապես չուսումնասիրել (esoreiter.ru):
 
Առժամանակ առաջ Դիգրեգորիոն հայտարարել էր, որ այլմոլորակային հանքապարի վրա նշանավոր մարսագնացի հայտնաբերած տարօրինակ «ձողիկները» կասկածելիորեն հանածո օրգանիզմների գորյության հետքեր են հիշեցնում: Նմանատիպ հետքեր կարելի է գտնել Երկրի վրա, և այստեղ դրանք վերագրվում են օրդովիկյան ժամանաաշրջանին (պալեոզոյան դարաշրջանի երկրորդ շրջանը, որը սկսվել է մոտ 485 մլն տարի առաջ): Բրիտանացին տարակուսում է, թե ինչո՞ւ են ամերիկացիները հրաժարվում ստուգել այս տեսությունը: Նա «Metro» թերթի լրագրողներին ասել է.
 
- NASA- ն ունի Կարմիր մոլորակի վրա կյանքի ուսումնասիրությունից խուսափելու երկար պատմություն: Այն սկսվել է առնվազն 1976 թ.-ին, երբ «Վիկինգ 1» սարքը թռավ Մարս: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ մինչ օրս այնտեղ չի ուղարկվել կենսաբանական կյանք որոնող ոչ մի հատուկ սարք: Որովհետև NASA- ն արդեն այնտեղ հայտնաբերել է բազմաբջիջ օրգանիզմներ: Այստեղից ծագում է  մեկ ուրիշ հարց՝ ինչո՞ւ ամերիկյան գիտնականները չեն ցանկանում մարդկությանը հաղորդել այս սենսացիոն նորությունը: Ես կարծում եմ, որ պատճառը փողն է: Գործակալությունը միլիարդավոր դոլարներ է ստանում՝ Մարսի վրա քարեր ու հող հավաքելու համար: Եթե բոլորը գիտենան, որ այնտեղ  շատ ավելի հետաքրքիր առարկաներ կան, NASA- ն պարզապես անաշխատանք կմնա: Ոչ ոք գիտնականներին թույլ չի տա այդ բակտերիաները Երկիր հասցնել: Իսկ մասնագետներին Մարս ուղարկել՝ այնտեղ լաբորատորիա կառուցելու համար, մենք առայժմ չենք կարող, քանի որ չենք հասել անհրաժեշտ տեխնիկական զարգացման:
 
Գեոմանրէաբանը ենթադրում է, որ դրանում մեծ նշանակություն ունի նաև կրոնական նրբին խնդիրը: Ապացուցել, որ մյուս մոլորակներում ևս կյանքը զարգանում է, նշանակում է մարտահրավեր նետել  կրոնական անառարկելի պնդումներին: Իսկ դա կարող է խուճապ սերմանել հասարակության մեջ և իսպառ վերացնել փոխըմբռնումը: