Հայաստանը՝ «հիբրիդային ռեժիմների» շարքում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ «ԷԿՈՆՈՄԻՍՏ ԻՆԹԵԼԻՋԵՆՍ ՅՈՒՆԻԹԻ» ԶԵԿՈՒՅՑՈՒՄ

«Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» բրիտանական հեղինակավոր հետազոտական և խորհրդատվական ընկերությունը հրապարակել է իր ամենամյա հաշվետվությունը ժողովրդավարության վերաբերյալ։ «Ժողովրդավարության ինդեքս-2017» վերնագիրը կրող զեկույցը ներկայացնում է ամփոփ տեղեկատվություն՝ աշխարհի 165 երկրներում և 2 տարածքային միավորներում ժողովրդավարության միտումները նախորդ տարվա ընթացքում։ Ինչպես միշտ՝ զեկույցը տեղեկություններ է պարունակում նաև Հայաստանի մասին։
 
Հիբրիդային ռեժիմ
 
Զեկույցը մի շարք հատկանիշների (ընտրական գործընթացներ և բազմակարծություն, քաղաքացիական ազատություններ, կառավարության գործունեության գնահատական, քաղաքական մասնակցություն և քաղաքական մշակույթ) ուսումնասիրության հիման վրա յուրաքանչյուր երկրի տալիս է 0-10 միավոր: Ընդ որում, 0-ն բացասական ցուցանիշն է, իսկ 10-ը՝ դրականը։ Համաձայն զեկույցի՝ ըստ իրենց կառավարման համակարգի՝ երկրները դասակարգվում են չորս հիմնական խմբի․ «լիարժեք ժողովրդավարություններ» (8-10 միավոր), «թերի ժողովրդավարություններ» (6-8 միավոր), «հիբրիդային ռեժիմներ» (4-6 միավոր) և «ավտորիտար ռեժիմներ» (4 և ցածր միավոր)։ Հայաստանն այս տարի դասակարգվել է «հիբրիդային ռեժիմների» շարքին, այնինչ՝ նախորդ տարի ՀՀ-ն «ավտորիտար ռեժիմների» շարքում էր։ 
 
ՀՀ դիրքի բարելավումը զեկույցի հեղինակներն հիմնավորում են այն հանգամանքով, որ Հայաստանը նախագահական համակարգից անցում է կատարել խորհրդարանականի։ Ընդ որում, 165 երկրների շարքում Հայաստանը 111-րդ տեղում է՝ Պակիստանի (110) և Իրաքի (112) մեջտեղում: Այսինքն, ըստ «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթի»՝ Պակիստանը Հայաստանից ավելի ժողովրդավար է։ Հայաստանից ավելի ժողովրդավար են նաև Նիկարագուան, Թայլանդը, Պաղեստինը և Նիգերը։
 
Ավտորիտարից հինգ պակաս
 
Թեև Հայաստանն այս տարի «ավտորիտար ռեժիմների» շարքում չէ, սակայն, ըստ զեկույցի՝ 2017թ․ ՀՀ ժողովրդավարության հավաքական միավորը 4,11 է, մինչդեռ 4 և 4-ից ցածր միավորների դեպքում երկիրը համարվում է ավտորիտար։ Նախորդ տարի ՀՀ ցուցանիշը 3․88 էր, այսինքն՝ 0,11 միավորի շնորհիվ է, որ այս տարի ևս ավտորիտար համակարգերի շարքին չենք դասվել: ՀՀ ժողովրդավարության հավաքական միավորը ձևավորվել է հետևյալ ենթամիավորների համադրությունից՝ 
Փաստորեն՝ կառավարության գործունեությունը և քաղաքական մշակույթը Հայաստանում ավտորիտար պետության ցուցանիշներ ունեն։ Բարեաբախտաբար, մյուս երեք ենթացուցանիշները մեզ թույլ են տալիս Իրաքից փոքր-ինչ ավելի ժողովրդավար համարվել։ Ուշագրավ է, որ աշխարհի ամենաքիչ ժողովրդավար երկրներից մեկի՝ Սաուդյան Արաբիայի կառավարության գործունեությունը ևս գնահատվել է 2.86 միավոր։ Նմանատիպ ցուցանիշ ունի նաև Լաոսը 
 
Տարածաշրջան
 
Միաժամանակ, Հայաստանից ավելի բարվոք վիճակում են գտնվում Մոլդովան՝ 78-րդ տեղում, Վրաստանը՝ 79, և Ուկրաինան՝ 83, իսկ ավելի վատ վիճակում են Բելառուսը՝ 138, ու Ադրբեջանը՝ 148։ Ընդ որում, ի տարբերություն «հիբրիդային ռեժիմ» համարվող Մոլդովայի, Վրաստանի, Ուկրաինայի և Հայաստանի՝ Բելառուսն ու Ադրբեջանը ավտորիտար համակարգեր են։ 
 
Ուշագրավ է, որ ԵԱՏՄ երկրներից միայն Ղրղզստանն է «հիբրիդային ռեժիմ» և իր 5.11 ընդհանուր ցուցանիշով Հայաստանից ավելի բարձր տեղ է զբաղեցնում ցուցակում։ Մյուս անդամները՝ ՌԴ-ն (3.17 հավաքական միավոր), Բելառուսը (3.13 հավաքական միավոր) և Ղազախստանը (3.06 հավաքական միավոր) բոլորն էլ ավտորիտար համակարգերի շարքում են՝ համապատասխանաբար 135, 138 և 141-րդ տեղերում։ 
 
Այսպիսով, ըստ «Էկոնոմիստ ինթելիջենս յունիթի»՝ Հայաստանն այս տարի գրանցել է փոքրիկ ժողովրդավարական առաջընթաց, սակայն դեռևս չի հասել Պակիստանի ժողովրդավարության մակարդակին, իսկ ՀՀ կառավարությունը գործունեությունը գնահատվել է Սաուդյան Արաբիայի կառավարությանը համարժեք։ 
 
 
Աննա ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ 
«Իրազեկ քաղաքացիների միավորում»