Պարզվում է՝ մաքուր մթնոլորտը պակաս վտանգավոր չէ, քան աղտոտվածը

Նորվեգիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Գերմանիայի գիտնականների միջազգային խումբը եկել է եզրակացության, որ եթե մթնոլորտից հեռացվեն աղտոտող նյութերը, հնարավոր է՝ մոլորակի համընդհանուր տաքացումն ավելի խորանա (տեղեկացրել է Daily Mail-ը):
 
Գիտնականները նախանշել են եղանակային պայմանների համընդհանուր փոփոխության չորս սցենար, որոնք նմանակում են մթնոլորտից օդափոշու (ծծմբային աղի և մրի) անհետացումը: Պարզվել է՝ աղտոտված նյութերը փակում են արևն ճառագայթների մի մասի ճանապարհը, և դրանք Երկիր չեն հասնում: Մթնոլորտում ածխածնի երկօքսիդի արդի մակարդակի պայմաններում վնասակար նյութերի հեռացումը կմեծացնի ջերմոցային ազդեցությունը, քանի որ մթնոլորտն ավելի շատ ջերմային էներգիա կկլանի:  
Այդ գործընթացի հետևանքով մթնոլորտի ջերմաստիճանը Ցելսիուսի 0,5-1,1 աստիճանով կբարձրանա, որն էլ իր հերթին առաջ կբերի այնպիսի տարերային աղետներ, ինչպիսիք են երաշտն ու հեղեղումները:  
 
Գիտնականներից ոմանք առաջարկում են օդափոշին օգտագործել ջերմաստիճանի համընդհանուր բարձրացումը կանխելու նպատակով: Հետազոտության արդյունքներից էլ պարզ է դարձել, որ եթե մրի և մնացած վնասակար նյութերի մթնոլորտ արտանետումը կտրուկ կրճատվի, հնարավոր է՝ տաքացումն առավել արագանա:
 
Երկու դեպքում էլ եղանակային պայմանների փոփոխությունը սպառնում է ուժեղ ջրհեղեղներով, մահաբեր շոգով, սառնամանիքներով և տարերային այլ աղետներով: 
 
Մի խոսքով՝ համընդհնուր տաքացմանն ու դրա աղետաբեր հետևանքներին այլընտրանք չկա. մարդը կամ մաքուր օդ կունենա ու կտառապի առանց արգելքների մթնոլորտ ներխուժող ճառագայթահարումից, կամ առաջվա նման կշարունակի օդն աղտոտել ու նորից կտառապի ջերմաստիճանի բարձրացումից, որի պատճառն այս դեպքում  օդափոշին կլինի: 
 
Մեր օրերում նորարարական հրաշքներ գործող մարդը զարմանալիորեն դեռևս շատ հեռու է մաքուր օդի պայմաններում արևի ավելորդ ճառագայթներից մոլորակը պաշտպանող վահան  ստեղծելու գաղափաից: Դա կարող է այնպիսի թաղանթ լինել, որը  ճառագայթահարումից կպաշտպանի օդափոշուց էլ լավ, իսկ մոլորակի շնչավորները կշնչեն վնասակար նյութերից զերծ օդը, որը երևի այս դեպքում շատ էլ օգտակար կլինի: 
 
Սա գուցե առայժմ չափազանցված երևակայություն թվա, բայց եթե գիտնականների միջազգային խմբի եզրակացությունները ճիշտ են, ապա հնարամիտ մարդը, չի բացառվում, ի վերջո դա իրականություն դարձնի: