Աստվածայինի ու գիտության հատման կետ մեր լեռը

ԱՐԱԳԱԾՆ՝ ՕՏԱՐԻ ԱՉՔԵՐՈՎ

Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռը` Արագածը, դարձել է հանրահայտ National Geographic ամսագրի քննարկման առարկան: Բրիտանացի լուսանկարիչ Թոբի Սմիթի ներկայացրած նախագծում մեր լեռն անվանվել է աստվածային խորհրդանիշ և աստվածայինի ու գիտության հատման կետ:
 
Թոբի Սմիթը Հայաստան է այցելել, որպեսզի պարզի, թե ինչպես է եղանակային պայմանների փոփոխությունն ազդում լեռան մերձակայքում ապրող մարդկանց վրա՝ ներառյալ Բյուրականի աստղադիտարանում աշխատող գիտնականները: Ու բացահայտել է Արագածի մի յուրօրինակ հատկությունը՝ մեր քառագագաթ լեռը միավորում է տարբեր խավի մարդկանց: 
 
- Հովիվներն առնչություն չունեն ֆիզիկա գիտության հետ, իսկ ֆիզիկոսները՝ կրոնական կառույցների: Եվ այդուհանդերձ՝ լեռը բոլորին իրար է կապում,- կարծիք է հայտնել լուսանկարիչը:
 
Որ Արագածն իրոք յուրահատուկ լեռ է՝ վկայում է հենց միայն նրա անվան հետ կապված ավանդությունը: Հիշենք՝ հայոց արքա Արան իր զորքի մեջ ոչ մի վախկոտ զինվոր չտեսնելով՝ անձամբ է կանգնում իր ու թշնամու բանակների միջև տարածվող դաշտում և հսկա լեռան վերածվելով՝ խույս տալիս պարտությունից: Արայի կեցած վայրն այնուհետև կոչվում է Արագած, իսկ լեռան քառածայր գագաթը հիշեցնում է արքայական թագը:  
 
Արագածին ուշագրավ աշխատություն է նվիրել հայագետ Արթուր Արմինը «Արևի լեռան տիեզերական գաղափարաբանությունը» փիլիսոփայական ուղերձով: Դե, իսկ մի քանի տարի առաջ լեռան շուրջը տեղի ունեցած համահայկական շուրջպարը ապացուցում է, թե որքան հզոր է նրա ազդեցությունը հայ մարդու վրա: 
 
Այնպես որ՝ բրիտանացի լուսանկարիչը հանրահայտ ամսագրում ներկայացնելու համար իրոք ուշագրավ նշանակետ է ընտրել, թեև իհարկե չէր էլ կարող ենթադրել, թե որքան առեղծվածներ, չբացահայտված առնչություններ ու զորություն է թաքնված նրա ժայռեղեն բարձունքներում: Իսկ մենք, որ հայացքներս առավել հաճախ ուղղում ենք վեհափառ Արարատի կողմը, կարծես երբեմն հանիրավի անտեսում ենք Արագածն՝ իր առեղծվածային նշանակությամբ: