Ուշիմ, խելացի, բայց նաև՝ սուր, կսկծալի

ՍՄԱՐԹՖՈՆԻՑ ՕԳՏՎԵԼԻՍ ՉԱՓԱՎՈՐՈՒԹՅՈՒՄԸ ՄԻ՛ ԱՆՏԵՍԻՐ

Բջջային նորագույն հեռախոսներն արդեն այնպես են ներմուծվել մարդկանց կյանքի մեջ, որ շատերը չեն պատկերացնում, թե ինչպես է հնարավոր օրն առանց դրանց անցկացնել: Իսկ որ դրանք բազմաթիվ օգուտների հետ նաև անհամեմատ ավելի վնասներ են պատճառում՝ նշմարելի է նաև «անզեն» աչքով: Բելգիայում, օրինակ, մի քանի հետազոտություններ են արվել, որոնք ուշագրավ պատկեր են երևան հանել:
 
Այսպես, տեղական VRT հեռուստատեսության տվյալներով՝ սմարթֆոնները բացասաբար են անդրադառնում ուսանողների առաջադիմության վրա:  Պարզվել է, որ «միջին» ուսանողը մեկ դասի ընթացքում իր հեռախոսից օգտվում է 3-5 անգամ, իսկ յուրաքանչյուր ժամում՝ ամենաքիչը երկու անգամ: Ուսանողներից նրանք, ովքեր ովքեր մշտապես դիմում են բջջային հեռախոսներին, ավելի վատ են սովորում, քան նրանք, ովքեր հեռախոսներից կախում չունեն: Նման եզրակացության են հիմք տվել Գենտի և Անտվերպենի համալսարաններում անցկացված հետազոտությունները:  
 
- Արդյունքները ցույց են տվել, որ մշտապես հեռախոսներից «կախված» ուսանողների առաջադիմությունն անհամեմատ ցածր է, քան նրանցը, ովքեր իրենց սարքերին են դիմում սոսկ անհրաժեշտության պարագայում,- հետազոտության հեղինակների խոսքն է մեջբերել ռուսական ՏԱՍՍ-ը: 
 
Նշվում է, որ ընդհանրապես Բելգիայում սմարթֆոններից կախվածության խնդիրը շատ է սրվել: 
 
Մեկ այլ հետազոտությունից էլ պարզվել է, որ տասը բելգիացուց 7-ին անհանգստացնում է կախվածությունը սմարթֆոններից ու սոցցանցերից: Հարցվածների համարյա 30%-ը նշել է, թե նույնիսկ մեկ օր առանց սոցցանցերի անցկացնել չի կարողանում: Նրանք հիմնականում 25-35 տարեկաններն են: Իսկ Աշխատանքի տեղավորման ազգային միավորման հարցումը բացահայտել է՝ կազմակերպությունների ղեկավարների 21%-ի նյարդայնանալու պատճառը աշխատանքի վայրում բջջային հեռախոսներից օգտվող աշխատակիցներն են: 
 
Սմարթֆոն բառի առաջին բաղադրիչը նշանակում է ուշիմ, խելացի, նաև՝ սուր, կսկծալի, ապաև՝ պերճաշուք, նորաձև: Այս հատկություններից որի՞ն գերադասություն կտա օգտվողը՝ կախված կլինի նրա գիտակցության մակարդակից ու կամքից: Այն բացասական երևույթները, որոնք արձանագրվել են Բելգիայում, հատուկ են նաև մյուս երկրներին, այդ թվումև Հայաստանին:
 
Այսօր նորաձև «խելացի» սարքով ոչ մեկին չես զարմացնի, բայց շատ վաղուց է հայտնի, որ ցանկացած կախվածություն կարող է մարդու կյանքը համատարած կսկիծ դարձնել: Սմարթֆոններից կախվածությունը՝ նույնպես: