Այսպես, թե այնպես՝ զգուշանալ և փորձել կանխել

ՆՈՍՏՐԱԴԱՄՈՒՍԻ ԿԱՆԽԱՍԱՑՈՒԹՅՈՒՆԸ 2018-Ի ՄԱՍԻՆ

Ասում են՝ դժվարին ժամանակներում մարդիկ ավելի շատ են ապավինում գուշակներին ու կանխագուշակումներին: Իսկ հիմա, իսկապես, դժվարագույն օրեր է ապրում համայն մարդկությունը, և անգամ որոշ հեռուստաալիքներ մոգերի, աստղագուշակների են գովազդում: Դրա նպատակն ու հիմնական դրդապատճառն, իհարկե, ֆինանսական են: Սակայն ավելի ազդեցիկ միջոցներ են գործի դրվում՝ թերևս շատ ավելի հեռուն գնացող ու հազիվ թե բարի նպատակներով:
 
Վերջինները, կարծես, ավելի շատ նախապատրաստում են ծրագրված աղետներին, և այդ ծրագրերը ներկայացվում են աշխարհահռչակ աստղագուշակների անունից:
 
Դիցուք, որևէ խոշոր աղետից հետո հակարծ հիշողներ են հայտնվում, թե Վանգան նախազգուշացրել էր դրա մասին: Կամ, ստեպ-ստեպ հրամցվում է Նոստրադամուսի՝ 16-րդ դարում քառյակների տեսքով շարադրված և մինչև 3790 թվականին վերաբերող գուշակություները՝ «տեղայնացվելով» և կոնկրետ ինչ-որ ժամանակահատվածի վերագրվելով: Նոստրադամուսյան կատրենները կարճ, հաճախ թերի, անհասկանալի նախադասություններից են կազմված՝ ֆրանսերենի լատիներենի և իր ծննդավայրի լեզվի (պրովանսերեն) բառերի խառնուրդով։ Պնդումներ կան, որ դեռևս իր ժամանակիցների համար դրանք դժվարընկալելի էին, իսկ հիմա առավել քան դժվար է ըմբռնել նրա ասածների իմաստը։ 
 
Ավելին, շուրջ 5 դար վերծանվելուց հետո էլ այսօր աշխարհի ամենահայտնի գուշակի այդ քառյակներից ահասարսուռ բոթեր են «պեղվում»։
 
Սա՝ իմիջիայլոց:
 
Իսկ գիտնականները շարունակում են վերծանել Նոստրադամուսի կատրենները՝ փորձելով տեսնել նրա գուշակած ապագան, որը, ցավոք, նա շատ աղոտ է արտահայտել թղթի վրա (տեղեկացրել է esoreiter.ru-ն):
 
Եվ ըստ այդ «մշուշոտ» քառյակների՝ 2018-ը ոչնչով չի գոհացնելու մարդկությանը: Ընդհակառակը, շատ վիշտ ու տառապանքներ կբերի աշխարհին: Գալիք տարում կհայտնվի հրեշավոր մի երեխա, որի ծնունդն իր հետ միլիոնավոր զոհեր կբերի: Օրինակ, պատերազմը կբռնկվի հրեաների միջև, ապա այդ հակամարտությանը կմիջամտեն այլ պետություններ: Բավական մեծ է հավանականությունը, որ այդ ժամանակ արաբական երկրներից մեկը քիմիական զենք կօգտագործի, որը կարող է ոչնչացնել մարդկության մեծ մասը:
 
Հավանաբար այդ կերպ Մայր-Բնությունը կսկսի վրեժխնդիր լինել մարդկանց՝ մոլորակի  հանդեպ այսքան խելահեղ վերաբերմունքի համար: Այդ պատճառով էլ Սիբիրը կբոցկլտա աննախադեպ հրդեհներով, Արևմտյան Եվրոպան կծածկվի հորդառատ տեղումներով, որոնք համեմատելի են Աստվածաշնչում նկարագրվածին: Դրանց արդյունքում Մեծ Բրիտանիայի մի մասը կարող է անցնել ջրի տակ, իսկ Եվրոպան կամայանա, և միայն երկար տարիներ հետո այնտեղ կրկին մարդիկ կբնակվեն...
 
Ինչպես տեսնում եք՝ Նոստրադամուսի նկարագրածն անուրախ պատկեր է (մեղմ ասած): Պարզապես ոչ մեկը չի կարող հաստատապես ասել՝ դա իսկապե՞ս Նոստրադամուսի կանխասացությունն է, թե՞ «թարգմանիչների» թյուրըմբռնումը կամ ծրագիրը: Առավել ևս՝ Եվրոպայում իշխող դարձող քաոսը, Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների անվերջ թարմացումները, Եվրամիությունից դուրս գալու Մեծ Բրիտանիայի վճռականությունն, ի վերջո ինչ-որ «հանգուցալուծում» պե՛տք է ունենան և հենց 2018-ին:
 
Որքան էլ կասկածների տեղիք տվող, բայց նաև կարևոր նախազգուշացումներ են կանխասացներին վերագրվող այսօրինակ ասացությունները՝ զգուշանալ և փորձել կանխել, կամ գոնե մեղմել վերահաս վտանգները: