Հիմա էլ աշխարհավարտի նոր ամսաթիվ է նշանակվել

ՀՈԳԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԱՄԵՆԱՄԵԾ ԱՐՀԱՎԻՐՔԸ

Աշխարհի մտացածին վախճանի մասին կեղծ մարգարեությունները շարունակվում են: Եթե դրանց նպատակը մարդկությանը զգոն պահելն է, ապա ավելի շատ այդ վախճանը կանխելու մասին պետք է խոսվեր:
 
Մարդկությունը դեռ չի մոռացել 2012-ի դեկտեմբերին ունեցած ապրումները: Դրան հաջորդեց մեկ այլ չարատեսում՝ 2017-ի հոկտեմբերի 12-ին կյանքը երկրի վրա սպառնում է ոչնչացնել 40 մետր տրամագծով մի տիեզերական օբյեկտ:
 
Այս անգամ ամբողջ երկրային քաղաքակրթության համար մահը «դիտել» էին տիեզերքում: Մի խումբ հետազոտողներ հաշվարկել էին, որ բարձր արագությամբ Երկրին մոտեցող խորհրդավոր այդ օբյեկտի բախումը մեր մոլորակի հետ կդառնա մարդկության վախճանի պատճառ: Իհարկե, գիտական հետազոտությունները պե՛տք է կարևորել՝ նմանատիպ աղետները կանխելու, այլ ոչ թե սարսափ տարածելու համար:
 
Բարեբախտաբար՝ հոկտեմբերն էլ այդ առումով անփորձանք անցավ: Մինչդեռ մռայլ կանխատեսումների «քրմերին» անվերջ սխալվելու փաստն էլ չի խանգարում՝ մարդկության վերջին օրերի ամսաթվեր «կրակել»:
Հիմա էլ աշխարհավարտի նոր ամսաթիվ է նշանակվել՝ 2017 թվականի դեկտեմբեր (այս գույժն էլ news.rambler.ru-ն է հրապարակել):
 
Որոշ գիտնականների կարծիքով, Մայաների օրացույցը սխալ է վերծանվել, և հաջորդ լրիվ շրջափուլի (ցիկլի) ավարտի ամսաթիվը ճիշտ չի հաշվարկվել: Մարդկության վախճանի նոր ամսաթիվը, իբր, այս տարվա դեկտեմբերի 21-ն է:
 
Ուրիշ հետազոտողներ ևս, դեռ 2015 թ.-ին, նշել են նույն ամսաթիվը, երբ Երկրի բնակիչներին տեսանելի կդառնա վարկածային (հիպոթետիկ) Նիբիրու մոլորակը:
 
Հավելումն գիտական այս կանխատեսումների՝ նոյեմբեր ամսին էլ ստեղծագործող մտավորականությանն ուղղված իր ուղերձում Պատրիարք Կիրիլն ասել է, թե նկատում է Հովհաննես Ոսկեբերանի՝ Հայտնության մեջ նկարագրված իրադարձությունների ակնհայտ մոտեցումը: Նրա կարծիքով, արվեստը հիմա չի բարձրացնում անձի անհատականությունը, այլ նրան քաշում է ներքև, և մեղքը տարածվում է կինոյի ու թատրոնի ոլորտում: 
Բարոյականության անկման առումով՝ նա ճիշտ է: Ի՞նչ են քարոզում ու ինչի՞ են մղում մերօրյա մանավանդ սերիալային սյուժեները: Դրանցով դաստիարակվողների համր, իսկապես, աշխարհի վախճանը շուտով վերահաս է, բայց՝ բարոյականության կորստի իմաստով:
 
Իսկ բուն աշխարհը ամեն օր մեռնում է անարդարության, պատերազմների, վայրագությունների ճիրաններում վախճանվող հարյուրավոր, հազարավոր արդարների աչերում ու հոգիներում: