Կատուն փրկեց բնակշենքը

ԺԱՄԱՆԱԿԻՆ ԷԼ ՍԱԳԵՐՆ ԷԻՆ ՀՌՈՄԸ ՓՐԿԵԼ

Մեր դարի սարսափներից մեկը, անշուշտ, բազմաբնակարան շենքերում բռնկվող հրդեհներն են, նաև` որևէ պատճառով դրանց փլուզումը: Իսկ հրդեհի բռնկաման ու տարածման պատճառ կարող է դառնալ ամենահասարակ անզգուշությունը: Միայն լավագույն դեպքում է հաջողվում այդպիսի վտանգներից ժամանակին խուսափել կամ բնակիչներին անվտանգ դուրս բերել:

Շատ հաճախ է խոսվում կենդանիների բնատուր դյուրազգացության մասին: Նրանք կարող են ճշգրիտ կանխատեսել ամենատարբեր վտանգները` հեղեղումներ, երկրաշարժեր, անտանելի շոգ ու ցուրտ… և իրենց վարքով հուշել դրա մասին:

Ահավասիկ, Ավստրիայի Կլեյն Սանկտ Պաուլ քաղաքի մի բնակշենքում գիշերն անհայտ անձը բազմաբնակարան շենքը հրդեհել է, և կրակը սկզբում սկսել է տարածվել նկուղում: Շենքի բնակարաններից մեկում կատուն, երևի այրվածքի հոտից, վտանգն զգացել և արթնացրել է տանտիրուհուն: Նա էլ մորն ու քրոջն է արթնացրել, շենքից դուրս են եկել, հրշեջներ կանչել: Ու հրդեհը շիջվել է` չհասնելով շենքի բնակարաններին:

Բնությունը կենդանիներին օժտել է այդպիսի զգայարաններով, որոնցից մարդը զուրկ է, կամ հնարավոր է` բանականությունը խլացրել է դրանք ու դարձրել անգործածելի: Բայց չէ՞ որ նույն բանականության ուժով կարելի է հանգամանորեն ուսումնասիրել կենդանիների վարքը (սա թերևս արդեն գիտնականների համար գաղտնիք չէ), ապա և հասարակ քաղաքացիներին սովորեցնել: Երկրաշարժը` ամենակործանարար աղետներից մեկը, համարվում է անկանխատեսելի: Զգայուն սարքերի մեր ժամանակներում ամենակործան ցնցումը կարող է վրա հասնել վայրկենապես ու ավերակների վերածել ծաղկուն քաղաքները: Հայերիս սրա մասին հիշեցնելն ավելորդ է…

Իսկ չէ՞ որ որոշ կենդանիներ ժամեր առաջ են դա զգում, և եթե մարդը կարողանա նրանց պահվածքը ճիշտ «կարդալ» ու տեղեկացնել մյուսներին, աղետի վնասները անհամեմատ փոքր կլինեն. գոնե մարդկային կյանքեր չեն զոհաբերվի: Աշխարհի միլիոնավոր դպրոցներում այնքան անօգուտ առարկաներ են անցնում. կարելի է, չէ՞, մեկ-մեկ էլ կյանքում անմիջականորեն կիրառելի գիտելիքներ տալ:

Կամ, մի՞թե հնարավոր չէ բնակարանների մերձակայքում փորձարաններ ստեղծել և դրանց աշխատակիցների միջոցով նման կանխատեսումներանել: Ախր դա այնքան հասարակ բան է թվում: