Ոտքերդ չեն գործում՝ սողալով բարձրացիր

Ճապոնական «Վալիա էյր» ավիաընկերությունում տեղի ունեցած անարդարությունը լրատվամիջոցների շնորհիվ հանրայնացվել է, և դրա մեղավորներն ստիպված են եղել ներողություն խնդրել: Կաթվածահար ոտքերով մի տղամարդու տեղեկացրել են, թե ուրիշի օգնությամբ ինքնաթիռ բարձրանալ չի թույլատրվում: 
 
 
- Ով քայլել չի կարողանում, չի կարող ինքնաթիռ բարձրանալ,-ազդարարել են նրանք: 
 
Մարդը, ում դրանից առաջ օգնել էր ընկերը, ստիպված է եղել 17 աստիճան սողալով բարձրանալ, որպեսզի կարողանա հասնել իրեն անհրաժեշտ Ամամի քաղաքը: 
 
Երևակայությունից ուղղակի վեր է՝ ինչպե՞ս են ուղևորներն ու սպասարկող անձնակազմը նայել, թե քայլելու հնարավորությունից զրկված մարդն ինչ կերպ է սողեսող հաղթահարում աստիճան առ աստիճան: Հետաքրքիր է՝ սահմանված այդ ի՞նչ կարգ է, որը թույլ է տալիս հաշմանդամ մարդուն տոմս վաճառել, բայց այդ տոմսից օգտվելու հնարավորություն չի ընձեռում: Չէ՞ որ տվյալ ուղևորն ընկերոջ օգնությամբ է կարողանում տեղաշարժվել: Եվ, վերջապես, մինչև ո՞ւր կարող է հասնել ծառայողի պեդանտությունը, որը այս դեպքում ավելի շուտ հայերենի մանրախնդիր բառին է համապատասխանում, քան թե ճշտակատարին: 
 
Մեր օրերում կա՞ մեկը, ով երաշխավորված է հաշմանդամությունից, անբուժելի հիվանդությունից, հաշվեհարդարից: Տվյալ ավիաընկերության աշխատակիցները, երևում է, այդ պահին իրենց ամենակարող աստվածներ են երևակայել, բայց սատանան հենց նմանների միջոցով է իր չար գործերն անում:
 
Խղճից լիովին զուրկ նման սպասարկողները ահաբեկիչներից որևէ բանով տարբերվո՞ւմ են...