Հասարակությունից մեկուսանալը ե՞լք է

Եթե միլիոններ ունես, կարող ես շքեղ կյանքով ապրել, ահռելի շրջապատ ունենալ, երջանիկ ամուսին լինել: Բայց քանի որ մեր աշխարհի անբաժանելի մասն են կազմում տնտեսական ճգնաժամերը, մարդը կարող է կայծակնային արագությամբ մնալ դատարկ գրպանով: Ու միայն այդ ժամանակ կերևա, թե նրա ահռելի շրջապատում կա՞ր գեթ մեկը, ով իր հետ բարեկամություն էր անում ո՛չ հանուն դրամի ու դրա շնորհած առավելությունների:
 
Ավստրալացի Դևիդ Գլեշինը, ով անշարժ գույքի շուկայում ծավալած գործունեությամբ կարողացել է 28 մլն դոլարից ավելի գումար վաստակել, 1987թ. Ճգնաժամի ժամանակ սնանկացել է: Քանի որ կինն այդ պատճառով նրանից հեռացել է, ինքն էլ մեկ այլ աղջկա հետ է ծանոթություն հաստատել և 1997թ. նրա առաջարկով բնակություն հաստատել անմարդաբնակ կղզում, որպեսզի քաղաքակրթությունից հեռու մնա: «Միրորը» գրում է, որ կղզին Ավստրալիայի հյուսիս-արևելքում է՝ Քունսլենդ նահանգում: Հիմա արդեն՝ 20 տարի անց, Դևիդն այնտեղ միայնակ է բնակվում: Նրա ընկերուհին, երևում է, այդպես էլ չի համակերպվել քաղաքակրթությունից զուրկ ապրելակերպին ու հեռացել է: Կղզեբնակին այժմ միայն Պոլի անունով իր շունն է ընկերակցում: Երբեմն էլ զբոսաշրջիկների է ընդունում իր կղզում:
 
Նախկին միլիոնատերը խոստովանել է, որ մարդկային շփումների կարիք շատ է զգում, սակայն «երկրային դրախտ» իր կղզուց հեռանալու մտադրություն չունի: Հանրահայտ Ռոբինզոն Կրուզոյի համեմատությամբ Դևիդ Գլեշինն առավելություններ շատ ունի՝ արևային մարտկոցների շնորհիվ էլեկտրաէնեգիա է ստանում և օգտվում է համացանցից: Ուշագրավն այն է, որ մարդկանց աշխարհին կարոտելով հանդերձ՝ նա որոշել է իր կղզում միայնակ կյանք վարել: 
 
Ով իմանա՝ օվկիանոսային հեռուներում ծվարած տարբեր կղզիներում Դևիդի նման այլ «նեղացածներ» նո՞ւյնպես չկան: Այնտեղ գոնե մահապարտ ահաբեկիչներից ապահովված կլինեն… Միայն թե աշխարհում հիմա մեկուսանալու մղող գործոններն այնքան շատ են, մի օր էլ կտեսնենք՝ անմարդաբնակ կղզի չի մնացել՝ բոլորը գերբնակեցված են դարձել: Բայց քանի որ մարդը «հասարակական կենդանի է», ինչպես խորհրդային դասագրքերն էին ուսուցանում, ավելի լավ կանի զբաղվի ինքնամաքրմամբ, թե չէ վաղը նույնիսկ այլ մոլորակում բնակվելը նրան չի փրկի: