Նորագույն տեխնոլոգիաներն ընդդեմ աշխատուժի

...Ու գուցե թվային տեխնոլոգիների ու ռոբոտների անելիքն էլ հենց դա պետք է լինի՝ բացել մարդկության աչքերը, որպեսզի խաղաղորեն գոյատևի և իրար բզկտելու փոխարեն պարզապես վայելի ֆիզիկական ծանր աշխատանքից զերծ, հետաքրքիր, հագեցած կյանքը:
 
Արդի աշխարհի ամենամեծ մարտահրավերներից մեկը գործազրկությունն է, որը գնալով ավելի է ահագնանում նորագույն տեխնոլոգիաների ներդրման պատճառով: Գերմանիայում, օրինակ, արդեն հաշվել են, որ առաջիկա չորս տարում 3,4 մլն մարդ կզրկվի աշխատատեղից, քանի որ դա է թելադրում թվային տեխնոլոգիաների և ռոբոտների լայնածավալ կիրառումը: 
 
Տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության և նոր ԶԼՄ-ների դաշնային ասոցիացիայի ուսումնասիրություններում նշվում է, որ Գերմանիայում այժմ առկա 33 մլն աշխատատեղից ամեն տասներորդը վերացման վտանգի տակ է:
 
Հետազոտությունը հաստատում է, որ թվային տեխնոլոգիաներն սպառնալիք են ամեն չորրորդ ձեռնարկության համար, որի աշխատակիցների թիվը գերազանցում է 20-ը: Հաղորդակցության ոլորտում 1990-ական թթ. ամբողջ 200  հազար աշխատատեղ է եղել, դրանցից այժմ միայն տասը տոկոսն է մնացել:  Այսպիսի փոփոխություններ կարող են տեղի ունենալ բանկային և ապահովագրական ոլորտներում, որտեղ հնարավոր է՝ առաջիկա 20 տարում մասնագիտությունների կեսն այլևս ոչ մի պահանջարկ չունենա:
 
Իսկ ահա ՏՏ ոլորտի որոշ ընկերությունների նախկին աշխատակիցներ սկսել են պայքարել նորագույն տեխնոլոգիաների զարգացման դեմ: Նրանք հայտարարել են, որ իրենց պայքարն ուղղված է համացանցի, սոցցանցերի և գաջեթների կործանարար հետևանքների դեմ, և սկզբի համար մտադիր են մարդկանց համոզել, որ հարկավոր է ՏՏ ընկերությունները սահմանափակող նոր օրենքներ սահմանել:
 
Apple, Google, Facebook և այլ ընկերությունների նախկին աշխատակիցներն արդեն մարդասիրական տեխնոլոգիաների կենտրոն են ստեղծել և դրամական օգնություն են ստանում ոչառևտրային հիմնադրամներից:  Life.ru կայքը նշում է, որ արդեն 7 մլն դոլար է հատկացվել՝ 55 000 ամերիկյան դպրոցներում գովազդային արշավ վարելու համար:
 
Google-ի էթիկայի հարցերով հանձնաժողովի երբեմնի անդամ Տրիստան Հարիսը նշել է, թե իրենք եղել են այդպիսի ընկերությունների ներսում և լավ գիտեն, թե ինչպես են նրանք աշխարհը նվաճում: 
 
Վաղվա աշխարհում գործազուրկ չմնալու և չքավորությունից խուսափելու համար պետք է առավել հեռատեսորեն մասնագիտություն ընտրել: Իսկ գուցե գալիս է կոմունիզմի ժամանակը, երբ մի կտոր հաց վաստակելու համար օրուգիշեր աշխատելու կարիք մարդը չի ունենա, քանի որ նյութական բարիքները սկսելու են անվճար հորդել: Համենայնդեպս, մարդկության մեկ տոկոսն այնքան միջոցներ ունի, որ կարող է մնացած 99 տոկոսին կերակրել: Ու գուցե թվային տեխնոլոգիների ու ռոբոտների անելիքն էլ հենց դա պետք է լինի՝ բացել մարդկության աչքերը, որպեսզի խաղաղորեն գոյատևի և իրար բզկտելու փոխարեն պարզապես վայելի ֆիզիկական ծանր աշխատանքից զերծ, հետաքրքիր, հագեցած կյանքը: