Բնությունից սովորելու ժամանակը չէ՞

Հարստություն կուտակելու, իշխանության տիրանալու, ագահությանը հագուրդ տալու ձգտումի չափով թերևս մեր դարին հասնող չի լինի: Ու մինչ մարդիկ գիշատիչ գազանների նման իրար են հոշոտում, ոմանք` պատերազմական թեժ մարտերում ու ահաբեկչական դավադրություններում, մյուսները բնակավայրերի հանրահավաքային հրապարակներում, ուրիշները` ավազակային հարձակումների բովում, կենդանիները մարդկային գծեր են դրսևորում:

Բոլիվիվիայի ջունգլիներում մոլորված զբոսաշրջիկը իննօրյա թափառումների ժամանակ փրկվել է կապիկների շնորհիվ: 25-ամյա Մայքուլ Ակունյան Մադիդի ազգային այգում իր խմբից հետ է մնացել և մոլորվել արևադարձային անտառում: Երբ նրան ի վերջո գտել են, ինչպես փոխանցել է  «National Geographic»-ը, խոստովանել է, որ ողջ է մնացել կապիկների շնորհիվ, որոնք իրենց ունեցած սննդից ու ջրից իրեն էլ են բաժին հանել:

Վերջերս էլ մի անհավանական տեղեկություն էր հրապարակվել այն մասին, թե ինչպես է գայլերի ոհմակը նպաստավոր պայմաններ ապահովել, որպեսզի ձնաբքի մեջ հայտնված միայնակ կինը հաջողությամբ ծննդաբերի` այդպիսով փրկելով թե՛ նրա, թե՛ երեխայի կյանքը: Դե, իսկ ծովերում մարդկային կյանքեր փրկած դելֆինների արարքը, ինչպես հայտնի է, նույնիսկ հին աշխարհի սափորների վրա է պատկերվել: 

Հայտնի փաստ է` կենդանիների աշխարհում գիշատիչը  որևէ արարածի վրա հարձակվում է միայն այն ժամանակ, երբ պետք է իր քաղցը հագեցնելու կարիք ունի: Կուշտ գազանը իրենից թույլ ոչ մի կենդանու համար վտանգավոր չէ:

Իսկ մարդկանց աշխարհում, ըստ էության, ամեն ինչ հակառակն է` որքան ավելի մեծ ունեցվածքի տեր է մարդը, իսկ ավելի շատ` պետությունը, այնքան ավելիին է ուզում տիրանալ: Ու աչքածակի նման այնքան է փորձում կուտակել, մինչև մի բուռ հողով աչքը կշտանա: Հարստություն կուտակելու, իշխանության տիրանալու, ագահությանը հագուրդ տալու ձգտումի չափով թերևս մեր դարին հասնող չի լինի: Ու մինչ մարդիկ գիշատիչ գազանների նման իրար են հոշոտում, ոմանք` պատերազմական թեժ մարտերում ու ահաբեկչական դավադրություններում, մյուսները բնակավայրերի հանրահավաքային հրապարակներում, ուրիշները` ավազակային հարձակումների բովում, կենդանիները մարդկային գծեր են դրսևորում: Դեռ ինչքան էլ նմանօրինակ իրողություններ են եղել, որոնց մասին տեղեկությունները չեն տարածվել:
 
Գուցե մարդը պետք է նորի՞ց վերադառնա բնության գիրկը, որպեսզի նրանից մարդավարի  ապրել սովորի ու բանականությունը չկորցնի: Չէ՞ որ Երկիր մոլորակի էությունը հենց բանականության օրրան լինելն է: