Աստծո գործերին չխառնվել

Գիտնականները մտադիր են Տասմանիայի անտառներում լայնածավալ որոնում սկսել: Վճռված է, որ մարդու ներկայություն չտեսած այդ վայրերում 50 տեսախցիկ կտեղադրվի, որպեսզի հնարավոր լինի հայտնաբերել այդ յուրահատուկ Տասմանյան վագր կոչվող գիշատիչների ողջ մնացած ներկայացուցիչներին: 

Մարդն իրոք որ տարօրինակ արարած է. նախ ջանադրորեն ոչնչացնում է շրջակա միջավայրի բնաշխարհը, անխնա հատում անտառները, որսում կենդանիներին ու թռչուններին, բետոնապատում ու կառուցապատում մարգագետիններն ու դաշտերը… Այնուհետև ուշքի գալով` փորձում է ինչ-որ բաներ փրկել, գրանցել Կարմիր գրքում, արգելանոց դարձնել, պաշտպանության տակ առնել: Բնության այդ կորուստներից մեկը ժամանակին եղել է տասմանյան վագրը, որի վերջին նմուշը 1936թ. աչքերը փակել է գազանանոցում, այնւհետև համարվել է լիովին ոչնչացված:

Երևում է՝ բնությունը միշտ չէ, որ թույլ է տալիս իր արարածներին բնաջինջ անել: Ավստրալիայի հյուսիսային Քեյփ-Յորք թերակղզում, տեղացի մի զբոսավարի պատմելով, տասմանյան վագրերի նման կենդանիներ են ապրում: Զբոսավարը նրանց տեսել է, երբ հարձակվել են իր շան վրա: Այս տեսակի գիշատիչները ուշագրավ են նախ և առաջ նրանով, որ նրանց պատկերով 3500 տարվա ժայռապատկերներ են գտնվել:

Այժմ գիտնականները մտադիր են Տասմանիայի անտառներում լայնածավալ որոնում սկսել: Վճռված է, որ մարդու ներկայություն չտեսած այդ վայրերում 50 տեսախցիկ կտեղադրվի, որպեսզի հնարավոր լինի հայտնաբերել այդ յուրահատուկ գիշատիչների ողջ մնացած ներկայացուցիչներին: Տասմանյան վագր կոչվող գիշատիչը պարկավոր գայլ է:

Մնում է միայն հուսալ, որ եթե այդ գիշատիչներից հայտնաբերեն, աճուրդի չեն հանի, որպեսզի աշխարհի ամենահարուստ գազանանոցներին մատակարարեն և այդպիսով նորից Աստծո գործերին միջամտելով՝ Երկիր մոլորակը զրկեն բազմազանություն ապահովող ևս մեկ բաղադրիչից: