Հանուն Աստծո և խաղաղության

Հնդկական սադհու Ամար Բհարատին 44 տարի ձեռքը բարձրացրած է պահում` հանուն Աստծո և խաղաղության:

Հնդկաստանում սադհուները ճգնավորներ են և համարվում են սրբեր: Նախկինում Ամարը գրասենյակային ծառայող է եղել Նյու Դելիում. ընտանիք է ունեցել ու ապրելսովորական կյանքով:

Սակայն 1970-ին Ամարն այն եզրահանգմանն է եկել, որ այդ ամենը սին է և անիմաստ: Ու որոշել է իր կյանքը նվիրել Շիվա աստծուն:

Երեք տարի անց`1973 թ-ին, նա հանկարծ հասկացել է, որ ինքը դեռևս չի ձերբազատվել աշխարհիկ գայթակղություններից: Եվ, որպեսզի  հրաժարվի դրանցից` սադհուն, հանուն Աստծո և մոլորակի խաղաղության` ձեռքը վեր է բարձրացրել ու մինչ օրս պահում է նույն դիրքում (տեղեկացրել է Novosi planeti-ն):

Ավելի քան չորս տասնամյակ բարձրացրած ձեռքը խիստ դեֆորմացվել է, ատրոֆիայի ենթարկվել և սառել` վերածվելով բարակ ու չոր վերջույթի` չափազանց երկար եղունգներով:
Ամար Բհարատիին ճանաչողներն ասում են, որ նա շատ մտահոգված է մոլորակի վրա ապրող զինվորների համար, ուստի ձեռքը բարձրացրել է հանուն խաղաղության:

Ամարի հանդեպ բոլորը հարգանք ու ակնածանք են տածում: Իր օրինակով նա ուրիշ սադհուների ևս ոգեշնչել է`ձեռքները վեր բարձրացրել: Վերջիններիս թվում կան նաև այնպիսի մարդիկ, ովքեր նույն իրավիճակում ապրել են 7, 13 և 15 տարի:

Ամարից հաճախ են հարցազրույցներ խնդրում, բայց Աստծո ու մոլորակի այս նվիրյալը չի պատմում իր անձնական կյանքի մասին: Նրա համար չկա ավելի կարևոր ոչինչ, քան խաղաղությունն ու ներդաշնակությունը Երկրի վրա: Իսկ երբ հետաքրքրվում են ձեռքի վիճակով` ասում է միայն, որ նախկինում այն ցավում էր, բայց հետո վարժվել է և հիմա ցավ չի զգում:

Ամար Բհարատին պատմել է, որ իրենից առաջ այդպիսի ծիսակարգ եղել է, և ինքը միայն շարունակում է այդ ավանդույթը: