«Բնազդ և ընտանիք»-ը՝ ընթերցողի սեղանին

ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

«Նոյյան Տապան» գրատունն այդ երեկո հյուրընկալել էր «Բնազդ և ընտանիք» գրքի հեղինակ Աշոտ Մանուկյանին և իր երախայրիքի առաջին ընթերցողներին: Ինչպես նշեց երեկույթը վարող Նինա Հակոբյանը՝ գրքում տեղ են գտել հեղինակի տարբեր տարիներին հրատարակած հոդվածները, որոնք վերաբերում են հնդեվրոպական ժողովուրդների դիցաբանությանը, էպիկական գործերին, ինչպես նաև հայ ժողովրդական հեքիաթներին:
 
Գրքում Երևանի պետական մանկավարժական համալսարանում կրթություն ստացած, Ա. Լ. Մանուկյանը համեմատական վերլուծության է ենթարկում հերոսների միջսեռային փոխհարաբերությունների և ընտանեկան կյանքի առանձնահատկությունները: Գրքի վերջում հեղինակը փորձ է արել գտնելու հայ, իրանական, սլավոնական, կովկասյան, գերմանասկանդինավյան և բրիտանական ավանդապատումների գլխավոր հերոսների հնարավոր առնչությունները Հայկական Լեռնաշխարհի հետ:
 
Այնուհետև Ա. Մանուկյանը նախ շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կերպ աջակցել են իրեն՝ գրքում տեղ գտած ուսումնասիրությունների և դրանք հրատարակելու հարցերում: Նա երախտիքի խոսք ուղղեց երբեմնի իր ուսանողի հաջողությամբ հպարտացող Իշխան Ստեփանյանին, ով տարիներ շարունակ ուղղորդել էր նրա հետազոտական աշխատանքները: Այնուհետև շնորհակալութուն հայտնեց բանասիրական գիտությունների դոկտոր Լյուդվիգ Կարապետյանին, ով աջակցել էր նյութերի տպագրության հարցում: 
 
Երկար տարիների մանկավարժական և հասարակական աշխատանքի փորձ ունեցող  հեղինակը, համառոտակի ներկայացրեց գրքի բովանդակությունը՝ անդրադառնալով էպիկական գործերի հոգեբանամանկավարժական նշանակությանը ժամանակակից աշխարհում: 
 
Շնորհանդեսի մասնակիցները չէին կարող շրջանցել գրքի տպագրական թերությունները: Ցանկացած գրքի համար կարևոր է արտաքին գրավչությունը՝ ձևավորումից մինչ տպագրության որակ, զի դրա բովանդակությանը ծանոթանալուց առաջ ընթերցողը նաև դրանով է փորձում կողմնորոշվել: Այս առումով, դժբախտաբար, ասելիքով հարուստ «Բնազդ և ընտանիք»-ին տպարանային «բախտը» չի բերել: Հանգամանք, ինչը ցավով արձանագրեցին գրքի բովանդակությունը բարձր գնահատողներից ոմանք:
 
Իշխան Ստեփանյանը հարկ համարեց ընդգծել, որ գիրք դարձած այս ուսումնասիրությունը օգտակար ոչ միայն կլինի ուսանողների համար, այլև մի յուրատեսակ բանալի է՝ հասկանալու ուրիշ ժողովուրդների մտածելակերպը: 
 
«Արարէ» հայագիտական հիմնադրամի նախագահ Յուրի Սարգսյանը, իր ելույթում պաշտպանեց հեղինակի այն կարծիքը, որ հնդեվրոպական դիցաբանության բնօրրանը գտնվում է Հայկական Լեռնաշխարհում և նրան հարակից տարածաշրջանում: Նա էլ իր հերթին բերեց խնդրի հետ առնչվող մի քանի լրացում-օրինակներ՝ կապված Հայա աստծո պաշտամունքի հետ:
 
Բանասիրական գիտությունների դոկտոր Լ. Կարապետյանը, կարևորելով ուսումնասիրության գիտական արժեքը, նշեց, որ «Բնազդ և ընտանիք»-ը ներառում-ամբողջացնում է հիմնախնդիրների այն տեսլականը, որ վաղուց ի վեր հուզում է Աշոտ Մանուկյան  հոգեսոցիոլոգին.
 
- Ծնվել է մի եզակի ուսումնասիրություն, որում փորձ է արվում, բազմաճյուղ թեմայի նորովի մեկնաբանություններով, համարձակ ու ինքնատիպ դիտարկումներով, երբեմն էլ հավաստիության պատրանք ստեղծող հետաքրքիր վարկածներով ներկայացնել ընտանեկան եռանկյունու՝ հայր-մայր-զավակ փոխհարաբերությունների ընդերքում ծնունդ առնող անձնային ու սերունդների միջև բախման հոգեսոցիալական բազմաշերտ բարդույթը: 
 
Գրքին արդեն ծանոթացած ընթերցողները ևս խոսեցին գրքի կարևորության ու հետաքրքրի լինելու մասին և հարցեր ու իրենց ջերմ մաղթանքներն ուղղեցին հեղինակին՝ ևս մեկ անգամ շնորհավորելով նրան: