Երևույթ` գիրք-նվերի տեսքով

Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ. «ՄԵԿ ՆՎԵՐ, և ԲԱԶՈՒՄ ՕԳՏՎՈՂՆԵՐ»
 
- Չգիտեմ, նորաձև՞ է, թե՞ իսկապես, երիտասարդությունն սկսել է հետաքրքրվել ասույթի ուժ ստացած խոսքերով,- ասաց մի օր իմ քույր Շուշանիկ Նալբանդյանը և բացեց իր գաղտնիքը:- Թոռնուհիս` Սաթենիկն էլ նրանց հետ է,- ասաց նա,- նույնիսկ խնդրել է ինձ, որ ամեն լուսաբացի հետ իր հեռախոսին մի կարճ, բայց հետաքրքիր խոսք ուղարկեմ: 
 
- Եվ ի՞նչ...
 
- Եվ այն, որ ամեն լուսաբացի հետ մի ասույթ եմ գրում, բայց ոչ թե ուղարկում, այլ հավաքում եմ: Շուտով նրա ծննդյան օրն է, կնվիրեմ անակնկալի ձևով, գրքույկի տեսքով:
 
 Պայմանավորվեցինք պահել գաղտնիքը, որը թոռնուհու համար բացվելու էր նրա ծննդյան օրվա լուսաբացի հետ:
 
Նույն այդ լուսաբացը Սաթենիկի գլխում տոնական արարողությունների հետ կապված մտահոգությունների մի շարք էր առաջացրել, երբ հնչում է նրանց դռան զանգը: Հասցեի  ճշտումներից հետո հայրը կանչում է` «Սաթենիկ, նվեր ունես»: Սաթենիկը բացում է բարալիկ փաթեթն ու... փլվում: Ավելի շուտ` փլվում է սիրտը: Թերթում է «Բանալիներ թոռնուհուս» վերնագրով գրքույկն ու լալիս, կարդում ու լալիս...:
 
- Ուզում էի ուրախացնել թոռնուհուս` ստացվեց հակառակը,- հետո ասաց Շուշանիկը՝ ինձ տալով իր գրքույկի օրինակներից մեկը:
 
Կարդացի: Իսկապես, արժեր լաց լինել: Իհարկե, ոչ այն պատճառով, որ հուզիչ է գրքի ընծայագիրը. «Սիրելիս, ինքնաճանաչման և ներհայեցողության իմ անցած ճանապարհին ձեռք բերած գիտելիքներս են, որ ահա, որպես բանալիներ թողնում եմ քեզ: Օգտագործիր սիրով, թող օրհնաբեր դառնան դրանք քո կյանքի ճանապարհին»: 
 
Ընծայագիրն` ընծայագիր, իսկ ընծան, իսկապես, ապրված մի կյանք է` խորին խորհուրդների ձևով: Խոհեր ու խորհուրդներ, որոնք ուղղված են ոչ միայն շրջապատի հետ ճիշտ շփումներ ստեղծելու կարևորագույն գործին, այլև մղում են հասկանալու կյանքի իմաստը: Մարդկային հոգիներում եղած գաղտնարանների դռներ բացող բանալիներ է նվիրել Շուշանիկն իր թոռնուհուն: Ի՞նչ է պարտությունը, ի՞նչ է տառապանքը, ի՞նչ է կորուստը, ի՞նչ է փորձը կամ փորձառությունը, այսպես շարունակ, և, վերջապես, ինչպե՞ս կամ ինչո՞վ է չափվում գտածի ուրախությունը: Այնքան կյանքային, այնքան մարդկային, այնքան խորքային ու ներգաղտնային, որ յուրաքանչյուր ոք ամեն լուսաբացի բացելով մի էջ` կարող է գտնել օրվա իր խորհուրդը:
 
Խոտի կյանքով ապրելուց հեռու մնալու ահազանգ ու համընդհանրացվող այս աշխարհում ճշտվելու կոչ է Շուշանիկի խոսքը: Եվ, ոչ միայն: Գեղագետի նուրբ ու ճաշակով արված աշխատանքի ներկայացում է:
 
Պատկե՞ր է, թե՞ խորհուրդ՝ «Գնա ու գտիր մոռացված մի կամուրջ և ծաղիկ ամրացրու նրա տխուր թևին»: 
 
Իսկ, շնո՞րհ է, թե՞ գիտելիք՝ քարերի զրույցը լսելու նրա ունակությունը. 
 
- Մի անգամ, երբ անցնում էի ողորկ ու հարթ քարե պատի մոտով, լսեցի, թե ինչպես էր այն պարծենում, որ իր վրա ոչ ձյունն է մնում, ոչ կեղտն ու փոշին, և ինքը պարզ է, մաքուր, համեստ ու անաղարտ: Կանգ առա, որպեսզի լսեմ, թե ինչ է ասելու նրա կողքին խորդուբորդ քարերով շարված պատը: «Ով ասես, կարող է նկարել քո վրա...»,-  ասաց վերջինս:
 
Ավելի հետաքրքիրն այս պատմության ծնունդն է, որի մասին ինձ հետ այսպես կիսվեց Շուշանիկը. 
 
- Մի անգամ, աշխատանքի գնալիս տոնավաճառից մինչև Հաղթանակի կամուրջը տրանսպորտի խցանում էր առաջացել: Այնպես, որ իմ ու կողքիս հայտնված քարաշար պատի միջև ընդամենը ավտոբուսի ապակին էր: Հենց նրա միջով լսեցի քարերի զրույցը, միևնույն ժամանակ ականջի պոչով ինձանից հեռու քշելով մռայլ ուղևորների դժգոհ ձայները` խցանումների վերաբերյալ: Այսինքն, մարդու ապրած յուրաքանչյուր պահն ընթերցանության գիրք է: Խցանման մեջ ես ընթերցեցի դրանցից մեկը, - այսպես եզրափակեց Շուշանիկը:
 
Հետո ծիծաղելով ավելացրեց.
 
- Պարզվում է՝ էլեկտրոնային ու թղթային գրքերի տեսակների կողքին կա նաև երրորդ տեսակը` պահի գիրքը: Երջանկություն է զբաղվել նման ընթերցանությամբ,- ասաց նա:
 
Քանի որ ուզում եմ ավարտել խոսքս, կրկին գրքից եմ մեջբերում, որովհետև, ինչպես մնացած ասույթնրն են այստեղ տիպական տարբեր իրավիճակների համար, ահա սա էլ հարմար է ամփոփիչ խոսքիս համար: Շուշանիկը գրում է՝ 
 
- Դիմացինին ասված քո մի լավ խոսքը դրական լիցքեր կտա ու օգտակար կլինի նրան: Իմացիր, որ դրանով գեղեցիկ զգացումներ կծնվեն նաև քո ներսում. այսինքն, կլինի մեկ խոսք` երկու օգուտ: 
 
Ճիշտ նույն տրամաբանությամբ, «Բանալիներ թոռնուհուս» գրքի առկայության պայմանում մենք վկան ենք այն իրողության, որ մեկի ստացած նվերից կարող են օգտվել բազում մարդիկ: Այսինքն՝ մեկ նվեր, և բազում օգտվողներ:
 
Շնորհավոր ոչ միայն այս հրաշալի առիթի ակունքում կանգնած թոռնուհու, այլև երևույթ-գրքի ծնունդը, որ մեզ է պարգևել նրա տատիկը՝ իմ քույր Շուշանիկը: