ԻՄ ԾԱՂՐԱԾՈՒՆ

Շնորհավոր ծնունդդ, ԼԵԳԵՆԴ

«Մանկության կայարանում տեղ զբաղեցնելով, Կյանքի գնացքում մի´ փորձեք անպայման տեղ գրավել պատուհանի մոտ: Տպավորությունը խիստ մակերեսային կլինի: Եվ բոլորովին կարևոր չէ, թե որն է ձեր վագոնը, չնայած ոմանք գրեթե ողբերգություն են համարում, եթե փափուկ վագոնով չեն գնում»:

ԼեոնիդԵՆԳԻԲԱՐՅԱՆ

Հայ արվեստի ու հատկապես այդ արվեստում անպարագիծ իրենց հետքը թողած անվանիների երկրպագուն է լրագրող, հրապարակախոս Շուշանիկ ՍԱՀԱԿՅԱՆԸ, ով իր ազնիվ հոգու պարտքն է համարում խնկարկել հայ երախտավորների հիշատակը: Խնկարկել` բոլորիս առջև յուրովի բացելով մեր անանց արժեքների գանձատունը:

 

«Սիրու՞մ եք ինձ, մարդիկ…»

Դու մեկն էիր մեզնից, ով, սակայն, ամենևին էլ նման չէր մեզ: Քո աշխարհը մերից տարբեր էր, քո լեզուն ուրիշ լեզու էր, ասելիքդ էլ անձայն, անշշուկ էր` թեպետ հասկանալի ու ընդունելի էր մեզ: Այն եզակիներից էիր, ով տիրապետում էր գեղեցիկ ապրելու արվեստի գաղտնիքներին: Դու սրբագործում էիր ուրվագծած ճանապարհդ, որով քո հանդիսատեսն անցնում էր ձեռքդ ամուր բռնած, հայացքը դեպի քեզ, ուշքը` խաղիդ, միտքը` հեռուներին: Իսկ աշխարհին ներկայանալու քո բաժին տարածությունն ընդամենը կրկեսի մանեժն էր, որտեղ ապրում ու գործում էր անսահման երեւակայությունդ: Դու կերտում էիր քո´ ժամանակը, կերտում էիր մի ուրիշ աշխարհ` բոլորովին ուրիշ մարդկանցով բնակեցված: Դու մեզ էիր կերտում` մեզնից հեռացնելով գորշությունն ու միջակությունը, նախանձն ու չկամեցողությունը, գռեհկությունն ու չարափառությունը: Դու յուրաքանչյուրիս մեջ լույս էիր տեսնում, զգուշորեն վառում էիր այդ լույսը, ապա` համոզվելով, որ լույսը տիրեց մեր էությանը, աննկատ հեռանում էիր` դեռ երկար ժամանակ թողնելով մեզ լույսերի մեջ: Այո´, լույսն է ամենայնի սկիզբը, լույսից է ծնվում գույնը: Դու լավ գիտեիր դա, ուստի լուսավոր ու վառ գույներով էիր օժտում քո հանդիսատեսին: Դու աշխարհն էլ էիր կերտում քո գույներով: Քո աշխարհն ուրիշ էր` հեքիաթայի˜ն, ջինջ ու մաքուր, երազայի˜ն ու ոչ բոլորիս հասանելի: Քո ամբողջ ստեղծագործությունը սեր էր, և անչափելի էր այդ սերը.
Այնպես պատահեց, որ երբ դեռ նոր էի փորձում ճանաչել աշխարհը, երբ դեռ չէի գտնում բազմաթիվ հարցականների պատասխաններ, երբ դեռ իրերի գոյության գաղտնիքների փնտրտուքի մեջ էի, մի անգամ ծնողներս ինձ բերեցին կրկես, Ամանորի քո ներկայացմանը: Դա իմ առաջին հանդիպումն էր քեզ հետ: Այդ օրը դու խիզախ Արքայազն էիր, ով բազում փորձությունների միջով անցնելով` վերջապես չար կախարդի գերությունից ազատում է գեղեցկուհի Արքայադստերը:, Արքայադստերն առևանգեցին: Հետո հայտնվեցիր դու: Բոլորը սկսեցին ծափահարել, ես էլ էի ծափահարում: Դու փայլուն եզրերով մուգ կապույտ հագուստով էիր, գլխիդ փետրավոր գլխարկ էր, կողքիցդ սուր էր կախված, ձեռքիդ վահան կար: Առաջին հայացքից դու ինձ թվացիր բարձրահասակ, թիկնեղ ու անվախ մի հսկա: Անսահման բարի ու սիրող հայացքդ հառեցիր խավար հեռուներին, ուր անհետացել էր քո սիրելին, ապա վստահ, համարձակ ու հավատով շտապեցիր նրան փրկելու: Ներկայացման ողջ ընթացքին բոլորս լարված հետեւում էինք հրեշների հետ քո մենամարտին: Ահա, կանգնած ես հպարտ, հաղթել ես ու գնում ես Արքայադստեր հետեւից: Սիրտս արագ բաբախեց` հո էլի վտանգ չկա՞ քո ճանապարհին: Դե, իհարկե` ոչ. դու անպարտելի էիր: Քիչ անց հնչեց հաղթական քայլերգը, ոսկեզօծ կառքի մեջ հայտնվեցիք դու և քո Արքայադուստրը: Ծափահարությունների, ուրախ բացականչությունների ներքո դուք մի քանի հաղթական շրջան արեցիք` ամեն անգամ հայացքներդ գամելով յուրաքանչյուրիս դեմքին: Դու այնքա˜ն անհասանելի էիր թվում ինձ ու միաժամանակ այնքա˜ն մոտիկ, որ կարծես կարող էի հպվել ձեռքերիդ: Մեր հայացքների հանդիպումից ես սկսեցի անզորությունից լաց լինել, դու տեսա˜ր ինձ, բայց կանգ չառար: Այնպես հպանցիկ էր այդ հանդիպումը, որ դու չնկատեցիր հուզմունքից շառագունած դեմքս, չհասկացար շփոթմունքս, չըմբռնեցիր հոգուս խռովքը: Չէ՞ որ դու ամեն ինչ նկատում ու հասկանում ես, ինչպե՞ս կարողացար հենց այնպես, անտարբեր անցնել իմ կողքով: Իսկ ես… ես երազում էի, շա˜տ էի երազում լինել Արքայադստեր փոխարեն: Թեկուզ չար կախարդի գերության մեջ լինեի, միայն թե ինձ ազատողը դու´ լինեիր: Երազում էի ոսկեզօծ կառքով քե´զ հետ շրջել մանեժով, հայացքս գամել յուրաքանչյուր հանդիսատեսի աչքերին, ու, անձայն, անշշուկ հարցնել` «Սիրո՞ւմ եք ինձ, մարդիկ…»:
Երբ ծնողներս տեսան արցունքներս, մտածեցին, թե ինչ-որ բան ճիշտ չեմ հասկացել, ու… սկսեցին բացատրել, թե ինչ լավ է, որ Արքայադուստրը փրկվեց: Իմ խե˜ղճ, միամիտ ծնողներ, դո՞ւք էլ չհասկացաք, թե ինչպես էր փոթորկվում ներսս, ինչպես էր բաբախում փոքրիկ սիրտս ու որքա˜ն հուսահատ էի այդ պահին…
Ես այլևս քո ներկայացումների նվիրյալ հանդիսատեսն էի, անգիր գիտեի բոլո˜ր-բոլոր մանրապատումներդ, ու սիրով սպասում էի նոր կերպարներիդ աշխարհ գալուն: Երբ 1964 թվականին Պրահայում ծաղրածուների միջազգային մրցույթում դու արժանացար առաջին կարգի մրցանակի` Է. Բասի անվան գավաթին, ես անչափ երջանիկ էի, և ընդհանրապես, բոլոր հաջողություններդ իմն էի համարում: Ես մտովի տեսնում էի նոր մտահղացումներիդ փայլուն կատարումները, դեռ չտոնած հաղթանակներդ, տեսնում էի լուսավոր կերպարիդ հաղթարշավը, որը, ցավոք, անավարտ մնաց…

Հիմա էլ, շատ տարիներ անց, դու իմ արժեհամակարգի անբաժան մասն ես, քո հորդորներն են իմ կյանքի առաջմղիչ ուժը, քո լուսավոր կերպարն է իմ ուղենիշը, քո անսահման սերն է իմ կենսակերպի չափանիշը: Ու ամեն անգամ, արդեն երեւակայական ներկայացման ավարտի քո հաղթական շրջանին մեր հայացքներն էլի հանդիպում են, ու ես կարծես քեզ հետ եմ կատարում այդ շրջանը, հայացքս գամում յուրաքանչյուր հանդիսատեսի աչքերին, ու, անձայն, անշշուկ, միայն լուռ հայացքով հարցնում` «Սիրու՞մ եք ինձ, մարդիկ…»: