«Սամվել Ղազարյան․ արարման ուղին »

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է

Քանդակագործ, գրաֆիկ Սամվել Ղազարյանի արվեստն առանձնանում է ժանրաթեմատիկ լայն ընդգրկմամբ, խորքային բովանդակությամբ և կերպարային բազմազանությամբ: Նրա ստեղծագործություններում զուգակցվում են քնարականությունը և միստիցիզմը։
 
Վարպետի համար արվեստի շարժիչ ուժը գաղափարն է, որը տարածության մեջ զարգանալով՝ ստանում է ձև ու բովանդակություն։ Արարման ելակետ է միտքն ու հոգին, որ անցնելով ինքնամաքրման ուղին՝ կատարսիսը, և վերածվելով գեղեցիկ արվեստի, դառնում է մտածող արվեստագետի ձգտման արտահայտություն դեպի գոյի իմացություն։ Սամվել Ղազարյանի ծավալային մտածողությունը նկատելի է նաև գծանկարչության մեջ, որտեղ դրսևորվում են նույն փիլիսոփայական խորությունը, պլաստիկական լուծումների հարստությունը և կերպարային արտահայտչականությունը, որոնք հատուկ են նրա քանդակներին։
 
Անկախ չափից, նյութից կամ թեմայից՝ Սամվել Ղազարյանի արվեստը կրում է մոնումենտալ հնչողություն։
 
Նրա յուրաքանչյուր երկ առանձնանում է ձևի արխիտեկտոնիկ կառուցվածքով, լակոնիկ ասկետիզմով և դասական համաչափության ներդաշնակ կիրառմամբ։ Ղազարյանի ստեղծագործությունները հայ քանդակագործության կարևորագույն ձեռքբերումներից են, որոնք միավորում են ավանդական ժառանգությունը, ինքնատիպ ոճական մոտեցումներն ու համամարդկային գաղափարները: 
 
Արվեստագետի ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը, որն ընդգրկում է 70-ից ավելի քանդակ և գրաֆիկակական աշխատանք, նպատակ ունի ներկայացնելու արվեստագետի արարման ուղին՝ նրա ստեղծագործությունները բոլոր փոխակերպումներով հանդերձ, որոնք ծնվել են թե՛ գիտակցված, թե՛ ինտուիտիվ՝ ի հայտ բերելով խոր բովանդակություն և սիմվոլիկա։
 
Ցուցահանդեսի համադրող՝ Մարիամ Դավթյան: