«Տոն, որից շահում է արվեստը»

«ՆԱԻՐԻԻ» ՆԱԽԱՆՎԱԳԸ՝ ՀԱՆՔԱՎԱՆՈՒՄ

Զարթոնքի հրավառության էր նման ձմռան նիրհից նոր-նոր արթնացող Հանքավանում  այսօր կայացած «Նաիրի» երաժշտական այգու հիմնադրման հանդիսավոր արարողությունը: ՀՀ սփյուռքի և Մշակույթի նախարարությունների նախաձեռնությամբ մեկնարկած «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի նախանվագն էր այն, որը սկիզբ առավ «Նաիրի ՍՊԱ ռեզորթս» հյուրանոցային համալիրի տարածքում՝  գլխավոր հովանավոր, ռուսաստանաբնակ գործարար Գրիգոր Ղուկասյանի հանձնառությամբ: 
 
Սառնաշունչ անձրևն անգամ խոչընդոտ չէր՝ ջերմ ցանկություններով շնորհավորելու միմյանց և անխաթար ընթացք մաղթելու նոր ավանդույթի հիմնարկեքին: Ավելին, ասես առատության եղջյուրներից թափվող անձրևը յուրօրինակ ուղեկիցն  էր այգու հիմնադրման ամսաթվով սափորի ամփոփման արարողության և անվանական ծառատունկի: Եվ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի, «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանի, գեղարվեստական խորհրդի անդամներ՝ ճանաչված երգահանների, երաժիշտների, արվեստագետների, մտավորականների ձեռամբ տնկված կաղնու անվանական շիվերը ծառեր դառնալով՝ միշտ հիշեցնելու են այս օրվա խորհուրդը:
 
«Նաիրի» երաժշտական այգում հետագայում կտեղադրվեն հայ երաժշտությունը, նվագարանները, երգարվեստը խորհրդանշող բրոնզաձույլ պատկերաքանդակներով արձաններ, կկառուցվի հայ երաժշտության պատմությունը ներկայացնող թանգարան:Եվ մասնակիցներից ու ներկաներից որևէ մեկն այլևս կասկած չուներ, որ իրատեսական ու իրագործելի է նորաշունչ այս ավանդույթն ամենամյա դարձնելու միտումը: 
 
- Կարծում եմ՝ այս փառատոնը հայ ժղովրդի միավորմանը նպաստող գեղեցիկ ձեռնարկ ձեռնարկ է և իր շուրջ համախմբելու է ոչ միայն հայ արվեստագետներին: Խորին շնորհակալությունս եմ հայտնում հովանավոր Գրիգոր Ղուկասյանին, ով մեծագույն սիրով սատարեց համահայկական այս ծրագրի իրագործմանը՝ նպաստելով հայ երաժիշտների համախմբմանը,-ողջույնի իր խոսքում ընդգծեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
 
Ցանկացած փառատոնի ծնունդ համարելով համաժողովրդական նոր իրադարձություն, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը վերստին փաստեց.
 
- Արվեստն այն լավագույն հարթակն է, որի շնորհիվ հնարավոր է պահել ազգի միասնականությունը: Մենք այսպիսո՛վ պետք է կարողանանք դիմակայել օտարամոլության հզոր լիցքերին ու ալիքներին:
 
Դիպուկ էր և Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի հակիրճ բնութագիրը՝ փառատոնին՝
 
- Տոն, որից շահում է արվեստը...
 
Այլևս անկասկած է՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության խորհրդանիշերից մեկն է դառնալու փառատոնը, որի մրցանակ-հուշանվերի վրա հենց այդ միասնությունն է պատկերված՝ Արարատ լեռան հովանու ներքո: Սեպտեմբեր ամսին կամփոփվեն փառատոնի արդյունքները. 10 անվանակարգերում մրցանակներ կստանան հայ և համաշխարհային նվագարանների ու հայ երգի վարպետները: