Հայազգի անվանի տենորի բեմելը՝ Բուենոս Այրեսի Կոլոնում

ԼԻՊԱՐԻՏ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ՄԵԾ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՑԱՎ ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԹԱՏՐՈՆՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ

Շառլ Գունոյի ‹‹Ֆաուստ›› օպերայում, մարտի 14, 16, 19 և 21-ին կայացավ Լիպարիտ Ավետիսյանի առաջնախաղը Կոլոն թատրոնում` Ֆաուստի դերերգով: Հեղինակավոր MusicaClasicaBA ամսագիրը գրում է. ‹‹Ֆաուստը, երիտասարդ հայ տենոր Լիպարիտ Ավետիսյանը, տիրապետում է գեղեցիկ քնարական ձայնի, որն օժտված է բնական հնչեղությամբ:  Նա գերազանց կերպով ցուցադրում է իր վոկալ կարողությունները և լավագույնս է ներկայացնում այն ամենը, ինչ պահանջում է թե՛ երաժշտական պարտիտուրը, թե՛ դրամատիկ կերպարը›› (MusicaClasicaBA, 17.03.2023): Մեկ այլ պարբերականում նշվում է, որ Լիպարիտ Ավետիսյանը բացեց երեկոն ‹‹Salut Ô mon dernier matin›› արիայի արժանի կատարմամբ և շարունակեց դերը, ցուցադրելով բարձր վարպետություն, ինչն առավել վառ արտահայտվեց դերերգի ամենաքնարական հատվածներում, ինչպիսին է դյութիչ ‹‹Salut demeure››-ը, որը հորդում էր այնպես ազատ ու թեթև, ինչպես պահանջում է պարտիտուրը (Clarín.com 15.03.2023):
 
Գյոթեի փիլիսոփայական դրամայի հիման վրա գրված Շառլ Գունոյի համանուն ‹‹Ֆաուստ›› օպերայով Կոլոն թատրոնը բացեց իր թատերաշրջանը: Այն հինգ գործողությամբ ֆրանսիական գրանդ օպերա է՝ բալետային տեսարաններով և հզոր երգչախմբով: Ներկայացման բեմադրող ռեժիսորը, սցենարիստը, խորեոգրաֆը, հագուստների և լույսերի նկարիչը մեր օրերի ամենապահանջված մասնագետներից իտալացի Ստեֆանո Պոդան է, իսկ երաժշտական ղեկավարը՝ բրիտանացի դիրիժոր Յան Լաթամ-Քոենիգը: Մեֆիստոֆելի դերում հանդես եկավ ռուս հզոր բաս Ալեքսեյ Տիխոմիրովը, իսկ Մարգարիտի դերում՝ ռումինացի սոպրանո Անիտա Հարթինգը, ով տպավորիչ միջազգային կարիերա է կերտում: Ներկայացումը բեմադրված է աբստրակտ, պոետիկ ոճով, այն հարուստ է սիմվոլիկ, փիլիսոփայական և լիտուրգիական էլեմենտներով: 
 
2022-23թթ. թատերաշրջանում Լիպարիտ Ավտիսյանն արտերկրում հանդես է եկել Semperoper Dresden-ում, Մարիինյան թատրոնում (Ալֆրեդո, ‹‹Տրավիատա››), Թուլուզի Théâtre du Capitole -ում (Ռոդոլֆո, ‹‹Բոհեմ››), Բոլշոյում (Կոմս Ալմավիվա, ‹‹Սևիլյան սափրիչ››): Առաջիկայում հանդես կգա Գլայնդբորնի փառատոնում (Նեմորինո, ‹‹Սիրո ըմպելիք››) և Թագավորական օպերային թատրոնում, Քովենթ Գարդեն (Ալֆրեդո, ‹‹Տրավիատա››):
 
Ապրիլի 11-ին Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնում կկայանա Լիպարիտ Ավետիսյանի մենահամերգը: