Քննարկվել է Ֆրանկոֆոնիայի խաղերը ՀՀ-ում անցկացնելու հնարավորությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինային՝ քննարկելու 2027 թ. Ֆրանկոֆոնիայի խաղերը ՀՀ-ում անցկացնելու հնարավորությունը:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Գիլոյանը:
 
Ողջունելով Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինային՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել այցի համար՝ ընդգծելով, որ կարևորում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) հետ համագործակցությունը (տեղեկացրել է ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից):
 
- Հայաստանը ՖՄԿ-ին անդամակցության առաջին իսկ օրվանից եղել է շատ ակտիվ, այդ թվում՝ կազմակերպության խոշոր միջոցառումների հյուրընկալության և կազմա¬կերպման հարցերում: Հայաստանը վերջին տարիներին զգալի փորձ է կուտակել նաև մեր երկրում միջազգային խոշոր սպորտային միջոցառումներ անցկացնելու առումով։ Նախորդ տարի Երևանը հյուրընկալել էր բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, այս գարնանը ՀՀ մայրաքաղաքում կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի, իսկ աշնանը՝ սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը: Այս տարիներին կուտակված փորձը և Հայաստանի ակտիվ ներգրավումը ՖՄԿ բոլոր կառույցների գործունեության մեջ թույլ են տալիս Հայաստանին դիտարկել 2027 թվականին կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ՝ հոբելյանական խաղերը Երևանում հյուրընկալելու և համապատասխան հայտ ներկայացնելու հնարավորությունը,- նշել է ԿԳՄՍ նախարարը։ 
 
Ժաննա Անդրեասյանը Զեյնա Մինային տեղեկացրել է նաև, որ 2018 թվականի Հայաստանում անցկացել է ՖՄԿ 17-րդ գագաթաժողովը՝ հյուրընկալելով 75 պետությունների կառավարության ղեկավարների և ներկայացուցիչների։ 
 
- Մեր երկիրը գիտակցում է Ֆրանկոֆոնիայի խաղերի ամբողջ ծավալը և հսկայական պատասխանատվությունը։ Ձեր խորհրդատվությունը, դիտարկումները և գնահատականները մեզ համար շատ օգտա¬կար կլի¬նեն կազմակերպական աշխատանքներն արագացնելու և վերջնական որոշում կայացնելու տեսանկյունից,- ավելացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
 
Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և պատրաստակամության համար, ինչպես նաև մատնանշել, որ տպավորված է Հայաստանի մարզական և մշակութային ենթակառուցվածքներով:
 
- Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերը ներառում են բազմաթիվ մարզաձևեր, ունեն ազգային և միջազգային ժյուրի ու կոմիտե: Այն ավելի նման է Օլիմպիական խաղերին: Կարևոր պայման է, որ հյուրընկալող երկիրը նախարարի ղեկավարությամբ ստեղծի միջկառավարական ղեկավարող կոմիտե, որն էլ կզբաղվի խաղերի՝ ինչպես նախապատրաստական, կազմակերպչական, այնպես էլ տեխնիկական և համակարգման հարցերով,- տեղեկացրել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրենը:
 
Կողմերը քննարկել են նաև խաղերի արարողակարգային, հեռարձակման, Հայաստանում ֆրանսերենի տարածման հետ կապված մի շարք հարցեր:
 
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել կառուցողական հանդիպման համար, ինչպես նաև նշել, որ Հայաստանը մեծ փորձառություն ունի նմանօրինակ խաղերի կազմակերպման աշխատանքներում.
 
- Ամեն տարի Հայաստանը պատշաճ կազմակերպում է Համահայկական խաղերը, որի շրջանակում հյուրընկալում է ավելի քան 6000 մասնակցի՝ 132 երկրից: Այս տարի Համահայկական ամառային ութերորդ խաղերը 17 մարզաձևերով կանցկացվեն օգոստոսին: