«Ամենակարևոր հարցերից մեկը բարձրագույն կրթության և հետազոտության սերտացումն է». ԿԳՄՍ նախարար Ժաննա ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը մասնակցել են Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպված «Աճ, կրթություն և նորարարություն» թեմայով քննարկմանը: 
 
Նախարար Ժաննա Անդրեասյանը հարցուպատասխանի ձևաչափով ներկայացրել է կրթության որակի բարելավման ուղղությամբ ՀՀ կառավարության առաջիկա տարիների ռազմավարական ծրագրերը և նախատեսվող քայլերը` ընդգծելով կրթության բոլոր մակարդակների խնդիրների հասցեագրումն ու լուծումը՝ որպես մեկ շղթայի հաջորդական օղակներ: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է «Բարձրագույն կրթության և գիտության  մասին» նոր օրենքի ընդունումը` նշելով, որ ՀՀ կառավարության  կողմից նախանշված է հավակնոտ ծրագիր` ունենալ ակադեմիական քաղաք՝ որպես նոր ենթակառուցվածք և բովանդակություն: 
 
- Ամենակարևոր հարցերից մեկը բարձրագույն կրթության և հետազոտության սերտացման սկզբունքն է. այնպես անել, որ բուհերը լինեն ոչ միայն ակադեմիական միջավայր, այլև գիտական հետազոտությամբ զբաղվող կառույցներ,- նշել է նախարարը: 
 
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև բարձրագույն կրթության ոլորտում ֆինանսավորման ձևերին, որոնք պետք է բազմազանեցվեն՝ տարբեր խնդիրների լուծման համար ձևավորելով տարբեր մոտեցումներ: Ըստ նախարարի` նախատեսվում է վերանայվել բուհերին տրվող ֆինանսավորումը՝ այն փոխկապակցելով գիտահետազոտական գործունեության հետ, ինչպես նաև վերափոխել  կրթաթոշակային քաղաքականության տրամաբանությունը: 
 
Ի լրումն նախարարի՝ Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն ասել է, որ հետազոտություն իրականացնելու տեսանկյունից Հայաստանում առաջատար են ֆիզիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և ինֆորմատիկայի ոլորտները:
Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) տնօրեն Արմեն Օրուջյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կառոլին Գեգինատը, Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գլխավոր տնտեսագետ Իվալիո Իզվորսկին:
 
Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կառոլին Գեգինատն իր հերթին նշել է, որ միջազգային կառույցները համատեղ հանձնառություն ունեն Հայաստանում բարձրացնելու կրթության որակը, զարկ տալու նորարարությանը, արտադրողականությանը, զարգացնելու ներառականության ընդլայնման հնարավորությունները:
 
Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գլխավոր տնտեսագետ Իվալիո Իզվորսկին ներկայացրել է այլ երկրների, մասնավորապես՝ Էստոնիայի, Ֆինլանդիայի, Կորեայի, Մեքսիկայի փորձը, որոնք հաղթահարել են ճգնաժամը և կրթական բարեփոխումների արդյունքում նաև տնտեսական աճ գրանցել: 
 
«Աճ, կրթություն և նորարարություն» թեմայով քննարկման նպատակն էր մեկ հարթակում միավորել կրթության և նորարարության ոլորտների Հայաստանի հիմնական դերակատարներին՝ ներկայացնելու իրենց փորձը բարձրագույն կրթության և ստեղծարարության միջև կամուրջներ ստեղծելու վերաբերյալ: