ԱՆԱՂԱՐՏ ՊԱՀԵՆՔ ՀԱՅ ԵՐԳԸ

 Երգչուհի-երգահան Վարդուհի Խաչատրյանի  երազանքն իրականացավ. բացի երգելուց ու  նոր երգերին կյանք տալուց, այսօր նա աշխատում է մանկապատանեկան խմբակների հետ:
Խմբակներից մեկը գործում  է  ՀՀ  կրթության և գիտության նախարարության Գեղարվեստական  դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնում, մյուսը՝ Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողական խնդիրներ ունեցող  երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում:
 
- Վարդուհի,  ինչպիսի՞  զգացողություն եք ունենում, երբ աշխատում եք երեխաների հետ:
 
- Անկեղծ ասած՝ անբացատրելի: Երեխաների հետ աշխատելը հետաքրքիր և պատասխանատու գործ է: Մանկական գունեղ աշխարհը նոր երանգներ է ստանում, երբ նրանք սկսում են երգել: Ինձ ամենից ավելի ոգևորում է այն իրողությունը, որ մեր երեխաները շատ են սիրում հայրենասիրական երգերը: Իմ խմբակի սաների երգացանկը բազմաժանր է, բայց ամենաշատը երգում են հայրենասիրական երգեր՝ Հայաստանի, հայրենիքի, հայ զինվորի մասին: Մեր կենտրոնում պրոֆեսիոնալներ ենք կրթում: Մենք ոչ միայն մասնագիտական գիտելիքներով ենք զինում  մեր սաներին, այլև նրանց մարդկային նկարագիրն ենք ձևաորում: Նաև սովորեցնում ենք մարդասիրություն, հայրենասիրություն, բարի կամեցողություն, որը շատ է պետք մարդուն՝ լավ մասնագետ լինելուց առաջ: Այս ամենը մեզ փոխանցել են մեր կետրոնի երկարամյա տնօրեն, ներկայիս գեղարվեստական ղեկավար Սամվել  Բալոյանը և տնօրեն Թովմաս Պողոսյանը: Նրանք անում են ամենայն հնարավորը, որպեսզի  անաղարտ մնա հայ արվեստը: 
 
- Հե՞շտ է մանուկների հետ աշխատելը: 
 
- Հեշտ չէ, բայց շատ հետաքրքիր է և պատասխանատու: Նրանց  պետք է շատ նուրբ վերաբերվել: Իմ խմբակի երեխաներից մի քանիսը մանկատան սաներ են՝ զուրկ ծնողական սիրուց ու ջերմությունից:  Ես աշխատում եմ հնարավորինս  գունեղ դարձնել այդ երեխաների կյանքը; Նրանք այնքան շատ են սիրում երգը, երբեմն մեր դասաժամը ավարտին է մոտենում, բայց չեմ կարողանում ավարտել, նրանք ուզում են անդադար երգել, ու դա  ինձ ոգևորում է: Նրանց առօրյան շատ հագեցած է. դպրոցում տարբեր խմբակներ են գործում: Իմ սան Սուրեն Հովսեփյանը, ով սովորում է Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողական խնդիրներ ունեցող երեխաների դպրոցում,  ապրիլ ամսին մեկնեց ԱՄՆ,  այնտեղ երգել է հիմնականում հայրենսիրական երգեր և իմ հեղինակած և ուրիշ հեղինակների գործեր: Նրան ջերմ ողջունել է Պապին Պողոսյանը,  երգել է Գևորգ Չաքմալյանի հետ:
 
- Որպես երգչուհի-երգահան և մանկապատանեկան խմբակների խմբակավար, ի՞նչ կմաղթեք Ձեր հանդիսատեսին:
 
- Ամենից առաջ՝ խաղաղություն , միասնականություն: 
Եկե՛ք բոլորս պահենք ու պահպանենք մեր ազգային արժեքները: