Հայ երգի ասպետը

ՀԱՅԿԱԿԱՆ ՕՊԵՐԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԸ ԵՎ ԵՐԳԻՉ ԱՎԱԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

1933 թ. ստեղծված Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնն արդեն տասնամյակների պատմություն ու ստեղծագործական հարուստ ավանդույթներ ունի: Այդ ավանդույթները ձևավորվել են տարբեր տարիների լավագույն գործիչների ու երաժիշտ կատարողների անմիջական ջանքերի և անմնացորդ նվիրումի արդյունքում, որոնցից մեկն էլ անվանի երգիչ (տենոր), ՀԽՍՀ Ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր Ավագ Գեղամի Պետրոսյանն էր:

Ծնվել է 1912 թ. ՀԽՍՀ Կոտայքի շրջանի Գյամրեզ (այժմ՝ ՀՀ. Կոտայքի մարզի Կամարիս) գյուղում: Հրաշալի ձայնային տվյալները, երգելու ձիրքը հավանաբար հորից էր ժառանգել, որին կորցրել էր երկու տարեկան հասակում (հայտնի է, որ նրա հայրը ժամանակին երգել է Ս. Էջմիածնի եկեղեցական երգչախմբում): Ավագ Պետրոսյանի մանկության տարիներն անցել են բազում դժվարությունների ու զրկանքների մեջ, բայց հոգու խորքում փայփայել է երգիչ դառնալու երազանքը: Այդ երազանքն էլ 1936 թվականին նրան բերել էր Երևանի Պետկոնսերվատորիա, որտեղ սովորել է մինչև 1939 թ.`  աշակերտելով անվանի երգչուհի և մանկավարժ  Նադեժդա Գրիգորևնա Կարդյանին: 1940-42թթ. Պետրոսյանն ուսումը շարունակում է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ մեծանուն երգչուհի, վոկալի հեղինակավոր դասատու Կսենիա Նիկոլաևնա Դորլիակի դասարանում: Դեռ ուսանողական տարիներից սկսած, նա համերգային ակտիվ գործունեություն է ծավալում, մասնակցում նաև Հայկական արվեստի մոսկովյան դեկադաներին (1939թ. և 1956 թ.):

1940-թվականից աշխատելով Երևանի օպերային թատրոնում, հանդես է եկել աշուղի ու շեյխի` Ալ. Սպենդիարյանի «Ալմաստ» և Սարոյի դերերգով` Ա. Տիգրանյանի  «Անուշ»  օպերաներում: Կարճ ժամանակ անց Ա. Պետրոսյանը դառնում է այդ դերերգերի լավագույն կատարողներից մեկը: Անմիջական էին նրա կատարումները. երգչին հաջողվում էր լիարժեքորեն  բացահայտել օպերային ստեղծագործության կերպարին բնորոշ բոլոր առանձնահատկություններն ու արժանիքները: Դրա համար էլ հանդիսատեսն առանձնակի ջերմությամբ էր ընդունում Ավագ Պետրոսյան երգչին: 1940-ական թվականների սկզբին արխիվներից հայտնաբերվեց առաջին հայկական օպերայի՝ Տիգրան Չուխաճյանի «Արշակ 2-րդ»-ի պարտիտուրը: Իսկ 1945-ի նոյեմբերի 29-ին այն բեմադրվեց նոր լիբրետոյի հեղինակ և բեմադրող ռեժիսոր  Արմեն Գուլակյանի ջանքերով  (լիբրետոյի առաջին տարբերակի հեղինակն էր Թոմաս Թերզյանը): Այդ ներկայացումը երաժշտասեր հանրության մեծ ուշադրությանն արժանացավ, և  «Ալմաստ»-ի ու «Անուշ» -ի հետ միասին «Արշակ 2-րդ»-ը մեր լավագույն օպերաներից մեկը համարվեց: Այս հրաշալի ներկայացման մեջ հանդես գալով հայկական օպերային արվեստի մեծանուն վարպետներ Շարա Տալյանի, Հայկանուշ Դանիելյանի և մյուսների հետ, Ավագ Պետրոսյանը կարողացավ մեծ վարպետությամբ մարմնավորել Տիրիթի կերպարը: Նա հիմնավորապես հաստատեց, որ ինքն արդեն բավարար փորձ ու հմտություն ունի և պատրաստ է հանդես գալ լուրջ ու պատասխանատու դերակատարումներով: Ուստի ժամանակի ընթացքում նրան վստահվեցին այնպիսի դերեր, ինչպես Ռադամեսը և Մանրիկոն` Ջ. Վերդիի «Աիդա» և «Տրուբադուր» օպերաներում: Հասնելով մեծ ճանաչման, Ավագ Պետրոսյանը հանրապետության սիրված ու հեղինակավոր երգիչներից մեկը դարձավ, և 1947 թ. նրան շնորհվեց ՀԽՍՀ. Վաստակավոր արտիստի կոչում:

…1956 թվականի հունիսի 1-12-ը Մոսկվայում կայացած հայկական արվեստի երկրորդ դեկադայի ընթացքում Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը ներկայացրեց Տիգրան Չուխաճյանի «Արշակ 2-րդ», Արմեն Տիգրանյանի «Անուշ» և «Դավիթ-Բեկ», Պյոտր Չայկովսկու «Պիկովայա դամա» օպերաները և Գրիգոր Հախինյանի «Սևան» բալետը: Այդ բոլոր ներկայացումների ժամանակ Մեծ թատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր, իսկ Ավագ Պետրոսյանը հանդես էր գալիս ներկայացվող օպերաներում: Ջերմ էր ինչպես հանդիսատեսի վերաբերմունքը, այնպես էլ մամուլի արձագանքը: Բարձր գնահատվեցին ոչ միայն դիրիժոր Միքայել Թավրիզյանի նվիրվածությունն ու վաստակը, այլև հատկապես երգիչներ Գոհար Գասպարյանի, Տաթևիկ Սազանդարյանի, Նար Հովհաննիսյանի, Միհրան Երկաթի և Ավագ Պետրոսյանի հրաշալի կատարումները: Դեկադայից հետո ԽՍՀՄ Ժողովրդական արտիստի կոչում շնորհվեց Մ. Թավրիզյանին, Գ. Գասպարյանին և Տ. Սազանդարյանին, իսկ Ա. Պետրոսյանը Հայաստան վերադառնալուց հետո արժանացավ ՀԽՍՀ. Ժողովրդական արտիստի կոչման:

Ավագ Պետրոսյանը չէր սահմանափակվում սոսկ օպերային դերակատարումներով: Հանդես էր գալիս և մենահամերգներով, որոնց ընթացքում օպերային արիաների հետ կատարում էր նաև հայ կոմպոզիտորների ռոմանսներ, աշուղական ու ժողովրդական սիրված երգեր. հիշենք նրա կատարմամբ Կոմիտասի  «Լորիկ», Սայաթ-Նովայի «Յիս քու ղիմեթն չիմ գիդի», ժողովրդական «Ալագյազ», «Հոյ նազան իմ», «Վայ գիդի բլբուլը», «Իղձ», «Ետ արի» և այլ երգեր:

Ավագ Պետրոսյանը վախճանվեց 2000 թվականին` երաժշտասերների հիշողության մեջ մնալով որպես հայ երգի լավագույն վարպետներից մեկը:                                       

Տիգրան ՍԱՐԳՍՅԱՆ     

Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ