Մեկնարկում է «Խոսող կտավներ» ներառական նախագիծը

ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻՆ ԲԱՐՁՐ ԱՐՎԵՍՏԻ ԱՇԽԱՐՀ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՆՈՒՐԲ ԱՐՎԵՍՏԸ

Մեկնարկում է «Խոսող կտավներ» ներառական նախագիծը՝ տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց բարձր արվեստի աշխարհ ներգրավվելու նուրբ արվեստը: Ցանկացած թանգարանում արգելված է դիպչել ցուցանմուշներին, մինչդեռ հենց շոշափելիքի զգայարաններն են ծառայում տեսողության խնդիրներ ունեցող մարդուն՝ որպես պատուհան, որից նա տեսնում է աշխարհը։
 
«Սարեր» մշակութային հասարակական կազմակերպության «Խոսող կտավներ» ներառական նախագծի նպատակը տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց բարձր արվեստի աշխարհ ներգրավվելն է։ Առաջին ծրագրի շրջանակում ստեղծվել են Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից 5 գլուխգործոցի շոշափելի կրկնօրինակներ. Սևանի Աստվածամայր հրաշագործ սրբապատկեր, անհայտ հայ նկարիչ, Մարտիրոս Սարյան, «Հայաստան», Գրիգոր Խանջյան, «Հացը լեռներում», Մինաս Ավետիսյան, «Խնոցի», Սարգիս Մուրադյան, «Կոմիտաս․ Վերջին գիշերը»:
 
Շոշափելի նկարը կտավի ռելիեֆային պատկերն է, որը պատրաստվում է հիպոալերգեն պլաստիկից։ Շոշափելի պատճեն թույլ է տալիս տեսողության խնդիրներ ունեցող մարդուն զանազանել նկարում պատկերված հերոսների դիմագծերն ու հագուստը, բնապատկերի դետալները։ Յուրաքանչյուր շոշափելի կտավը լրացվում է տիֆլոմեկնաբանություններով և Բրայլի այբուբենով կատարված ցուցանակով։ Հայտնի դերասանների կողմից ձայնագրված մեկնաբանություններում հնչում է կտավի հակիրճ նկարագրությունը։ 
 
- Ծրագրի թիրախային խումբը տեսողական խնդիր ունեցող բոլոր մարդիկ են՝ անկախ տարիքից: Մեր նպատակն է հպման, ձայնի, հնչյունի միջոցով հնարավորություն տալ իրենց պատկերացում կազմել արվեստի գործերի մասին։ Այս նախագծի շնորհիվ տեսողական խնդիրներ ունեցող մարդիկ կարող են մտնել թանգարան ու տեսնել Սարյանի, Մինասի և այլ նկարիչների գործերը: Եվ իրենք կարող են վստահ մտնել թանգարան՝ համոզված լինելով, որ այստեղ ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները, որպեսզի իրենք նույնպես կարողանան հավասարապես ժամանակ անցկացնել թանգարանում: Սա շատ կարևոր է հատկապես հոգեբանական առումով, քանի որ կոտրվում են կարծրատիպերն ու հաղթահարվում է թերարժեքության բարդույթը, - նշում է ծրագրի հեղինակ, «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Էռնա Ռևազովան։ 
 
«Խոսող կտավներ» նախագծի առաջին հինգ շոշափելի նկարները փոխանցվել են Հայաստանի ազգային պատկերասրահ և օգոստոսի 3-ին իրենց տեղը կգրավեն բնօրինակ գլուխգործոցների կողքին։ 
 
- Երեխաները վաղ տարիքից են ծանոթանում և շփվում մշակույթի հետ։ Աուդիոգրքերը, աուդիոհանրագիտարանները, ռադիոթատրոնը օգնում են տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց հետ չմնալ այդ խնդիրը չունեցող իրենց հասակակիցներից։ Սակայն կերպարվեստն այնուամենայնիվ անհասանելի էր նրանց։ Այժմ այդ բացն աստիճանաբար լրացվում է «Խոսող կտավներ» ներառական նախագծի շնորհիվ։ Իհարկե, այս ոլորտում դեռ շատ աշխատանք ունենք անելու, որովհետև եթե տեսողության խնդիրներ ունեցող մեր հայրենակիցները չկարողանան ճանաչել Մինասի, Սարյանի, կամ Այվազովսկու գլուխգործոցները, նրանք չեն կարողանա իրենց հասարակության լիարժեք անդամը զգալ, - խոստովանում է նախագծի հնչյունային ռեժիսոր, կոմպոզիտոր Վահան Նահապետյանը, ով հանդես է գալիս նաև որպես նախագծի գլխավոր փորձագետ։ 
 
Այսպիսով, «Խոսող կտավներ» նախագիծը թույլ է տալիս տեսողություն չունեցող մարդկանց դիպչել հայ նկարիչների գլուխգործոցներին, իսկ թանգարանի մյուս այցելուներին՝ ընդգրկվել իրենց հայրենակիցների աշխարհը, ովքեր արտաքին աշխարհի մասին ինֆորմացիան ստանում են միայն լսողության և շոշափելիքի զգայարանների շնորհիվ։ 
 
Նախագիծն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։