Նպատակը՝ Շիրակի մարզում խթանել մշակութային կյանքի ակտիվացումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի աշխատանքային այցը Շիրակի մարզ մեկնարկել է Ախուրյան գյուղից։ Արա Խզմալյանը հյուրընկալվել է քանդակագործ Ալբերտ և նկարիչ Հրաչյա Վարդանյանների արվեստանոցում, ծանոթացել արվեստագետների աշխատանքներին, առաջիկա ծրագրերին:
 
Զրույցի ընթացքում նախարարի տեղակալն ու արվեստագետները քննարկել են ազատ արվեստագետների գործունեության, դերակատարության, հնարավոր համագործակցության և դրան առնչվող մի շարք հարցեր:
 
Այնուհետև Գյումրիում նախարարի տեղակալին հյուրընկալել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը: Ողջունելով հյուրին՝ Նազելի Բաղդասարյանը նշել է, որ մշակութային մայրաքաղաք Գյումրիում անելիքները շատ են, և առանձնակի գոհունակություն է հայտնել  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ Շիրակի մարզում մշակութային կյանքի ակտիվացմանն աջակցելու, բազմաթիվ և բազմաբնույթ ծրագրեր իրականացնելու համար։ 
 
ԿԳՄՍ նախարարի տեղակալը փաստել է, որ Շիրակի մարզի ամենամեծ կապիտալը մշակույթն է, և նախարարությունը պատրաստակամ է համապատասխան աշխատանքներ իրականացնել մշակութային համագործակցությունն առավելապես խորացնելու ուղղությամբ:
 
Հանդիպումից հետո քննարկում է տեղի ունեցել մարզում գործող մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Անդրադարձ է կատարվել ՀՀ ԿԳՄՍՆ դրամաշնորհային մրցութային համակարգի նպատակներին և ակնկալվող արդյունքներին, միջմարզային-միջհամայնքային համագործակցությանը, առավել շատ կրթամշակութային ծրագրեր մարզում իրականացնելուն, գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակությանն առնչվող հարցերին։ 
 
Այցի շրջանակում Արա Խզմալյանը հանդիպել է նաև ՀՀ  Շիրակի մարզի ինքնազբաղ արվեստագետների հետ, քննարկել ժամանակակից արվեստի, ստեղծարար արդյունաբերության ոլորտում նրանց դերակատարությանը և հնարավոր համագործակցությանը վերաբերող խնդիրները: Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ինքնազբաղ արվեստագետների ստեղծագործական ռեսուրսը  լիարժեք գործադրելու, դրա համար բարենպաստ պայմաններ ստեղծելու հարցերին՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը: 
 
Հաջորդիվ Արա Խզմալյանն այցելել է «Գյումրու ժողովրդական գործիքների նվագախումբ» ՊՈԱԿ, ծանոթացել շենքային պայմաններին, առկա խնդիրներին և քննարկել նվագախմբի առաջիկա անելիքներին և ծրագրերին առնչվող հարցեր: 
Այցելության հաջորդ հասցեն Շիրակի մարզային գրադարան էր, ուր պաշտոնյան ծանոթացել է առկա պայմաններին, գրքային ֆոնդին, իրականացվող կրթական, սոցիալական, մանկապատանեկան և տարաբնույթ այլ ծրագրերի:
 
Այցի ավարտին Արա Խզմալյանը և Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ներկա են գտնվել Ե. Չարենցի 125-ամյակին նվիրված երաժշտաթատերական ներկայացմանը, որն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ:   
 
Ի դեպ՝ ներկայացումը կցուցադրվի նաև Վանաձորում (հուլիսի 19-ին) և Դիլիջանում (հուլիսի 29-ին):