Հայաստանում ստեղծվում է նախադեպը չունեցող Musk Factor նախագիծը

Հայաստանում ստեղծվում է նախադեպը չունեցող նախագիծ, որը կնպաստի մեր երկրի և հայկական ՏՏ ոլորտի նկատմամբ դրական իմիջի ձևավորմանը։ Նախագիծը կոչվում է Musk Factor և հայկական արտադրության կատակերգական սերիալ է ապագայի մասին։
 
Ի՞նչ կլինի, եթե բիզնես մագնատ Իլոն Մասկը կոլոնիզացնի Մարսը։ Ի՞նչ է սպասվում մեզ ոչ շատ մեծ ապագայում։ Ինչպիսի՞ն կլինի աշխարհը տարիներ անց։ Ի՞նչ կլինի, երբ թվային կլոնավորումը դառնա սովորական երևույթ։ Musk Factor հայկական արտադրության 10 մասանոց ֆիլմը պատմում է չորս տղաների մասին, որոնք անիրական թվացող գաղափարից հասնում են անհավանական հաջողության՝ օգտագործելով արհեստական բանականության հնարավորությունները: Նրանք ստեղծում են մարդկանց թվային կլոններ․ մարդու վիրտուալ կրկնօրինակը թվային տարածքում։
 
Օգտագործելով այս տեխնոլոգիաները՝ չորս ընկերները հիմնում են նաև սոցիալական ցանց, որտեղ օգտատերերը կարող են հաղորդակցվել արհեստական բանականության կողմից ստեղծված վիրտուալ մարդկանց հետ։ Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում այն պահից, երբ գլխավոր հերոսներից մեկի հայրը թռնում է Մարս՝ դառնալու այդ մոլորակի առաջին բնակիչներից մեկը։
 
Գեղարվեստական այս սերիալում ներկայացված են մոտ ապագայի՝ 2028 թվականի իրադարձությունները, և թե ինչպիսին է լինելու աշխարհն այդ ժամանակաշրջանում՝ Musk Factor-ի թիմի աչքերով։ Լայնորեն կիրառված են ամենատարբեր կլիշեներ և չափազանցված սոցիալական տենդենցներ, ինչպիսիք են «քաղաքական կոռեկտությունը», ազատ կամքը, արհեստական ինտելեկտի սպառնալիքները և հնարավորությունները, կրիպտո արժույթի համատարած օգտագործումը և, ի թիվս այլ հարցերի, նաև թե ինչպիսին է ապագայի կրոնը։
 
Նախագիծը ներկայացվելու է խոշորագույն սթրիմինգային հարթակներից մեկում (Netflix, Amazon Prime Video, HBO Max և այլն)։ Անդրադառնալով բոլորի հուզող հարցերին՝ Musk Factor-ը թիրախավորում է արտերկրի՝ տարբեր տարիքի և ՏՏ ու կինո ոլորտների նկատմամբ հետաքրքրություններ ունեցող մարդկանց։ Այն նպատակ ունի հայկական ֆիլմերի համար հետագա հոսք ապահովել դեպի խոշոր սթրիմինգային ծառայություններ՝ դառնալով այս ասպարեզում իսկական առաջամարտիկ։
 
Նախագծի համար ոգեշնչման աղբյուր են հանդիսացել մի շարք դասական արտասահմանյան կինոնկարներ, որոնց առնչվող հումորային անդրադարձներ հանդիսատեսը, վստահաբար, կնկատի նաև սերիալում։ Դրանցից են, օրինակ, «Մեծ պայթյունի տեսությունը», «Ռիկը և Մորթին», «Սիլիկոնյան հովիտը», «Հետ դեպի ապագան», «Մատրիցան», «Տերմինատորը 2», «Ֆարենհայթ 451»-ը և այլն։
 
Նախադեպը չունեցող այս սերիալի շնորհիվ ոչ միայն աշխարհը կճանաչի մեր երկիրը՝ որպես ՏՏ կենտրոն, այլև կնպաստի ոլորտի զարգացմանը, կավելանա ՏՏ ոլորտում աշխատողները թիվը, իսկ Հայաստանում կզարգանա ՏՏ զբոսաշրջությունը։
 
Վերջերս բազում հայկական ընկերություններ խոշոր ներդրումներ ստացան, և ֆիլմի միջոցով մարդկանց կներկայացվի մեր երկրի ՏՏ ոլորտի հաջողության առեղծվածը։
 
Սերիալի աշխատանքները սկսվել են 2021 թվականի հունվարին։ Ֆիլմը լույս կտեսնի 2022 թվականի ամռանը։
 
Նշենք, որ Musk Factor սերիալի գլխավոր պրոդյուսերն է Ռաֆայել Թադևոսյանը, ով, միջազգային PR և մեդիա փորձագետ է, և, ի թիվս բազմաթիվ միջազգային ինքնատիպ նախագծերի, նաև տարածաշրջանի ամենամեծ՝ Luxury Food London ունեցող բլոգի ստեղծողն է (5 մլն հետևորդ)։
Musk Factor սերիալի շուրջ համախմբված է պրոֆեսիոնալ հայկական և միջազգային թիմ․ ակնկալվում է աշխարհահռչակ պրոդյուսերների, դերասանների և այլ մասնագետների մասնակցություն։