ԴԱՐԵՐ ԿԱՊՈՂ ԴՐԱՄԱՏՈՒՐԳԸ

Տպագրության է պատրաստվում ծանրակշիռ մի գիրք, որը մինչ այս հրատարակությունը արդեն հասցրել է ձեռքից ձեռք անցնել ու գրախոսվել ասպարեզի մասնագետների կողմից։ Պիեսներից մի քանիսը նախկինում տպագրվել են առանձին գրքույկներով, մյուսները լույս են տեսել Կալիֆորնիայի հայ գրողների միության «Ժամանակակից դրամատուրգիա» քառահատոր մատենաշարի հատորյակներում և «Դրամատուրգիական երկերի ընտրանի» մատենաշարում։ Ժողովածուի մեջ տեղ գտած պիեսները արժանացել են Հայկազ Երանոսյանի, Ռուբեն Մարուխյանի, Բյուրեղիկ Մնեյանի, Սոֆյա Սարգսյանի, Արմենուհի Ծատուրյանի, Աիդա Պողոսյանի, Թորոս Թորանյանի, Ցոկակ Մլքե-Գալստյանի, Հովհաննես Հելվաջյանի և այլ արվեստագետների հավանությանը։
 
Մուշեղ Մխիթարյանը, որը մշակութային և մշակութասեր հասարակությանը հայտնի է Մխիթար Մոս-Մուշեղյան անվամբ, վաղուց հայտնի է իր հետաքրքիր պիեսներով և պատմական դրամաներով, որոնց միջոցով էլ մերօրյա հային է ներկայացնում համաշխարհային պատմության դարակազմիկ դեպքերը․ այն դեպքերը, որոնք ըստ հեղինակի հետք են թողել աշխարհի քարտեզի խմբագրումների վրա։ Մոս-Մուշեղյանը  գրում է ոչ միայն հայոց, այլև, ինչպես արդեն նշեցի՝ համաշխարհային պատմության մասին, որովհետև բոլոր ժողովուրդներին համարում է մի ամբողջություն։ Եվ իսկապես, չէ՞ որ հազարավոր տարիներ առաջ այդպես էլ եղել է։ 
 
Ութսունութ տարեկանում բավականին բարդ է գրելը, վերլուծելը, գրախոսելը ու, եթե խոսքը չվերաբերեր վաղեմի ընկերոջս՝ Մուշեղին, գուցեև հանձն չառնեի։ Ինձ համար կարևոր մարդ է այս գրքի հեղինակը․ նա ոչ միայն իմ գաղափարակիցն է, ընկերն ու հարազատը, այլև այն մարդն է, ում ամեն գրածի տակ պատրաստ եմ ստորագրել՝ առանց կարդալու։ Ախր միանման ենք նայում աշխարհին, միանման ենք նայում երևույթներին։ Ինքս էլ չգիտեմ, թե ոնց է ստացվել։ Եվ ինչու հիշատակեցի մեր միանմանությունը՝ անկախ մեր մեջ եղած տարիքային հսկայական տարբերությանը, որովհետև Մուշեղը այն քչերից է, ով գրում է պատմական թեմաներով պիեսներ, նույն ոգևորությամբ ու հափշտակվածությամբ ինչ և ես։ Տարիներ առաջ, երբ լույս տեսավ «Հավերժի ճամփորդները» խորագիրը կրող պատմական դրամաների ժողովածուս, ես մտորումների մեջ էի, թե ինչո՞ւ շատերը դրամատուրգիական գործերում չեն անդրադառնում պատմությանը ու ահա... 
 
Մուշեղը հայտնի է նաև որպես խմբագիր․ խմբագրել է իմ վերջին երեք գրքերը, Ռուբեն Մարուխյանի «Պիեսներ» գիրքը, Աիդա Պողոսյանի, Գայանե Աղաքարյանի և այլ գրողների գրքեր, Մուշեղի խմբագրական ստորագրությամբ է լույս տեսել Կալիֆորնիայի հայ գրողների միության «Ժամանակակից դրամատուրգիա» քառահատոր մատենաշարը, միության կողմից հրատարակված այլ ժողովածուներ։ Իմանալ, որ Մուշեղի խմբագրությամբ գիրք է լույս տեսել, կամ տեսնելու՝ զարմանալի չէ։ Բայց  զարմացա՝ իմանալով, որ պատրաստվում է սեփական գրքի խմբագիրը լինել, այն դեպքում, երբ, ինչպես ասացի պիեսները անտիպ չեն և նախկինում արդեն խմբագրվել են ասպարեզի անվանի գործիչների կողմից։ Օրինակ՝ Դրամատուրգիական երկերի ընտրանի ժողովածուի մեջ տեղ գտած «Լևոն Վեցերորդ. Կիլիկիո արքան» պիեսը (քանի որ մատենաշարի գլխավոր խմբագիրը Մուշեղն էր) խմբագրել է Ռուբեն Մարուխյանը։ «Կալոդեն. Արյունոտ շուշաններ» պիեսը խմբագրել է Հայկազ Երանոսյանը... 
 
Խոսեցինք այս մասին և Մուշեղը տվեց միամգամայն ընդունելի պատասխան՝
 
- Նախ, ես այս պիեսները վաղուց եմ գրել ու արդեն սառել եմ, կարող եմ օտարի պես խմբագրել և հետո, մի տեսակ պակաս է ինչ֊որ բան։ Չկան դիալոգները, որոնք խմբագիրները գտել են անկարևոր, բայց ես դրանք աննպատակ չէի գրել։
 
Այո, ընդունելի պատասխան է։ Եվ իսկապես, վերընթերցելով պիեսները սույն առաջաբանը գրելուն պատրաստվելու համար, նկատեցի, որ բավականին փոփոխություններ կան, որոնք ոչ թե նոր արված, այլ բնագրում եղած և նախորդ տպագրություններում կորսված են եղել, իհարկե կան նաև նոր խմբագրումներ, բայց ո՞վ ունի ջնջելու, փոխելու կամ ավելացում անելու իրավունք, եթե ոչ՝ ինքը հեղինակը, մանավանդ, եթե գիտի իր անելիքը։ Մուշեղը, որպես գրքի խորագիր է ընտրել «Ճեղքելով դարը» վերնագիրը, որը ի սկզբանե չհավանեցի, սակայն աստիճանաբար վարժվեցի ու անգամ սիրեցի։ Եվ իսկապես, ի՞նչ է անում դրամատուրգը սույն գրքում տեղ գտած պիեսները հրապարակելով, ինչպես կոչել նրա քայլը, եթե ոչ՝ դարը ճեղքել։
Պիեսները գրքում տեղադրված են ժամանակագրական սկզբունքով, սկսվում են XX-րդ դարից և հասնում մինչև XIV-րդ դար։
 
Թերթելով գրքի էջերը՝ մենք ծանոթանում ենք պատմությունից մեզ քաջածանոթ, ԽՍՀՄ հերոս, հայազգի մարշալ Հովհաննես Բաղրամյանի հետ․  Բաղրամյանի, որը ինչպես հեղինակն է դիպուկ բնորոշում` նաև Իվան է ու Վանյա։ Պիեսում, ունենալով պատմական ժամանակաշրջանի մասին համապարփակ գիտելիք, երիտասարդ դրամատուրգը ձգտել է ներկայացնել Հովհաննես Բաղրամյան-մարդու կյանքի ողբերգությունները։ Մեր աչքերի առաջ է երիտասարդ Հովհաննեսը, որը մարտնչում է հանուն հայրենիքի՝ Էրզրումում, և նա «մեծանում» է մեր աչքի առաջ, հասակ առնում՝  դրամատուրգի հմուտ մանևրումների շնորհիվ մեզ էլ ականատեսը դարձնելով իր բոլորանվեր ուղու։ Բաղրամյանը, ինչպես և Մուշեղ Մխիթարյան դրամատուրգի յուրաքանչյուր հերոս, իր կյանքն ունի, նրան անհնար է շեղել, տանել մի այլ արահետով, որը կբեկի նրա ճակատագիրը։ Այս պիեսը է՛լ ավելի է գեղեցկանում, երբ կարդում ենք հեղինակի խոսքը պիեսի տեղծման պատմության մասին։
 
Հաջորդիվ մեզ է ներկայանում Գեորգ Երրորդ թագավորը․ մի խելագար, ում իր ցնորքներից զատ այլևս ոչինչ չի հետաքրքրում, սակայն նրան այս հանգամանքը արգելք չէ, և նա շարունակում է խաղալ ենթակա գաղութների խաղաղ ժողովրդի ճակատագրերի հետ, այսպիսով ծնունդ տալով «ազատության որդիներին»։ Ազատության որդիները, Գեներալ Ջորջ Վաշինգտոնի գլխավորությամբ կռիվ են տալիս, ինչպես պիեսում գլխավոր հերոս Ջորջ Վաշինգտոնն է ասում` հանուն իրենց որդիների, իրենց որդիների որդիների ու նրանց որդիների խաղաղ ապրելու իրավունքի։ Այստեղ ևս ամեն ինչ հարթ չէ, այստեղ էլ, ինչպես յուրաքանչյուր հերոսական պատմության մեջ, գլուխ է բարձրացնում մի դավաճան...
 
Հաջորդ պիեսը Կալոդենն է, որը, ինչպես գրքի հեղինակն է խոստովանել մի առիթով, իր ամենասիրելի գործն է համաշխարհային պատմության մասին պիեսներից, որոնք ներկայացված են այս գրքի մեջ։ Ենթադրում եմ, սրա պատճառը պիեսի խոր ռոմանտիզմն է, որովհետև Մուշեղն էլ իր բնույթով չափազանց ռոմանտիկ է։ Այս պիեսում էլ Անգլիայի արքունիքի մատն է խառը, ու, եթե նախորդ պիեսում հանովերյան  դինաստիայից Գեորգ Երրորդն էր ճնշում իր տիրապետության տակ գտնվող ժողովուրդներին, այստեղ էլ նրա թոռն է՝ նրա անվանակիցը։ Եվ պիեսի երիտասարդ հերոսը իր սիրելի կնոջ հետ հանձն է առնում իր հայրենիքի՝ Շոտլանդիայի ազատագրման գործը։ Անկախ վերջնարդյունքից, այստեղ կարևորը այն հավատն է, սերը առ հայրենիքը, որը ի բնե կա ու չի լքում հերոսին, և առհասարակ հերոսներին՝ անկախ ազգությունից ու ժամանակաշրջանից։ 
«Կալոդեն» պիեսին հաջորդում է «Լևոն Վեցերորդ. Կիլիկիո արքան» պիեսը։ Պիես, որը մեծ ազդեցություն կարող է թողնել իր խոր դրամատիզմով, ապրումների հրավառությամբ։ Կիլիկյան Հայաստան... կրոն ու հայրենիք, ահա այն գաղափարը, որով ապրում են արքունիքն ու արքան։ Եվ մենք՝ ընթերցողներս, վերապրում ենք դարեր առաջ տեղի ունեցածը դրամատուրգ Մոս-Մուշեղյանի շնորհիվ՝ դասեր քաղելով մեր իսկ պատմությունից։ Չգիտեմ, թե քանի անգամ եմ առիթ ունեցել կարդալու այս պիեսը, բայց ամեն անգամ կարդալիս փշաքաղվելու առիթներ են եղել, մանավանդ պիեսի վերջին տեսարանում, երբ Հովհաննես Դարդելը բացականչում է. «Լսեցեք, մարդիկ, վախճանվեց հայոց վերջին արքան»։
 
Գիրքը եզրափակվում ոչ պակաս դրամատիկ մի պատմությամբ, որը թատերագրական ժանրում մեզ է ներկայացնում Լորենցո դե Մեդիչիի և եկեղեցու բախումները հանուն հողի ու իշխանության։ Ո՞վ է հողն ուզում ու ինչի համար, ով է իշխանատենչը... սրանք հարցեր են, որոնց անհնար է պատասխանել առաջաբանի տեսքով, մանավանդ, որ յուրաքանչյուր պատասխան ակնկալում է նաև հիմնավորում։ 
 
Բոլոր դարակազմիկ երևույթների, բոլոր հաղթանակների ու պարտությունների մասին կարելի է իմանալ սույն գրքում, որը ոչ միայն գեղեցիկ գրական գեղարվեստական ստեղծագործություն է, այլև պատմականորեն հավաստի աշխատություն։ Իհարկե, հավաստիությունն էլ իր չափը ունի, մանավանդ՝ գեղարվեստական գործերում, սակայն ես վստահ եմ, որ դրամատուրգը արել է ամեն հնարավորը՝ պատմական փաստերը ըստ էության գնահատելու և որևէ պարագայում չանտեսելու համար։
Կարևոր եմ համարում մեր օրերում այս պիեսների հրատարակությունն ու տարածումը, և շատ կուզեի, որ այս պիեսները բեմ բարձրանային, քանի որ արդիական են այսօր, ու թերևս այս արդիականությունը և համեմատականների շոշափելի եզրերը թույլ են տալիս առավել պատկերավոր հասկանալ ու ըմբռնել դրամատուրգի՝ աշխահաբնակչությանը մի ամբողջության մեջ տեսնելու հանգամանքը և այդ հանգամանքի ճշմարտացիությունը։
 
Որպես ավագ սերնդի դրամատուրգ իմ երախտիքն եմ հայտնում երիտասարդ ընկերոջը, ում երիտասարդությունը երբեք խոչընդոտ չէ հասուն գործեր ստեղծելու համար։
 
Գևորգ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԳՄ և ԿՀԳՄ անդամ
Դրամատուրգ, արձակագիր