Մնայուն ավանդույթ

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»18-ՐԴԸ

Վաղուց արդեն մնայուն ավանդույթ դարձած «Ոսկե ծիրան»-ի 18-րդ միջազգային կինոփառատոնը կբացվի Նադավ Լապիդի «Ահեդի ծունկը» ֆիլմով։
 
Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 3-10-ը: Փառատոնի մեկնարկը կտրվի իսրայելցի մրցանակակիր կինոռեժիսոր Նադավ Լապիդի «Ահեդի ծունկը» ֆիլմով: Այս մասին փառատոնի կազմակերպիչները նշեցին փառատոնային առաջին ասուլիսի ընթացքում:
 
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը ներկայացրեց փառատոնի նոր պաստառը, որի հեղինակը ֆրանսաբնակ գրաֆիկ դիզայներ, գրաֆիկական բեսթսելեր վեպերի հեղինակ Վահրամ Մուրատյանն է:
 
Նա հավելեց, որ այս տարվա փառատոնի պատվավոր հյուրերից է իսրայելցի կինոռեժիսոր, Բեռլինի Ոսկե արջի դափնեկիր (Հոմանիշներ, 2019), Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակակիր (Ահեդի ծունկը, 2021) Նադավ Լապիդը: Հենց նրա ֆիլմով է տրվում 18-րդ կինոտոնի մեկնարկը: 
 
Փառատոնի պատվավոր հյուրն է ամերիկացի նշանավոր սցենարիստ և ռեժիսոր Փոլ Շրեդերը: Վերջինս Մարտին Սկորսեզեի «Տաքսիստ», «Կատաղած ցուլը», «Քրիստոսի վերջին գայթակղությունը»  ֆիլմերի սցենարիստը, «Ամերիկյան ժիգոլո», «Միսիմա, կյանքը 4 մասից», «Քահանայի օրագիրը» և 2 տասնյակ այլ ֆիլմերի ռեժիսորն և 3 տասնյակ միջազգային կինոփառատոների դափնեկիր: Փառատոնի հյուրերից է հունգարացի թատրոնի և կինոյի ռեժիսոր, Կաննի, Լոկարնոյի և տասնյակ այլ հեղինակավոր կինոփառատոների դափնեկիր Կոռնել Մունդրուցոն:
 
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարյա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակում հայ հանդիսատեսին կներկայացվեն ֆիլմեր Կաննի, Բեռլինի և այլ միջազգային կինոփառատոններից: Մասնավորապես, Կաննից կցուցադրվեն Լեոս Կարաքսի «Անետ», Պաուլ Վերհուվենի «Բենեդետտա», Ասղար Ֆարհադիի «Հերոսը», Գասպար Նոյեի «Վորտեքս» ֆիլմերը:
 
Բեռլինի միջազգային կինոփառատոնից կներկայացվեն Վիկտոր Կոսակովսկու «Գունդա», Մարիա Սփեթի «Պարոն Բախմանի դասարանը», Դընի Կոտեի «Սոցիալական հիգիենա» կինոնկարները: Կցուցադրվեն նաև այլ ֆիլմեր:
 
Կինոտոնի աջակիցն է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ևս մեկ անգամ շեշտեց փառատոնի կարևորությունը՝ երկրի վարկանիշի բարձրացման տեսանկյունից:
 
- Երկրորդ տարին է, որ աննկարագրելի դժվարություններ հաղթահարելով անցկացնում ենք փառատոնը: Ուրախ եմ, որ անկախ բոլոր օբյեկտիվ, պատմաքաղաքական խոչընդոտներից ու բարդություններից մենք անցկացնում ենք փառատոնը և չենք ընդհատում մեր լավագույն միջազգային փառատոնի կյանքը և ընթացքը: Սա զուտ փառատոն չէ. այսօր փառատոնները հանրային ինքնաարտահայտման ակցիաներ են, և սրանով մենք հաստատում ենք կյանքի շարունակականությունը,- նշեց Արա Խզմալյանը:
 
Նա շեշտեց՝ փառատոնն ընդգրկել է այնպիսի ֆիլմացանկ, որն օգնելու է հասկանալ, թե տարբեր իրողություններում և պատմական շրջաններում ինչպես են տարբեր երկրները հաղթահարել ճգնաժամերը: Կինեմատոգրաֆի միջոցով օգնելու են հանրությանը, որպեսզի չթուլանա կամքն ու լավատեսությունը, հավատը դեպի պայծառ ապագան:  
 
Հավելենք, որ փառատոնը, բացի բուն ընթացքից՝ հոկտեմբերի 3-10-ի ծրագրերից, նաև շարունակական ընթացք կապահովի՝ այլ օրերին ևս իրականացնելով միջոցառումներ: