Մշակը արժանի է իր վարձքին

ԲԱՆԱԿ, ՄՇԱԿՈՒՅԹ... ՀԱՅՐԵՆԻՔ

«Հաղթանակ ազատամարտիկների բանակ»-ի հրամանատար, գեներալ-մայոր Արսեն Ամիրխանյանը 27.07.2021 թվականի որոշմամբ գրականության մեջ ներդրման համար պատվոգրերով է պարգևատրել Կալիֆորնիայի հայ գրողների միության մի շարք անդամների ( Մեծամասամբ Հայաստանյան ներկայացուցչությունից)։
 
Պարգևատրվածների շարքում են նաև Կալիֆորնիայի հայ գրողների միության նախագահ Գարուշ Հարյանցը, փոխնախագահ Աիդա Պողոսյանը, Հայաստանյաց ներկայացուցչության ղեկավար, միության պատվավոր անդամ Մարինե Իսրայելյանը, ներկայացուցչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Նաջարյանը (Ավետիք Սարգսյան)։ 
 
Այս մասին տեղեկանում ենք Ավետքիք Սարգսյանի էջից և անձնական շնորհավորանքներից։ Ներկայացուցչության ղեկավարի պաշտոնակատարի հայտարարության համաձայն՝ պարգևատրվածների թիվը մեկ տասնյակից ավելի է։ Որպես այդպիսին, սակայն, պարգևատրման արարողություն տեղի չի ունեցել, հավանաբար այն տեղի կունենա առաջիկա օրերին սպասվող ԿՀԳՄ «Վերածնունդ» ժողովածու հրատարակումից հետո անցկացվելիք «Վերածնունդ» և «Տարագիր» ժողովածուների շնորհանդեսի ընթացքում։  
 
Կարելի է ենթադրել, որ պարգևատրումը գեներալի կողմից իրականացվել է պատերազմական իրավիճակում և հետպատերազմական ամիսներին ակտիվ գրական  գործիչների ջանքերը գնահատելու և նրանց խրախուսելու նպատակով։ Հայտնի է, որ վերջին օրերին միությունը նույնպես մի շարք անվանի մտավորականների պարգևատրել է Շնորհակալագրերով և Պատվո շքանշաններով, որոնց պարգևատրման պաշտոնական արարողությունը ևս դեռ տեղի չի ունեցել։ Այնուամենայնիվ, ուրախալի է, որ բարի կամքի և միմյանց աշխատանքի հանդեպ գնահատանքի մթնոլորտ է ձևավորվում։
Կալիֆորնիայի հայ գրողների միության հայաստանյաց ներկայացուցչությանը արված հարցմանը ի պատասխան պարզ դարձավ պարգևատրված միութենականների ցանկը, որը ներկայացնում ենք ստորև Գարուշ Հարյանց, Աիդա Պողոսյան, Մարինե Իսրայելյան, Սոֆյա Սարգսյան, Լավրենտի Միրզոյան, Մուշեղ Մխիթարյան, Անդրանիկ Նաջարյան, Գուրգեն Միքայելյան, Իրինա Արամյան, Ռոզա Վարդանյան, Ֆահրադ Ափուջանյան, Գագիկ Հառիճեցի, Իվան Անտոնյան, Կամո Վարդենց, Գոհար Ապիտոնյան։ 
 
- Արժանիորեն պարգևի են ներկայացվել նաև մշակույթի անխոնջ նվիրյալներ Զարուհի Քսպոյանը (Աշուղ Զարուհի) և Ջուլիետ Մարտիրոսյանը, ովքեր, թեև ԿՀԳՄ անդամ չեն, սակայն Զարուհի Քսպոյանի բոլոր գրական ստեղծագործությունները, որոնք ներկայացված են նաև ԿՀԳՄ ժողովածուներում, նվիրված են մերօրյա հերոսներին, իսկ Ջուլիետ Մարտիրոսյանը ԿՀԳՄ ՀՆ վաղեմի բարեկամն է, ով տասնամյակներ շարունակ լուսաբանել և լուսաբանում է հայկական մշակութային կյանքը՝ «մատը» չհեռացնելով մշակույթի զարկերակից,- եզրափակեց ԿՀԳՄ ՀՆ մեր աղբյուրը։ 
 
Ինչ վերաբերում է մրցանակաբաշխության օրվան, միության մեր աղբյուրները հայտնեցին, որ որոշումը դեռ կայացված չէ և կհայտարարվի առաջիկա օրերին։ Այս կապակցությամբ հեռախոսազրույց ունեցանք ԿՀԳՄ պատվավոր անդամ, ԿՀԳՄ ՀՆ ղեկավարի խորհրդական, անվանի դրամատուրգ Գևորգ Սարգսյանի հետ: 
 
- Բոլոր անուններին ծանոթ եմ, ճանաչում եմ բոլոր պարգևատրվածներին, արդեն խոսել եմ ԿՀԳՄ ՀՆ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի՝ պարոն Նաջարյանի հետ։ Մեր և գեներալ Ամիրխանյանի բարեկամությունը շարունակական է լինելու, քանի որ պատրաստվում ենք գրադարանային ֆոնդի հատկացումներ անել «Հաղթանակ ազատամարտիկների բանակ»-ին, որպեսզի նորօրյա գրականությունը լինի ո՛չ միայն սահմանամերձ գրադարաններում, այլև սահմանում, որ հայ զինզորը տեսնի, թե ինչպես են թիկունքում իրենց ոգի տալիս հայ ժամանակակից գրչի մշակները։ Իսկ ինչ վերաբերում է  նման խրախուսական միջոցառումներին, ապա դրանք շարունակվելու են:
 
Շարունակվելու են, քանի որ մեր ներկայացուցչության երիտասարդ, ավյունով լի ղեկավարները լավ գիտեն իրենց գործը, գիտեն բարեկամանալ, գնահատել բարեկամներին:Եվ ամենևին պատահական չէ, որ մեր նոր բարեկամները գնահատում են մեր աշխատանքը։ Սա մեր նվիրումն է հայրենական արվեստին, մեր հայրենիքին, մեր այսօրվան ու վաղվան։ Այնպես որ, մեր սիրելի ԿՀԳՄ - ականները թող մշտապես ստեղծագործեն ու  սպասեն անակնկալների և պարգևների, քանի որ, ինչպես Քրիստոսի հետնորդ ավետարանիչներն են փաստել՝ մշակն արժանի է իր վարձքին,- եզրափակեց 86-ամյա բազմափորձ գրողը։
 
Արամ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ