Մի հայի պատմություն

Ապրածդ օրերի ու տարիների մեջ հաճախ անթեղվում են պահեր, որոնք հետո մի օր պոռթկում են՝ որպես սիրելի մի հուշ, որպես անցած, բայցև մնայուն տպավորություն; Հենց այդպիսի մի պոռթկում է Էլեոնորա ՂԱԼՈւՄՅԱՆԻ հեղինակած «Ճակատագի՞ր» իրապատում գիրքը, որը մի սփյուռքահայի պատմություն է: Պատմությունմ որը նաև աշխարհասփյուռ բյուրավոր մեր ազգակիցների ապրումների ու հայրենաճանաչության հավաքականությունը կարելի է համարել:
 
Մարդկային առողջ բնազդներով օժտված ֆրանսաբնակ հայ պատանին, ով իր հայրենիքի ու ազգի մասին գիտեր Եղեռնից մազապուրծ մեծ մայրիկի կարոտներից, պատահական մի դիպվածով հայտնվում է Հայաստանում: Եվ, փաստորեն՝ անվերադարձ. Սկզբում՝ վերադարձի անհնարինության պատճառով, հետո արդեն՝ պարտքի գիտակցումով ու սիրուց դրդված:
 
Մեկ շնչով ընթերցվող ու հույզեր քամող գիրքը լավագույն նվեր կարող է լինել ամեն հայ ընտանիքի և հատկապես երիտասարդների ու բոլոր նրանց համար, ովքեր դեռ չեն հասցրել սերտել հայրենասիրության այբուբենը և չեն էլ մտածել, որ Հայրենիքը սոսկ վայելքների վայր չէ, որ Հայրենիքը սիրում են առանց նախապայմանների ու չեն լքում՝ երբ այն հզոր չէ, զի Հայրենիքն այն օջախն է, որը ամենք ու յուրաքանչյուրի խնամքոտ սիրով է ջերմանում ու հզորանում՝ ջերմացնելով ու հզորացնելով իր զավակներին:
Այս իրապատումի հերոսը՝ Հակոբ (մսյո Ժակ) Հրաչի Աճեմյանն էլ մեկն է մարդկային ամենաառողջ բնազդներով օժտված այն նշխարներից, որոնց կյանքն իր ժողովրդի ճակատագրի նման անմեկնելի առեղծվածի նման: Հիմա նա չկա, ու դժվար է ասել, թե հուզումնալից ինչպիսի պահեր կապրեր, հոգում անթեղված ո՞ր հուշը տեսանելի կամ անտես արցունքներ կքամեր նրա սրտից: Ի՞նչ զարմանք կապրեր ու ի՞նչ խոսքերով կարտահայտեր երախտագիտությունը Էլեոնորա Ղալումյան անուն-ազգանունով այն հայուհուց, ում հետ հանդիպումը պատահական ու գրեթե հպանցիկ է եղել, սակայն շուրջ երեք տասնամյակ խմորվել է, հուզել և ի վերջո պոռթկացել է որպես պատում, որը ընթերցողի սեղանին կդրվի խնամքով ամբողջացած գրքի տեսքով: 
Եթե երկրորդ վերնագրի անհրաժեշտութուն լիներ՝ գիրքը կարելի էր նաև «Մի հայի պատմություն» վերնագրել: Մի հայի, բայց ո՛չ եզակի անհատի: Նաև հայ մարդու նկարագիրն է մսյո Ժակի ապրածի ու ապրումների «տողատակերում»: Ֆրանսիայում ծնված ու մեծացող մանչուկը դեռևս չգիտակցված նախնյաց կանչով արկածախնդրության է դիմում, և արդյո՞ք կկարողանար հաղթահարել կյանքի բավիղներում դարանակալած խոչընդոտները, եթե իր չճանաչած հայրենիքում չհանդիպեր այն մարդկանց, ովքեր ծնողի հոգատարությամբ քաջալերել ու խանդաղատանքով փորձել են դույզն ինչ հարթել Հակոբի անցնելիք ճանապարհի խոչուխութերը: 
Ինչպես ակամա արկածների լաբիրինթոսում հայտնված Հակոբն է ասում պատմելու ընթացքում՝ «Գժվելիք է: Ճակատագիր՝ դառն ու դաժան»: Դառն ու դաժան գժվելիք ճակատագիր, որը, սակայն, տառապանքների ալմաստով բյուրեղացրեց տղային այնքան, որ նա հետո ինքը պի փութար օգտակար լինել իրեն իմաստնությամբ սնած ժողովրդին: 
Այնքան հափշտակությամբ է ընթերցվում «Ճակատագի՞ր» իրապատում պատմվածքը, որ ավարտն անցանկալի անակնկալ է թվում: Ուզում ես էլի շարունակվի պատմությունը  Հակոբ Աճեմյանի, որն ընթերցանության ընթացքում դառնում է կյանքի դառն ու դաժան քննությունը պատվով հանձնած հայի հավաքական կերպար: