Ձայնո՛ւմ ու ձայնո՛ւմ է հայը Դրամատիկականում

Այս դաժան օրերին, երբ կորստով ու ցավով է միայն լի մեր իրականությունը, երբ խեղդող անհուսությունը կենսակերպ է դարձել, Երևանի դրամատիկական թատրոնը բացում է իր վարագույրն ու կանչում քեզ ի´ր իրականություն, կանչում՝ ամոքվելու, կանչում է ապրելու քո իմաստը գտնելու, կանչում՝ խորհելու, հավատալու…
 
Թատրոնի խաղացանկում ներկայացումներ կան, որոնք պահում են թատրոնի դիմագիծը: Այո´, կան հային հայ պահող, հային իր արմատներին դարձնող, ազգայինը ներարկող ներկայացումներ: Դրանցից է և Արմեն Խանդիկյանի «Մեծ լռությունը»: Հայ նշանավոր դրամատուրգ Պերճ Զեյթունցյանը ցեղասպանների արյունալի ոճրագործությանը նվիրված այնպիսի գրական կոթողներ է հեղինակել, որոնցից է «Մեծ լռությունը»: Պիեսի առանցքում մեր մեծանուն արևմտահայ գրողներ Դանիել Վարուժանի, Ռուբեն Սևակի և Կոմիտաս վարդապետի կյանքի վերջին օրերն ընդգրկող դեպքերն են, որոնցում հեռավոր անդրադարձներով ներկա են մեր մյուս մտավորականները ևս: 
 
ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, բեմադրիչ Արմեն Խանդիկյանին հուզել է պիեսը իր կառույցով, իր ասելիքով: Ա. Խանդիկյանի շնորհիվ hայ նորագույն թատրոնի պատմությունը հարստացել է մի պատկառելի և զորեղ ներկայացումով ևս: Այս արվեստագետը, ով նաև թատրոնի գեղարվեստական ղեկավարն է, իր ողջ շնորհակալ գործունեության ընթացքում թատրոնը հենել է ոչ միայն շեքսպիրյան ու համամարդկային արժեքներ բարձրաձայնող մեծ ճանաչման հասած ներկայացումների վրա, այլ նաև խաղացանկի առանցք դարձրել ազգային, ցեղասպանությունը դատապարտող ներկայացումներ:   
 
Բեմադրության մեջ Ա. Խանդիկյանը բացի ինչ-ինչ փոքր փոփոխություններից (էպիզոդիկ կերպարի կրճատում, տեքստերի խմբագրումներ) մեծամասամբ հավատարիմ է մնացել գրողին ու բեմում կյանք տվել պիեսը: 
Դեպի իր չորրորդ տասնամյակն է ընթանում ներկայացումը: Քանի-քանի սերունդ է կրթել այն, քանի-քանի դպրոցականների, ուսանողների սրտում բոցավառել անզուսպ սեր հայրենիքի հանդեպ, քանի-քանիսն են հեռացել հավատով, որ իրենք են հայրենիքի ապագան կերտելու, հենց իրե՛նց ձեռքերով յաթաղանի դիմաց գիր հանելով՝ պատմական ճշմարտությունն են վերականգնելու և աղաղակելու. «Աշխա՛րհ, քեզ հայն է դիմում»:
 
«Բանաստեղծ եմ, գրո՛ղը տանի»
 
Ներկայացումը իր կյանքի ընթացքում սերնդափոխություն է տեսել: Եթե ուսուցիչները անվանի Գուժ Մանուկյանի Դանիելին էին ճանաչում, ապա մեր օրերում նրանք իրենց աշակերտներին բերում են՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Մխիթարյանի Դանիելին տեսնելու:
 
Եվ ահա նա՝ կոկիկ, ձիգ, դուրս ծալված, բաց օձիքով՝ ազատատենչությունը և նրբագեղությունը մեկտեղած վերնաշապիկով Դանիել Վարուժանը: Վրայից միլիմետրի ճշգրտությամբ կարված ժիլետը, տաբատը, խնամքով փայլեցված կոշիկները միասին ամբողջացնում են կերպարը և մեկնում գրողի էությունը: 
Նրա Դանիելը ըմբոստ է, իրավիճակը գիտակցող, կյանքը սիրող, հումորով: Դերասանը սիրում է Դանիելին: Սիրում է այն աստիճան, որ անմնացորդ նվիրումով, ներքին մի մղիչ ուժով «ապրեցնում» է նրան: Դժվար ու խիստ պատասխանատու այս դերում Ա. Մխիթարյանը հզոր դերակատարումով է ներկայանում:
 
Պատկերացնու՞մ եք, որքան պրոֆեսիոնալ պետք է լինել, որպեսզի չանցնել հայ մարդու և կերպարի այդքան նուրբ սահմանաբաժանը: Դերասանը ակնթարթորեն կարող է կորցնել ինքնավերահսկումը և հոգեվիճակը տեխնիկապես ներկայացնելու փոխարեն ներկայացնել որպես հայ մարդ, հայ դերասան: Նման տեսարաններից է թուրքին իր ճշմարտությամբ դեմ ելնող Դանիել Վարուժանի խելահեղ զայրացած. «Բանաստեղծ եմ, գրո՛ղը տանի» գոչյունի տեսարանը: Թվում է՝ դերասանը անզոր կլինի կառավարել հուզական շառաչուն ալիքը, որով որ ներկայացնում է Դանիելին և դուրս կգա իր պրոֆեսիոնալիզմից: Բայց ոչ, Ա. Մխիթարյանը ճիշտ պահին կառավարում է դրանք, ճիշտ աստիճանի վրա սանձում: Շիկացած, անշշուկ մթնոլորտը տևական դադարով խեղդում է հանդիսատեսին, և նա այդ կռիվը իր վրա է վերցնում: Ռեժիսորն, ասես, հենց այս դադարներով է խոսում հանդիսատեսի հետ: 
 
Առանձնահատուկ ցանկանում ենք անդրադառնալ դերասանի արևմտահայերենին սահուն տիրապետմանը: Ողջ ներկայացման ընթացքում մեծամասամբ նրա ուսերին է խոսքային գործողությունը և նա պատվով է ներկայանում: 
 
Ազդու լուծումով է սկսվում ներկայացումը: Բեմեզրի մի կողմում ականջ սղոցող դանակներ սրող թուրք տգետ նպարավաճառն է (Վահան Մալխասյան)՝ դույլի մեջ արյունի ու մսի հետ աշխատող, մյուս կողմում՝ Վարուժանի թղթերին հետապնդող Իսկուհի մայրիկը (Արուսիկ Գրիգորյան): Պիեսից վերջաբանը առաջ բերելով՝ բեմադրիչն ասես նպատակ է դնում բանաստեղծությունը արյանը հակադրելու: Այս տեսարանում, ուր, ասես ուր որ է՝ գրավոր բանաստեղծության մեջ միս է փաթաթվելու, բեմադրիչը հանդիսատեսին մղում է գաղափարական ընդհանրացման, սիմվոլ գիրը Վարուժանին կերպավորողը դարձնելով:  
 
Պիեսի ընթերցումը բեմադրիչի կողմից առավել «հարստացած» է հոգեբանական գտնված լուծումներով, բեմական լեզվով: Օրինակ, եթե պիեսի Դանիելը Տիգրան Չյոկյուրյանի թղթերի կապոցը ստանալիս անմիջապես բորբոքվում է, որ իր անունը չկա տարագիրների ցուցակում, ապա բեմի Դանիելը մի պահ քարացած նայում է, նրբորեն վերցնում թղթերի նվիրական կապոցը և լուռ նստում աթոռին: Տևական լռության մեջ զգում ես, թե ինչպես են տարբեր հարցականները բախվում նրա գլխում, մի պահ էլ ու նա մռայլ, վիրավորված արժանապատվության երանգը ձայնի մեջ առած հարցնում է. «Ինչո՞ւ չկա»: Նման գտնված վճիռներն են, որ կերպարի մեկնման, փոխհարաբերությունների կառուցման հիմք են դառնում, գնում խոր ընդհանրացումների: 
 
Արտաշես Մխիթարյանը մտածող դերասան է: Նրա հերոսները չափազանց կշռադատված խաղով են ներկայանում: Նկատելի է, որ դերասանը իր կերպարաստեղծման քայլերը շախմատային տրամաբանությամբ է զարգացնում, այն տեսակից է, ով իր խորաթափանցության շնորհիվ մի քայլ առաջ է կռահում լինելիքը: 
 
Ա. Մխիթարյանի խաղը մի քանի բարձրակետ ունի: Այդ բարձրակետերից մեկը ամուսնության առաջարկի տեսարանն է:
 
Միայն տեսնել է պետք, թե որքան անհավատալի կերպով են նրանք միմյանց սիրո երդում տալիս: Մի՞թե կարծում եք հավիտենական սիրո ձանձրալի խոսքերով: Բնավ՝ ոչ: Իրար հերթ չտալով նրանք միմյանց թվարկում են համատեղ կյանքի անհարմարավետությունները, միմյանց բաժանող տարբեր համոզիչ փաստարկներ բերում, որոնք և դառնում են այն ամուր շղթաները, որոնցով շղթայվում են նրանք, ապացուցում, որ այդպես համարձակ էլ են սիրում:
 
Արաքսիի շուրթերից իր նոր կարգավիճակը ազդարարող քաղցրահունչ բառերից մի տեսեք ինչպես է երջանկությունից ճառագում Մխիթարյան-Դանիելը, մի տեսեք ինչպես է թևատարած «ճախրում», ինչպես է ի լուր աշխարհի ազդարարում, որ Արաքսին համաձայն է:   
 
Մի հզոր տեսարան կա, եղերական տարվա ապրիլի 24-ին, Դանիելը հակառակ կողմով նստած է աթոռին, կողքին Արաքսին է: Վարուժանը բարձր տրամադրությամբ է: Հումորով լի տեսարան է: Հումորով է այո, քանզի ամուսնացած ու երկու զավակների հայր դարձած վարժապետը ժպտալով է ներկայացնում ուսուցչի ու գրողի այդչափ «նվաստացուցիչ» աշխատանքը, կյանքը: Այս տեսարանում բեմադրիչը ներկայացնում է ոչ միայն ժամանակաշրջանը, այլ նաև արգելքներ հաղթահարած անաղարտ սիրո ուժը: 
 
Որքան որ կենցաղը իր ճիրանների մեջ է առնում Դանիելի ու Արաքսիի սերը, այնքան ի հակադրումն զորեղ է դառնում բանաստեղծի սերը, վեհ, բանաստեղծական, իդիլիական: Տեսնել է պետք, թե ինչպիսի հիացումով է նա Արաքսիին նստեցնում իր առջև ու նայում նրան: Նայում է սիրով լի աչքերով, նայում է ժպիտով, նայում երանություն զգալով, նայում….   
 
Արաքսին (Ա. Գրիգորյան) հետաքրքիր է «Հովե՜ր կʾանցնին, Ծովե՜ր կʾանցնին» տեսարանում, որտեղ բեմադրիչը գործողությունը զարգացնում է երկու պլանով: Առաջին պլանում Դանիելին է հեռուն ու անհունը ընդգրկող հայացքով լուսաշրջանի մեջ առնում, երկրորդում Արաքսիին՝ բարձունքի վրա, ասես տարանջատելով ներկայացնում աղջկա հանդեպ տածած սիրո անհնարինությունը, սոցիալական տարբեր խավերի պատկանելը: Բեմադրիչի գտնված վճիռ է: Երիտասարդ դերասանուհին հաջողությամբ է ներկայանում ձայնի համապատասխան ելևէջներով, դեմքի՝ մեկ քնարական, մեկ զարմացած արտահայտությամբ, յուրաքանչյուր նետվող թղթի էջերից ընթերցում քնարական տողերն ու բարերարներին հասցեագրված ուսանող Դանիելի ծախսերի հաշիվները: «Հովերի» հետ, «Ծովերի» հետ Դանիելի տարիների պատկերներն են «անցնում»  հանդիսատեսի առջևով ու խորհում ես այդ կեցության մեջ ապրող հայի կամքի ուժի, խոցված արժանապատվությամբ լավատես լինելու մասին: 
 
Դերակատարման մյուս բարձրակետը ամուսինների բաժանման տեսարանն է՝ թուրք զինվորների ներկայությամբ: Մխիթարյան-Դանիելը Արաքսիի հուզմունքը կանխող խիստ ու ազդու տոնով հրաժեշտ է տալիս, վերջին անգամ պատգամներ տալիս, կարգադրում «չարտասվիլ» ու գրկում. Գրկում է ոչ թե Զոհրապի մոտ ուղարկելու բառերը ականջին շշնջալու, այլ  այնպես է գրկում, որ ասես այն ի զորու էր լցնել նրանց հետագա բաժանության բոլոր օրերը, որ ասես ի զորու է լինելու խեղդել կարոտը: Մի պահ շարժումը կանգ է առնում, ասես աշխարհում միայն նրանք են: Տեսարանը շարունակում է Դանիելը, ով մի հայացք է նետում սիրելի կնոջն ու հեռանում, հեռանում հաստատակա´մ, հատու´ հեռացող քայլերով՝ չասված շատ ու շատ  խոսքեր թիկունքում առած:
 
«Պիտի´ ապրեմ»
 
Ներկայացման մյուս հերոսը մեր մեկ այլ նշանավոր գրող Ռուբեն Սևակն է (Լևոն Հախվերդյան): Մի փոքր ինքնասիրահարված, կենսախինդ, առույգ: Դերասանը իր հերոսին կյանք է տալիս զվարթ գույներով: Որքան որ կերպարի զարգացումը առաջին գործողության մեջ ընթանում է առանց դրամատիկական շրջադարձերի, այնքան հույզերի հեղեղով է ներկայանում երկրորդ գործողության ավարտական տեսարաններից մեկում: Նրա աղեկտուր «պիտի´ ապրեմ»-ը արձագանքում է ականջներիդ մեջ: Նրա ապրելու ցանկությունը յուրաքանչյուր հայինն է դառնում: Ուժեղ հուզական ընդգրկումով մի ուրիշ տեսարան էլ կա: Վարուժանի՝ Ռուբենին խաղաղեցնելու, ուժ տալու տեսարանն է: Հնչող ահագնացող ռիթմերը նրանց տագնապի կրողն են դառնում: Սրտառուչ  է նաև նրանց՝ մեկը մյուսին սիրտ տալու տեսարանը: 
 
Կոմիտա՜սը… Տեր Աստվա´ծ, Կոմիտա՜սը… 
 
Գրիգոր Գաբրիելյանի Կոմիտասը ողբերգական մեծ հնչողության մի կտավ է ասես, որտեղ բախվում են ճերմակն ու սևը, բախվու´մ, խառնվու´մ, բաժանվու´մ…. Դերասանը այնքան օրգանական է կարողանում ի ցույց դնել սարսափ տեսած Վարդապետի՝ իրականությունից դեպի ցնորական պատկերներով տարվելու դրվագները: Նրա սարսափից պաղած աչքերում ասես «մանուկ Հիսուսներն» էին, նրա սարսափած աչքերում մայրեր էին, հայրեր էին, նրա դողացող ձեռքերով սեղմված գլխում կոտորածը մերժող երգեր էին… Հզո՜ր դերակատարում… 
 
…Ու անզորությունից ցնորվում է և Դանիելը, ցնորվում, ձեռքերով բռնում գլուխն ու…. լուռ քարանում, ապա հուսադրվում, գոչում. «Պինդ կաց, վարդապետ», մի կողմից էլ հնչում է «Տեր ողորմեան»: Այս տեսարանում է, որ, թվում է՝ Խանդիկյանը երկու այս մտավորականների հանդիպումը առանցքային է դարձնում, հուշում որ ապրելու, պայքարելու, հավատալու ճանապարհն է հայինը:
 
Ներկայացման մեջ իր առանձնահատուկ գույնն ունի Ռոբերտ Հարությունյանի նախկին մաքսանենգ Երևումը: Դերասանը հյութեղ է ներկայացնում նրան: Արձակված վզկապով, ըմբոստ էությամբ այս պարոնին բեմադրիչը մոմը ձեռքին մուտք տալով՝ ասես նպատակ է դնում ի ցույց դնել դարձի եկող մի հոգու, ով գիտե գրերի արժեքը, երկրպագում է գրիչը ձեռքը բռնող մարդուն: 
 
Ինչպիսի հուզախռով ձայնով է դերասանը պատկերում Երկան Միրճանի ընկնելը, արտաբերվող «ա՜խ»-ի ելևէջները պատկերում են գնդակից տապալվող մարմինը: Ծվեն-ծվեն է լինում Երևումի սիրտը, խռովված հոգուց դուրս է թռչում «Լե´-լե´-լե՜-ն»: Փառահե՜ղ տեսարան է: Դերասանական հարուստ փորձառություն կա այս տեսարանի հետևում, կյանք ու դառնություն կա: Այս երգը միայն հայն է կարող երգել, այս «լե-լե-լե»-ն միայն հայ դերասանն է ի զորու հնչեցնել: Լե՜-լե՜-լե՜… Նրա ձայնը թռչում է հեռու՜ հեռու՜, պատերի´ց, սարերի´ց, անդունդների´ց ի վե՜ր, գնու՜մ, թռչու՜մ: 
 
Ա´խ խուլ ու կույր աշխա´րհ…. 
 
Սորբոնն ավարտած գրագետ թուրք, Իթթիհատի գրասենյակի պատասխանատու Ջեմալ Օղուզի դերում Արմեն Բարսեղյանը շնորհակալ աշխատանքով է ներկայանում: Դերասանը մեծ հմտությամբ է ներկայացնում հայերի ճակատագիրը տնօրինելու կարգված թշնամուն՝ իր ուսերին վերցնելով արյունարբուների գաղափարախոսությունը: Նա ողջ ուժով կարողանում է դիմագրավել հայ գրողին, փորձում արժանի պայքար մղել: Բարսեղյանի լուսավոր կոստյումով Օղուզը բավականության մի ալիքով համակված է ասմունքում «Լա´ց, Հայաստա՜նը», տիրական ու ինքնաբավ այնպես է բազմում բազկաթոռին, լկտի ժպիտը, մատների խաղարկումը, տիրական նիստ ու կացը կերպարի մեկնաբանման գլխավոր բաղկացուցիչներից են դառնում: 
 
Ներկայացման մեջ իր կարևորությամբ է առանձնանում Արա Գևորգյանի Հակոբի հեռանալու տեսարանը: Պիեսում Հակոբը ընկերոջ՝ Սուրենի հետ ստանձնել է կյանքով լի Վարուժանին պատկերելու, ընտանեկան միջավայրում ներկայացնելու խնդիրը: Ներկայացման մեջ բեմադրիչը լայնեզր գլխարկով, վերարկուն ձեռքի մեջ առած այդ հերոսի մեջ ներառել է նաև Սուրենին: Խանդիկյանը կերպարը հարստացրել է նաև մի շատ կարևոր՝ բանաստեղծության արժեքը ընդգծելու ռեժիսորական խնդրով: «Բանաստեղծութենեն բոլոր ստորները կվախնան» միտքը Հակոբը հնչեցնում է որպես Դանիելին ի արձագանք, որպես Դանիելին համախոհ: Դերասանին հաջողվում է կյանք տալ այս մտքին, այն տարածել օդում, հնչեցնել հաստատակամ ու ազդու: Հնչեցնել այնպես, որ այն լսողը ուժ ստանա, որ այն լսողը հավատա հաղթանակին: Կերպարը ստացված է նաև Արաքսիին հրաժեշտ տալու պահին ևս: Ա. Գևորգյանը վարպետորեն է հայտնում Դանիելին շատ սիրելու մասին, ձայնի մեջ սեր ու գորովանք է հնչում, իսկ Արաքսիի ձեռքը համբուրելով ու «Մնաս բարով» ասելիս մենք համոզվում ենք, որ կերպարը գիտակցում է իր անդարձ հեռանալը: 
 
Ներկայացումը համեմելու է գալիս Վահրամ Փափազյանի «ներկայության» (Նարեկ Քթոյան) փոքր դրվագը, որտեղ փափազյանական ձայնագրության «Լինել, թե չլինել» կատարման ներքո երիտասարդ դերասանը դպրոցական ընկերոջ կոշիկների կողքին փոքր գունդ-աշխարհը վեր պարզած արտասանական իր առավելությունը պահանջող տողերն է հնչեցնում: Ազնվականի կեցվածքով, շքեղ օձիքով ու թեզանիքով, պճնված ու մազերի միկողմյա հարդարանքով այս Վահրամը ինքնասիրահարվածի հետաքրքիր ներկայություն է ապահովում: 
 
Բեմի խորքի անկյունի բազկաթոռին մի պարոն է բազմած: Լուռ հետևում է Դանիելի և Օղուզի որոտալից բախումներին: Ո՞վ է նա: Կարմիր թասակը հուշում է՝ թուրք պաշտոնյա է (Վահան Մալխասյան): Գիտեք, նրա գործառույթը թվում է այդ տեսարաններում նվազագույնի է հասցված, բայց արի ու տես դերասանը կարողանում է հետաքրքրել քեզ: Վեճերի ժամանակ նա երբեմն աշխուժանում է, ասես կենդանանում, թասակի ծոպը շարժվում է, նստած դիրքն է փոխում: Այսինքն դառնում է խոսակցության կրող: Վ. Մալխասյանը հաջողված է նաև թուրք նպարավաճառի դերում: 
 
Հաջողված ենք համարում նաև թուրք ոստիկանների դերում երիտասարդ դերասանների աշխատանքը: Առաջին ոստիկանը (Նարեկ Մարտիրոսյան) խրոխտ ու հպարտ է իր աշխատանքով, այնքան հպարտությամբ է կրում իր կարմիր ապարոշը, հատու ու անհադուրժող կեցվածքով է, հայացքը մռայլ ու ասես ժամ առաջ հայերից ազատվել ցանկացող: Երկրորդ ոստիկանը (Ռոբերտ Զախարյան) առավել մեղմ է թվում, նրա համար կարևորը հանձնարարությունների կատարումն է:  
 
Ներկայացման մեջ խնամքով մշակված էր ամեն ինչ, յուրաքանչյուր դետալ, յուրաքանչյուր վճիռ: Այդպիսին են Խանդիկյանի ներկայացումները: 
 
Դասական գունային լուծումներով բեմի ձևավորումը՝ (Վահագն Թևանյան) սյունային համակարգով մի դեպքում բանաստեղծների հավաքատեղի էր դառնում, մեկ այլ դեպքում պարտեզ, բանտախուց, մեկ այլ դեպքում՝ տիրամայրերի պատկերներով սրբավայր, մեկ էլ՝ փիլիսոփայական նշանակության անհասցե մի հանգրվան՝ աշխարհասփյուռ հայերին միավորող: 
 
Բեմադրության մեջ մի առանձին կերպար էր և մաեստրո Տիգրան Մանսուրյանի հեղինակած երաժշտությունը: Այն մեկ հուզական մեծ ալիք էր տալիս ներկայացման գործողություններին, մեկ հուսահատված ելևէջներ, մեկ էլ լավատեսական հնչյուններ, որոնք ներխուժում ու ողողում էին բեմը:
 
Հարակից կիրառվում էին նաև գույժի շամփրող հնչյուններ՝ թուրք ոստիկանների մուտքի ժամանակ: Ներկայացման մեջ կարևոր դերակատարում ունեն և ձայները, որոնք առավել սարսափազդու մահ ու տագնապ հուշող նշանակություն են ստանում հերոսների երջանիկ պահերը կանխելու տեսարաններում (դռան համառ բախոցներ, երաժշտական թրատումներ):
 
Մեծ հնչեղությամբ է և ներկայացման ավարտական զուսպ տեսարանը: Բեմում բոլոր հերոսներին որպես վկա ժողովելով՝ բեմադրիչը բանաստեղծների խոշտանգման մահասարսուռ պատկերումը ներկայացնում է ձայնագրության միջոցով: Թատրոնի անվանի վարպետ Արթուր Ութմազյանի մահագույժ, դառնացած ձայնը աչքիդ դեմ է հանում դաշույնների անողոք հարվածները: Եկեղեցու զանգերը ղողանջում են: Ներկայացումը ավարտում է «Տեր ողորմեան»:  
Շնորհակալ աշխատանք է անում թատրոնը, շնորհակալ՝ իր կոչմանը բարեխիղճ ծառայելու առումով:
 
«Մեծ լռություն» բեմադրությունը մի յուրօրինակ երկխոսություն է հանդիսատեսի և թատրոնի միջև: Տեղի ունեցող իրադարձությունները հանդիսականների արձագանքներին են արժանանում: Դերասաններին զուգահեռ նրանք մեկ ցածրաձայն բանաստեղծական իրենց նախընտրած տողերն են արտասանում, մեկ զայրանում Օղուզի վրա, մեկ Ռուբենին ու Դանիելին փաստում, որ չեն մոռացել ու չեն էլ մոռանա նրանց: Կարծում ենք հենց սա´ է ներկայացման ուժը, հենց սա´ է հաջողության ա´յն գրավականը, որ այսքան մեծ ու փոքր հայ միավորված Ձայն են բարձրացնում առ աշխարհ:
 
Հա´յ, աղաղակի´ր քո գրչո´վ, քո երգո´վ, քո մտքո´վ: 
 
Չէ՞ որ մի օր  «Ամեն ինչ լավ կըլլա´»… «Ամեն ինչ լավ կըլլա՜»:
 
 
Ռուզաննա ԱՌԱՔԵԼՅԱՆ
Թատերագետ