«Մենք ժանրը պահելու ու նաև տարածելու խնդիր ունենք»

ԶՐՈՒՅՑ ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ, ԴՐԱՄԱՏՈՒՐԳ, ԱՐՁԱԿԱԳԻՐ ՄԽԻԹԱՐ ՄՈՍ-ՄՈՒՇԵՂՅԱՆԻ ՀԵՏ

- Պարոն Մոս-Մուշեղյան, Ձեր խմբագրությամբ լույս տեսավ «Ժամանակակից դրամատուրգիա» ժողովածուն, պատմեք դրա առաքելության մասին։
 
- Այո՛, ժողովածուն հաջող ծնունդ ունեցավ և արդեն իր ուղին է բռնել։ Դրամատուրգիայի բնակատեղին ո՞րն է, գրադարա՞նը. ո՛չ, թատրո՛նն է, բեմադրիչի աշխատասենյակը, դերասանի գրիմանոցը, ի վերջո՝ բե՛մը։ Այս առաքելությամբ է ստեղծվել չորս ժամանակակից դրամատուրգների պիեսներ ամբողջացնող գիրքը։ Ժամանակակից ասվածը շա՜տ հարաբերական է։ Այո՛, բոլորս ժամանակակից ենք այնքանով, որ ապրում ու ստեղծագործում ենք 21-րդ դարում, բայց ուզում եմ հատուկ շեշտել, որ գրքում ներկայացված ՀՀ վաստակավոր արտիստ, Կալիֆորնիայի հայ գրողների միության պատվավոր անդամ Բյուրեղիկ Մնեյանը և «Նռանէ» մանկապատանեկան թատրոնի գրական բաժնի վարիչ, նախկինում՝ երկար տարիներ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գրական բաժնի վարիչ, Կալիֆորնիայի հայ գրողների միության պատվավոր անդամ Գևորգ Սարգսյանը, ովքեր վաղուց անցել են 80-ի պատկառելի շեմը ստեղծագործել և ճանաչվել են դեռևս 20-րդ դարի երկրորդ կեսին, Գուրգեն Միքայելյանը՝ 20-րդ դարավերջից սկսած, և բեմադրվել է Հանրապետական թատրոններում։ Ես, որպես դրամատուրգ, հանդես եմ գալիս տասնամյակից ավելի:
 
- Բարդ չէ՞ արդյոք մեր օրերում հրատարակել նման ժողովածուներ, երբ գրականությունը պետական մակարդակով կարծեք թե դուրս է մնացել բոլոր օրակարգերից։
 
- Իհա՛րկե բարդ է։ Իրա՛րկե վատ է, որ գրականությունը դուրս է մնացել օրակարգից, բայց մի՞թե կարծում եք՝ հայ մտավորականը, հայ գրողը կսպասի, որ քաղաքական ղեկավարությունը հիշի իրենց։ Կարծում եմ լսել եք մեր մեծանուն հայրենակից Վիկտոր Համբարձումյանի և ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի զրույցի մասին, երբ Համբարձումյանն ասում է՝ ինչպես դուք չգիտեք, թե ով էր երկրի ղեկավարը Նյուտոնի ժամանակ, այնպես էլ մի օր չեն հիշի, թե ով էր երկրի ղեկավարը Վիկտոր Համբարձումյանի ժամանակ։ Համբարձումյանը ճիշտ էր։ Հիշեցրեք, ո՞վ էր մեր երկրի՝ Խորհրդային Հայաստանի ղեկավարը Բակունցի, Չարենցի, Սևակի, Շիրազի և մյուս անմոռաց անունների օրոք։ Իհարկե, հայոց պատմության համապարփակ գիտելիքներով՝ հարցիս պատասխանելը անհնար չէ, բայց հարցս այնուամենայնիվ մտածելու առիթ է տալիս, ուրեմն՝ դիտարկումը ճիշտ է, ուրեմն՝ չեն հիշվելու նաև այն անփառունակ այրերը ու նաև տիկնայք, որոնք փորձում են, կամ գոնե նպաստում են օրվա գրականության մշակներին իրենց օրում կորցնելու գործին։ Այնինչ բոլոր ժանրերում ունենք հրաշալի գրողներ։Մարդիկ, ովքեր գիտեն իրենց խոսքը գալիք մի քանի սերունդներին փոխանցելու տարբերակը։
 
- Փաստորեն գրողները բացի ստեղծագործելուց ունեն նաև իրենց ստեղծագործությունները պահպանելու և սերունդներին փոխանցելու խնդիր։
 
- Եթե կարճ՝ այո՛, բայց սա խնդիր չէ, սա առաքելություն է։ Ահա այստեղ է գրողի մտավորական տեսակը երևում։ Մեզ համախմբում են այն միությունները, որոնց անդամակցում ենք և որոնց կառավարումը ստանձնած մեր գրչընկերները ամեն բան անում են գրական միասնության գաղափարը մշտապես կենդանի պահելու համար՝ դառնալով դրա ջահակիրը։ Ես քանիցս շեշտել եմ, որ գրականությունը չի հանդուրժում կեղծիք, ինչպես այն չի հանդուրժում բեմը։ Ահա այսպիսի անկեղծության մթնոլորտում էլ մենք՝ երրորդ հազարամյակի երրորդ տասնամյակում ապրող ստեղծագործողներս նայում ենք առաջ, մտածելով վաղվա օրվա մասին։ Այս ճանապարհին բոլորն իրենց հնարավորության չափով անում են ամեն բան, որ միասնությունը չխաթարվի։
 
- «Ժամանակակից դրամատուրգիան» երկրորդ հատոր կունենա՞:
 
-Անպայմա՛ն կունենա։ Մենք ժանրը պահելու խնդիր ունենք, ունենք նաև տարածելու խնդիր։ Երբ ասում եմ մենք, բնավ նկատի չունեմ ինձ և ձեզ, կամ ինձ և իմ գրչընկերներին, ես նկատի ունեմ մեր երկիրը, որը երկուհազարամյա բեմի կրողն է, Արտավազդի ժառանգության կրողը։ Ու սա ազգային խնդիր է։ Այսօր թատրոնների խաղացանկերը պարզապես ողողված են օտար հեղինակների ստեղծագործությունների բեմականացումներով։ Սա վատ չէ, բայց ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ. օտար, համաշխարհային թատերագրական գրականությանը ծանոթանալը կամ մեր հասարակությանը ծանոթացնելը չպետք է լինի ազգայինի հաշվին։ Ահա թե ինչու ես ինձ իրավունք վերապահեցի կազմել սույն գիրքը։ Ահա թե ինչու մեծ հույս ունեմ, որ երկրորդ հատորի ծնունդը խնդրահարույց չի լինի։
 
- Թատրոնները արդեն համալրվե՞լ են «Ժամանակակից դրամատուրգիայով»:
 
- Ո՛չ բոլորը, սակայն Հանրապետության երկու մեծ թատրոններն արդեն ունեն, խոսքս Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնների մասին է։ Ինչո՞ւ միայն «Ժամանակակից դրամատուրգիայով», մի շարք այլ թատերգություններ ևս տրամադրվել են, և սրա համար պետք է շնորհակալություն հայտնենք Կալիֆորնիայի հայ գրողների միության հայաստանյաց ներկայացուցչությանը, որը սկսել է և վստահաբար կշարունակի գրքերի համալրման այս առաքելությունը։
 
Ավետիք ՍԱՐԳՍՅԱՆ
ԿՀԳՄ ՀՆ մամուլի պատասխանատու