Սիրելի՜, սիրելի՜ Նվարդը…

Մարդիկ կան, ում հանդիպելը ճակատագրական է դառնում, մարդիկ կան, ում հետ առնչվելը կյանքդ դարձնում է առավել պայծառ: Կյանքդ բազմերանգ գույներ բերող մարդիկ կան:
 
Մարդիկ կան, ովքեր ծնված են բարությամբ աշխարհի ներդաշնակությունը պահելու: Մարդիկ կան, որ այս աշխարհ պահապան հրեշտակի առաքելությամբ են գալիս: Այո´, հրեշտակներ էլ կան և նրանցից մեկն էր մեր սիրելի Նվարդը՝ Նվարդ Ասատրյանը: Ո՞վ էր նա, հնարավոր է հարցնեն նրանք, ում կյանքի ճանապարհը չի կապել թատրոնի հետ և բախտ չի վիճակել ճանաչել նրան: «Նվարդ ջանն» էր…. Սիրելի Նվարդն էր, թատերագետ Նվարդն էր, պաշտելի մայր ու երիտասարդ տատիկն էր, մեր՝ թատերական երիտասարդության մայրն էր, ընկերն էր, թատրոնի նվիրյալն էր, մեծ մտավորական էր, ազնիվ ու ջինջ լավատես հոգի…
 
…Անաչառ հանձնախմբերի անդամ էր, «Թատերական Լոռի» փառատոնի համակարգողն էր, գրքերի, ժողովածուների ջանասեր խմբագիր էր, անթիվ մասնագիտական հոդվածների հեղինակ էր, «Ավանգարդ» թերթի անդավաճան բարեկամն էր: Նրա հեղինակած գրվածքները յուրահատուկ էին, նվարդաստեղծ բառերով, նվարդյան ոճով, նվարդյան համ ու հոտով:
 
Նվարդը միշտ երիտասարդ էր, կենսուրախ, աշխույժ, ժպտերես: Ակնոցի տակից բարի հայացքը վրադ հառած համբերատար լսում էր հոգսերդ, «դեղատոմսեր» էր առաջարկում, մի հատ գրկում էր ու այդ պահին փոխվում էր աշխարհը, փոխվում էին մարդիկ: Մեծ խնդիրներդ այնքան փոքր ու հաղթահարելի էին թվում, որ էլի սիրում էիր թատրոնը, էլի սիրում էիր մասնագիտությունդ ու էլի առաջ էիր քայլում:
 
Ինձ էլ էր սիրում Նվարդը… Ինձանից շատ էր ուրախանում իմ հաջողություններով, ձեռքբերումներով, իսկ երբ մտահոգ էի լինում, լուռ լսում էր ու կտրուկ վճռում իմ անելիքը: Այդպիսին էր Նվարդը…
 
Հիշում եմ՝ այն տարիներին, երբ աշունները թեժ թատերական էին՝ միջազգային փառատոներ, համաշխարհային ճանաչողության ներկայացումների հյուրախաղեր, ու մենք ուսանողական տոմսերով դրսում կանգնած՝  աստիճանների վրա նստելու ակնկալիքով ճակատագրական մեր մուտքին էինք սպասում՝ հայտնվում էր Նվարդը: Շրջապատում էինք նրան: Եվ նա հսկիչներին համոզելով, խնդրելով, երաշխավորող խոսքերով բոլորիս ներս էր տանում: Այդպիսին էր Նվարդը…
 
Թատերական պրեմիերաների պատվավոր հյուրն էր Նվարդը: Ծափահարություններին հաջորդում էր Նվարդի ու դերասանների երկարատև ողջագուրումը, դրվատանքի խոսքերն ու մասնագիտական երկար քննարկումը: 
 
Ներկայացումներից հետո քայլում էինք, կյանքի դասեր էր տալիս: Երբեմն դառնացած էր լինում, անարդարությունների դեմ պայքարում էր իր առողջության գնով, բայց միշտ հաղթում էր ու հենց ա´յդ հաղթանակով էլ մեր լավատեսությունը անսասան պահում: 
 
Նվարդի հետ ամեն մի պահը հիշվող էր, ամեն մի քննարկում՝ ուսանելի: 
 
Համացանցում նրա ընկերների մեծ բանակը ամեն օր լուսաբացը բարի խոսքերով ավետող բացիկ էր ստանում ու այդպես էլ լինում էր՝ նրա օրհնությամբ օրը բարի էր դառնում: 
 
Տարի է անցել… Նվարդի անժամանակ հեռանալը բողոք է հարուցել իմ մեջ՝ առ Աստված: Որտե՞ղ են «նվարդապաչիկներդ» Նվա´րդ, որտե՞ղ են քո քաջալերանքի խոսքերը:
 
Օրերը հաջորդում են իրար: Արդեն անարցունք եմ հիշում Նվարդին: Լուսավո´ր եմ հիշում Նվարդին՝ մի տեսակ առանց հուզմունքի ալիքի: Այդպես էլ ցանկանում էր նա: Օրվա տարբեր պահերի նրա պայծառ դեմքն է հառնում առջևս, նրա խորհուրդներն են հնչում ականջիս… Եվ կարծում եմ՝ այդ նույն զգացողությունն ունեն շատ ու շատ հայ թատերական գործիչներ:
 
Խոնարհվում եմ քո պայծառ հիշատակի առջև: 
 
Խաղաղություն քեզ:
 
 
Ռուզաննա ԱՌԱՔԵԼՅԱՆ
թատերագետ