Արվեստի գործիչն իրավունք չունի պարապուրդի մատնվել

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ «ՆՌԱՆԷ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԳՐԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ, ԴՐԱՄԱՏՈւՐԳ, ԱՐՁԱԿԱԳԻՐ ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ

- Պարոն Սարգսյան, դեռևս խորհրդային տարիներից Դուք հայտնի եք որպես Հայաստանում և նախկին ԽՍՀՄ պետություններում հաճախ բեմադրվող դրամատուրգ։ ԽՍՀՄ փլուզումից անցել է ավելի քան երկու տասնամյակ, ո՞րն է տարբերությունը դրամատուրգի համար։
 
- Այո, Խորհրդային տարիներին բազմիցս բեմադրվել են իմ պիեսները, իհարկե՝ ո՛չ սատիրաները, որոնք այս կամ այն կերպ առնչվում էին պետությանը կամ դրա ղեկավարմանն ու ղեկավարներին։ Հիմա ամեն ինչ ուրիշ է, ամեն ինչ էլ կարելի է բեմադրել։ Այսօրվա խնդիրը բեմադրությունների որակն է, բեմադրիչների և դրամատուրգի ասելիքի տարբերությունը։ Այս պատճառով վերջին տարիներին մի քանի թատրոնների մերժել եմ՝ թույլ չտալով բեմադրել պատմական թեմաներով պիեսներիցս երկուսը։ Սա էլ ինքնանպատակ չէր. մինչ այդ ես դառը փորձ ունեցա՝ տեսնելու, թե ինչպես են աղավաղել իմ պիեսներից մեկը։Տարբերությունը սա է. այն ժամանակ կար ցանկություն՝ չկար հնարավորություն, հիմա կա հնարավորություն՝ չկա… ցանկություն ասեմ, ներուժ ասեմ, թե ասելիք։ Դատարկություն կա մի տեսակ ։
 
- 2019 թվականին հանդիսավորությամբ նշվեց Ձեր 85-ամյա հոբելյանը, 80-ամյակից հետո, երբ դուրս եկաք Մայր թատրոնից, որևէ թատրոնում չէիք աշխատում. ի՞նչը որոշիչ եղավ՝ կրկին աշխատանքի անցնելու։
 
- Ճիշտ եք, տարիներ շարունակ վայելում էի տասնամյակներ ի վեր աշխատելուց հետո վաստակած հանգիստս, բայց արվեստի գործիչը, եթե առողջությունը թույլ է տալիս, իրավունք չունի պարապուրդի մատնվել։ Փորձի փոխանակում չի լինի հակառակ դեպքում։ Երբ նախորդ տարի լրացավ իմ 85 ամյակը, ես արդեն «Նռանէ» մանկապատանեկան թատրոնի գեղարվեստական խորհրդի անդամ էի, և, երբ ինձ առաջարկվեց գրական բաժնի վարիչի պաշտոնը՝ ես սիրով համաձայնեցի, քանի որ ճանաչում եմ թատրոնի հիմնադրին, նրա որդեգրած սկզբունքները։ Գաղափարակից երիտասարդ գործընկերներիս կողքին լինելու միտումն էր դա։
 
- Ավելի քան քսան տարի, որպես գրական բաժնի վարիչ, աշխատել եք Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում, հիմա «Նռանէ»  մանկապատանեկանում եք։ Ո՞րն է պետական և ոչ պետական թատրոնների տարբերությունը։
 
- Հնարավորությունները, անկասկած՝ հնարավորությունները։ Ես չեմ պատկերացնում, թե ինչ հաջողությունների կհասներ «Նռանէն» իր մեծ ներուժով, եթե ունենար այն ռեսուրսները, որն ունեն մեծ թատրոնները։
 
- Փոքր թատրոնները սովորաբար չեն կազմավորում գրական բաժիններ, ո՞րն է «Նռանէ» մանկապատանեկան թատրոնի գրական բաժնի գործառույթը։
 
- Ճիշտ կանեին, եթե կազմավորեին։ Գրական բաժինը մեծ պատասխանատվություն ունի թատրոնում, այն պատասխանատու է խաղացանկի, խաղացանկային քաղաքականության, տարատեսակ հարցերում բեմադրիչներին խորհուրդներ տալու գործում։ «Նռանէ» թատրոնը կիսված է երկու մասի՝ գրական և մանկապատանեկան։ Ներկայումս ես թատրոնի տնօրենի հանձնարարականով զբաղվում եմ «Գրական անդաստան» ժողովածուն կազմելու գործով, և, պատկերացնու՞մ եք,տարին դեռ նոր է սկսվել, բայց մենք արդեն աշխատում ենք երկրորդ հատորի վրա։ Ավելին, եթե չլիներ հարկադիր արձակուրդը՝ արդեն ավարտական փուլում կլինեինք։
 
- Պատմեք մի փոքր, թե ի՞նչ է իրենից ներկայացնում «Գրական անդաստան» ժողովածուն։
 
- «Գրական անդաստանը» մի քանի տասնյակ բանաստեղծների, արձակագիրների, և այլ ժանրերում ստեղծագործող գրողների ստեղծագործություններն ամբողջացնող գիրք է։ Այստեղ մենք տեսնում ենք ինչպես սկսնակ, այնպես էլ բազմամյա փորձ ունեցող ու ճանաչում վայելող գրողների։
 
- Որքանով հասկացա՝ առաջին հատորն արդեն լույս է տեսել։ Ի՞նչ արձագանքներ եղան։
 
- Արձագանքը սպասվածից ավելի բուռն էր, կամ ես էի առաջին անգամ այսպիսի գիրք կազմում, և դրա համար անսովոր եղավ։ Սփյուռքից մինչև այսօր զանգեր եմ ստանում, տարբեր համայնքներ ուզում են ունենալ, և սա նշանակալի բան է։ Բոլոր համայնքներին ապահովել չհաջողվեց, սակայն թատրոնի տնօրենի նախաձեռնությամբ շատ համայնքներ և խոշոր գրադարաններ ստացան։ Եթե չեմ սխալվում՝ օրինակներ տրվեցին նաև  Գրականության թանգարանին։
 
- Ո՞ր հեղինակների ստեղծագործություններն են տպագրվելու երկրորդ հատորում։
 
- Ամբողջական ցանկ տրամադրել կդժվարանամ, որովհետև յուրաքանչյուր հատոր ներառում է հինգից վեց տասնյակ գրողների, թող ներեն ինձ գրչընկերներս, բայց 85-ից հետո այդքան անուններ հիշելը բարդ գործ է։ Մի քանիսին այնուամենայնիվ կնշեմ ՝ Հրանտ Հորիզոն, Բյուրեղիկ Մնեյան, Գարուշ Հարյանց, Աիդա Պողոսյան, Նժդեհ Ջավախքցի, Մխիթար Մոս-Մուշեղյան... Միակ բանը, որ միանշանակ կարող եմ շեշտել ընտրված հեղինակների մասին այն է, որ բոլորն էլ արժանի են միասին ճանապարհ անցնելու։ Շատերը դեռ պիտի թրծվեն, ու այդ ճանապարհին նրաց պետք է ավագ գրչընկերների հոգատարությունը։ Առաջին հատորի առաջաբանը իմ առաջարկով կազմեց իմ տաղանդավոր ընկեր, դրամատուրգ Մխիթար Մոս-Մուշեղյանը, երկրորդինը էլ կազմել է մեր շատ սիրելի գրչընկերը՝ Կալիֆորնիայի հայ գրողների միության նախագահ Գարուշ Հարյանցը։
 
- Գիրքը ե՞րբ կլինի ընթերցողի սեղանին։
 
- Այս հարցին ճշգրիտ պատասխանել չեմ կարող, քանի որ երկրում ստեղծված ցավալի վիճակը զգալիորեն խախտեց մեր ժամանակացույցը։ Հուսամ՝ երկար սպասելու հարկ չի լինի։
 
- Վերջերս Դուք և «Նռանէ» մանկապատանեկան թատրոնի տնօրեն Մարինե Իսրայելյանը  պարգևատրվել եք պատվոգրերով՝ Հայրենիքում և սփյուռքում գրական ասպարեզում ներդրած ավանդի համար։ Դա «Գրական անդաստան» գրքի կապակցությա՞մբ էր։
 
- Կալիֆորնիայի ՀԳՄ-ից այս պարտավորեցնող գնահատանքը ստացանք  Գրողների միջազգային օրվա առթիվ, բայց, այո, կարծում եմ՝ «Գրական անդաստան»-ը այս հարցում մեծ դեր ունի, քանի որ սփյուռքից շատ գրողներ կան ընդգրկված գրքում ու այսպիսով գիրքը հայրենիք-սփյուռք կամուրջ է հանդիսանում։
 
- Առաջիկայում կա՞ն այլ գրքեր, որոնք պատրաստվում են հրատարակության։   
 
- Իհարկե, «Թակարդներ երիտասարդ զույգի համար» կատակերգական պիեսներիս ժողովածուն, որի առաջաբանը դրամատուրգ Մխիթար Մոս-Մուշեղյանն է կազմել, շուտով կլինի ընթերցողի սեղանին: Այն դեռ տարիներ առաջ պիտի տպագրվեր, բայց հետաձգվեց, և մինչև այսօր թատրոններից զանգում են՝ տեղեկանալու, թե երբ կլինի գիրքը։ Շուտով կլինի։
 
- Ի՞նչ այլ ծրագրեր կան։
 
- Ավարտել ժողովածուն, կազմակերպել շնորհանդեսը, հանդիպել մեր սիրելի երիտասարդ ու տարեց գրողներին ու նշել մեր հերթական հաջող ձեռնարկը: Իսկ հետո, եթե Աստված կամենա, անցնել երրորդ հատորը կազմելու գործին։
 
 
Զրուցեց Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ