Երազանքները նպատակ են դարձել

Զրուցակիցս տաղանդավոր երգիչ, հայրենիքի խիզախ պաշտպան Յուկա ԱԴԱՄՅԱՆՆ է, ում համար հայրենիքն ու երաժշտությունը վեր են ամեն ինչից։
 
- Երկար ժամանակ է չենք հանդիպում Յուկա Ադամյանի երգերին... Երևի դա պայմանավորված է այն իրողությամբ, որ երկու տարի գտնվել ես պարտադիր զինվորական ծառայության մեջ։ Ե՞րբ է վերսկսելու արցախցի տաղանդավոր երգչի, այս դեպքում՝ Յուկա Ադամյանի երաժշտական կարիերան։
 
- Ճիշտ եք, ծառայությանս ընթացքում չեմ կարողացել երգեցողությամբ զբաղվել, բայց ուրախ եմ , որ սահման եմ հսկել։ Չնայած երգարվեստում նահանջել եմ, բայց հպարտ եմ, որ կյանքիս մի փուլը  անցկացրել եմ հայրենիքիս սահմանին՝ հերոսների հետ․․․ Եղել եմ դիրքի ավագ․․․ Իհարկե, դժվար էր, բայց ամեն դժվարություն հաղթահարելի է ։
 
- Իսկ ի՞նչ պատասխանատվությամբ ես կատարել դիրքի ավագի պարտականությունները։
 
- Զգացել եմ , որ ամենապատասխանատու աշխատանքն եմ կատարում և միմիայն հպարտ եմ, որ կարողացել եմ պատվով հաղթահարել բոլոր դժվարությունները։ Հայրենիքը մեծություն է։
 
- Այդ ժամանակ մտածե՞լ ես երգելու մասին։
 
- Միանշանակ ոչ, որովհետև ինձ համար առաջնայինը հայրենիքի պաշտպանությունն էր։ Պաշտպանել  եմ նույն դիրքը, որտեղ  Քյարամ Սլոյանը, Ռոբերտ Աբաջյանը, Արմենակ Ուրֆանյանն էին զոհվել․․․ Ուղղակի հպարտ եմ դրա համար։ 
 
- Զգացմունք, հույզեր, պարզապես հայրենասիրություն կամ էլ, մեր մեջ ասած՝ հոբբի... Ի՞նչ է քեզ համար երգը, և, ընդհանրապես երգարվեստը։
 
- Երգարվեստն ինձ համար կյանք  է։ Ստեղծագործում եմ, և ամեն երգս մի պատմություն է. երգում եմ ապրածս րոպեները, ժամանակի ընթացքն ու այդպես․․․
 
- Երաժշտությունից զատ ունե՞ս որոշակի այլ հետաքրքրություններ։
 
- Օրվա մեծ մասն անցկացնում եմ ընկերներիս հետ։ Ընկերներս երկրորդ ընտանիք են ինձ համար։ Շատ եմ սիրում սպորտը, քանի որ հարազատ եբայրս՝ Արսենը, մարզիկ է։ Սիրում եմ դիտել նրա մենամարտերը։ Այսօր նա գտնվում է պարտադիր զինվորական ծառայության մեջ։
 
- Արսենին և բոլոր հայ զինվորներին մաղթենք անփորձանք ծառայություն և շարունակենք մեր զրույցը։ Հայրենիքին ծառայեցիր, պարտքդ կատարեցիր։ Բայց հիմա, երբ սկսես նորից երգել, նույն պարտավորվածությո՞ւնը կզգաս հայրենիքի հանդեպ... Եվ եթե գաղտնիք չէ, կերգե՞ս հայրենասիրական երգեր։
 
- Հայրենիքի հանդեպ պարտավորված եմ ամեն օր։ Եվ հարկ եղած դեպքում կգնամ և կպաշտպանեմ  մեր  սուրբ հողը։ Անշուշտ, երգելու եմ հայրենասիրական երգեր, տարբեր ոճերի երգերով եմ հանդես գալու, ինչպես նաև ուզում եմ նոր շունչ տալ հայկական ժողովրդական երգարվեստին, քանի որ ժողովրդական երգերի հնչյունների ներքո եմ մեծացել և շատ եմ սիրում։ Իմ ներսում մի ուժ կա, որով էլ առաջնորդվում եմ։ Ցանկությունս է, որ Արցախում երգարվեստը զարգանա, որովհետև մեր կողքին ապրում են շատ տաղանդավոր մարդիկ, որոնց պետք է աջակցել, հնարավորություններ տալ, որպեսզի իրենց տաղանդը օգտագործեն Արցախի համար։
 
- Երևի չեմ շտապում հարցնել՝ ե՞րբ հանդիսատեսը սպասի քեզ։
 
- Կոնկրետ օր չեմ կարող ասել, բայց առաջիկա ամիսների ընթացքում անպայման նոր երգով եմ ներկայանալու իմ ունկնդրին։
 
- Դժվար չի՞ լինի այս ամենը նորից սկսել, որովհետև ասացիր, որ երկար ժամանակ է չես երգում։
 
- Դժվար կլինի, իհարկե։ Սակայն չեմ զլանում, աշխատելու եմ փայլուն արդյունք ստանալու համար։ Եվ բոլոր երազանքներս միավորվել են՝ վերածվելով նպատակի։ 
 
Յուկայի հետ զրույցի ընթացքում ինձ նորից համակում է հպարտության զգացումը: Այո, ես հպարտ եմ, որ Արցախում ապրում են նման երիտասարդներ։ Անկասկած, մեր հայրենիքն ապրում է հենց Յուկայի և նրա նման երիտասարդների շնորհիվ, երիտասարդական ներուժի վրա է հիմնվում ամեն լավ երևույթ։
 
 
 
Հարցազրույցը ` Վովա ԱՐԶՈւՄԱՆՅԱՆԻ
Արցախ