Զինվորն ու ջութակահարը՝ Արեն ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հայոց  բանակում  ծառայում են շատ տաղանդավոր զինվորներ։ Ամեն մեկը յուրահատուկ է յուրովի։
 
Այսօր խոսելու եմ բավականին տաղանդավոր մի երիտասարդի մասին, ով չորս ամսից իր պարտքը կատարած զորացրվելու է բանակից։
 
Արեն Խաչատրյանը 20 տարեկան է, ծառայում է ՊԲ  N զորամասում։ Արենը պատմում է, որ իր ընտանիքում երաժշտությունը շատ սիրված է, հայրն ու եղբայրը երգիչներ են։ 
 
Արենը նախ հաճախել է Կոմիտասի անվան երաժշտական դպրոց. դեռևս այնքան նա լավ էր նվագում, որ առաջին դասարանից միանգամից տեղափոխեցին երրորդ դասարան։ 
 
2018 թվականին ավարտել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանը։ 
 
Մինչև բանակ զորակոչվելը Արենը պարապում էր օրական չորս ժամ, իսկ հիմա՝ զորամասում, հասկանալի պատճառով, նա 2 ժամ է հատկացնում իր սիրելի երաժշտությանը: 
 
 Նա անկեղծանում է . 
 
- Ինչքան աշխատում եմ ինքս ինձ վրա, այնքան ավելի հեշտ է լինում սովորել հաջորդ ստեղծագործությունները։ Ուղղակի ափսոսում եմ, որ օրվա մեջ կարողանում եմ միայն 2 ժամ տրամադրել ջութակին՝ հանգամանքների բերումով։ 
 
Ասում են՝ մարդու մեջ երաժշտության հանդեպ սերը առաջանում է այն ժամանակ, երբ նա մտնում է կյանք, ծանոթանում տիրող իրավիճակին, իր հոգեվիճակին համապատասխան զբաղմունք կամ մասնագիտություն գտնում։ Այստեղ կարևորն այն է, որ սիրելով երաժշտությունը՝ մարդը սիրում է նաև կյանքը։ Մանուկ հասակից պետք է հստակ դիրքորոշվել, թե որ ուղղությամբ ավելի արդյունավետ կլինի զարգանալ և որոնումների վրա անհարկի ժամանակ չծախսել, որպեսզի դա հետագա հիասթափության պատճառ չդառնա։ 
 
Ջութակը Արենի անբաժան ընկեր է։ Նրա խոսքով՝ ջութակի միջոցով կարելի է տարբեր տրամադրություններ ստեղծել, լիցքաթափվել, հանգստանալ։ Արենը զգալով է նվագում, երբեք չի շտապում, ստեղծագործությունները կիսատ չի թողնում, ամեն գործ սիրում է անթերի կատարել։ Նա մասնակցում է տարաբնույթ միջոցառումների՝ զորամասում և զորամասից դուրս։ Նաև տարբեր հարսանիքների, կորպորատիվ միջոցառումների ժամանակ է հանդես գալիս կատարումներով՝ ամենուր ջերմացնելով ունկնդիրների հոգիները: 
 
Կարճ ժամանակահատվածում նա հասցրել է տեսահոլովակներ նկարահանել, որոնք սիրվել ու գնահատվել են հասարակության լայն շրջանակներում։ 
 
Զորացրվելուց հետո Արենն անպայման շարունակելու է նվագել ու նոր եռանդով զարդարելու է տարբեր բեմեր։ Նրա նպատակներից մեկը ճանաչված ջութակահար դառնալն է։ 
 
Մնում է Արենին մաղթենք բազում բեմելներ, անխափան ելույթներ, առողջություն և անփորձանք տունդարձ։
 
  Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Արցախ