Հուլիսյան ղողանջներ

ՈՐՊԵՍ ԽՆԿԱՐԿՈւՄ ՄԵԾԱՑ ՀԻՇԱՏԱԿԻՆ

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում կայացած հոբելյանական  համերգը նվիրված էր Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին:
 
Նախագիծն իրականացվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ (պրոդյուսեր՝ Նորայր Նազարյան, գեղարվեստական մասի պատասխանատու՝ Արմեն Սուքիասյան, տեսանյութերի և սցենարի հեղինակ՝ Արամ Սուքիասյան, գեղարվեստական մասի համակարգող՝ Ֆելիքս Բաբուրյան):
 
Հանդիսությունը կազմակերպված էր պատշաճ մակարդակով:
 
Երեկոն հագեցած էր ծանրակշիռ և բազմաոճ ծրագրով:
Ահավասիկ, համերգը բացվեց Հայաստանի պետական կամերային երգչախմբով, որի ընթացքում  հնչեցին Մեծն Վարդապետի «Օրոր Ադինո», «Հարսանեկան երգերի, Շար 1», , «Սոնա յար» (մենակատար՝ Սոֆյա Սայադյան), «Գութաներգ» խմբերգերը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան):
 
Իսկ Կոմիտասի «Կռունկը»՝ Նիկոլայ Մադոյանի վեհաշուք կատարմամբ, տարածվելով հոծ հանրության եթերային մթնոլորտում կանխորոշեց ողջ երեկոյի ընդհանուր տրամադրությունն ու եռանդը:
 
Նրբագեղ էին նաև Կոմիտասի «Երանգի», «Շուշիկի» դաշնամուրային պարեղանակները՝ Վահան Մարտիրոսյանի կատարմամբ:
Հետագա համերգային թատերագիծը զարգացավ նոր, հետաքրքիր կոմիտասյան ելևէջներով:
 
Այսպես, Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) լսարանին հանրամատչելի դարձան Կոմիտասի «Հոյ Նազան», «Հով արեք սարեր ջան» (մենակատար՝ Մավր Մկրտչյան), «Քելե, քելե» բարձրորակ մշակումները:
 
Հիրավի, Վաչե Շարաֆյանի «Երկու երգ» Կոմիտասի թեմաներով (մենակատար՝ Արտակ Ասատրյան, դուդուկ) և Մելիք Մավիսակալյանի «Կոմիտասական»-ը խորհրդանշում էին Մեծն Կոմիտասի աշխարհըմբռնումները. սեր, մաքրություն, ներդաշնակություն...
Համերգային երկժամյա ծրագիրը փոխլրացվեց ևս մի  հետաքրքրաշարժ և պատկերավոր տեսարանով:
 
Գառնիի սյունազարդ և անսասան Մայր տաճարի բեմում էր Հայաստանի «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան):
 
Հուզավառ, լուսային ներգործությունների հետևանքով «Հովեր»-ի կատարմամբ իրականացվեց Կոմիտասի «Կաքավիկ», Ռոմանոս Մելիքյանի «Վարդ», «Ախ ինչ լավ են» (մշակումը՝ Միքայել Կոկժաևի), Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայից հատվածներ և այլ կոմպոզիտորների երկեր՝ կլանելով հանդիսատեսին դեպի թումանյանական բանաստեղծական աշխարհը, դեպի լինելիությունն ու ազգային պաթոսը:
 
Նանա ՄԱՐԳԱՐՅԱՆ 
երաժշտագետ, ԵՊԿ թանգարանի վարիչ