Պատանի կոմպոզիտորների հանրապետականը՝ մայիսի 11-13-ին

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և «Էդվարդ Միրզոյան» հիմնադրամի գործընկերությամբ` 2019 թ. մայիսի 11-13-ը կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 6-րդ մրցույթը: 
 
Մրցույթին իրավունք ունեն մասնակցելու մինչև 18 տարեկան հայազգի ստեղծագործողներ: Մրցույթը կանցկացվի երկու տարիքային խմբերում. կրտսեր խմբում կընդգրկվեն մինչև 13 տարեկան պատանիներ, ովքեր պետք է ներկայացնեն ցանկացած գործիքի համար գրված մեկ ստեղծագործություն՝ մինչև 5 րոպե տևողությամբ: Ավագ խմբում՝ 14-18 տարեկան պատանիներ, ովքեր պետք է ներկայացնեն մինչև 4 գործիքի համար գրված մեկ ստեղծագործություն՝ առավելագույնը 10 րոպե տևողությամբ:
 
Մայիսի 11-ին, կկայանա մրցութային փուլը: Մայիսի 12-ին՝ Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը, մասնակիցները կայցելեն պանթեոն և հարգանքի տուրք կմատուցեն անվանի կոմպոզիտորի հիշատակին: Մայիսի 13-ին տեղի կունենա Գալա համերգն ու մրցանակաբաշխությունը:
 
Յուրաքանչյուր խմբում մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած պատանիները կպարգևատրվեն մրցույթի անվանական հուշանվեր-գավաթներով, պատվոգրերով, իսկ հաղթող մասնակիցները՝ նաև Երևանի քաղաքապետի պատվոգրով, ինչպես նաև «Էդվարդ Միրզոյան» հիմնադրամի կողմից՝ դրամական պարգևներով: Մրցութային ստեղծագործությունները կձայնագրվեն Երևանի պետական կոնսերվատորիայի ակուստիկ լաբորատորիայում: Ոչ մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն խրախուսական նվերներով և մասնակցության վկայականներով: 
 
Բոլոր մասնակիցների համար Երևանի պետական կոնսերվատորիայում կանցկացվեն վարպետության դասեր ԵՊԿ դասախոսական կազմի կողմից, նաև կկազմակերպվի համերգ՝ ԵՊԿ դահլիճում: Բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու «Հանդիսատեսի համակրանք» առցանց մրցույթին, որը կանցկացվի մրցույթի ֆեյսբուքյան էջում: 
 
Պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի նպատակն է` ամեն տարի մեկ հարկի տակ հավաքել շնորհալի ստեղծագործող հայազգի պատանիներին` տալով նրանց հնարավորություն ներկայացնելու իրենց ստեղծագործություններն ու լինելու հայ կոմպոզիտորական դպրոցի մի մասնիկը: