Մեկնարկում է նոր արտ-նախագիծ

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔ` «ԿԱՄԵՐԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ

ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի կամերային պետական թատրոնի համատեղ նախաձեռնությամբ այսօր` դեկտեմբերի 3-ին, Երևանի կամերային պետական թատրոնի «Երկաթ» սրահում կմեկնարկի նոր արտ-նախագիծ` «Կամերային ցուցահանդեսներ» խորագրով ցուցահանդես-վաճառքների շարք:

«Կամերային ցուցահանդեսների» նպատակն է հնարավորություն ընձեռել Երևանում և ՀՀ մարզերում ապրող երիտասարդ, առաջին քայլերն անող, չճանաչված, գուցե նաև մոռացված արվեստագետներին` իրենց ստեղծագործություններով ներկայանալու հանրությանը: Այն միաժամանակ հարթակ է` ցուցադրության հետ մեկտեղ կազմակերպել նաև ստեղծագործությունների վաճառք:

«Կամերային ցուցահանդեսներ» նախագիծը շարունակական է. յուրաքանչյուր ամիս կընտրվի մեկ արվեստագետ, ով հնարավորություն կունենա լավագույնս ներկայանալու արվեստաբաններին, հանրությանը, արվեստագետներին և մեր երկիր այցելած զբոսաշրջիկներին:

Նախագծը կմեկնարկի գեղանկարիչ, արցախյան ազատամարտի մասնակից Վահրամ Միքայելյանի (Սերսի Խենթի) ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառքով, որի շրջանակում կներկայացվի հեղինակի երբևէ չցուցադրված շուրջ 20 գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ:

Վահրամ Միքայելյանը ծնվել է 1965 թվականին, ՀՀ Վայոց ձորի մարզի Սերս գյուղում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, Վայքի ուսումնարանում և Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1987 թվականին Վայքի մշակույթի տանը կայացել է նրա առաջին անհատական ցուցահադեսը: 1989 թվականին աշխատանքի է անցել Վայքի մշակույթի տանը, հիմնել է նկարչական խմբակ, ինչպես նաև նկարչություն է դասավանդել Վայքի թիվ 2 դպրոցում: 1992 թվականին Վահրամ Միքայելյանը Վայքի կամավորական ջոկատի հետ մասնակցել է Լաչինի միջանցքի ինքնապաշտպանական մարտերին և ծանր վիրավորվել:

Ցուցահանդես-վաճառքը կգործի մինչև դեկտեմբերի 29-ը: