Հոբելյանական համերգ հայրենիքում

Համաշխարհային մեծ ճանաչում ունեցող օպերային երգիչ, մեր հայրենակից Բարսեղ Թումանյանն այսօր` դեկտեմբերի 3-ին, մեծ համերգով կնշի իր 60-ամյա հոբելյանը: Հոբելյարը Արամ Խաչատրյան համերգասրահի բեմից կներկայացնի յուրահատուկ ծրագիր` Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկի հետ կատարելով Չարլի Չապլինի, Անտոն Լլոյդ Վեբերի, Ջորջ Գերշվինի և այլ հայտի կոմպոզիտորների սիրված երգեր:

Համերգը կղեկավարեն ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը և ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ՝ Մելիք Մավիսակալյանը:

Բարսեղ Թումանյանը ծնվել է 1958-ին, Երևանում: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան հայ անվանի օպերային երգիչ Արշավիր Կարապետյանի դասարանը: Կատարելագործվել է Լա Սկալա օպերային թատրոնում և Մոսկվայի կոնսերվատորիայում (պրոֆ. Եվգենի Նեստերենկոյի դասարան): Իր գործունեությունը սկսել է Երևանի օպերային թատրոնում, ապա և Ռուսաստանի զինված ուժերի Ալեքսանդրովի անվան անսամբլում` որպես մենակատար: Մասնակցել է անսամբլի հյուրախաղերին Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում և Եվրոպայում: 2014-ից Բարսեղ Թումանյանը Աստանայի Օպերային թատրոնի առաջատար մեներգիչ է:

Նա միջազգային մրցույթների դափնեկիր է. Hertogenbosch (Ամստերդամ, 3-րդ մրցանակ), Voci Verdiane (Բուսետտո, 1983, Jean Donnel մրցանակ և Ոսկե մեդալ), Չայկովսկու անվ. մրցույթ (Մոսկվա, 1986, 2-րդ մրցանակ), Ռիո դե Ժանեյրոյի մրցույթ (1987, Գրան Պրի):Ինչպես նաև International Academy of  Sciences of the Nature and Society, International Academy of Spiritual unity of the peoples of the world կազմակերպությունների, ինչպես և միջազգային «Ասպետների միության» անդամ է:

Բարսեղ Թումանյանը հայտնի է նաև իբրև դասատու: Նա աշխատում է երիտասարդ խոստումնալից երիտասարդների հետ` վարպետության դասընթացներ անցկացնելով աշխարհի տարբեր համալսարաններում և կոնսերվատորիաներում` Մարսել, Տորոնտո, Մոնրեալ, Վայմար, Կիցբյուել (Ավստրիա), Բեռլին,Շիյան (Չինաստան), Թեհրան, Աստանա և այլուր: Ներկայումս նա Ղազախստանի Արվեստների ազգային համալսարանի պրոֆեսոր է: