ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԲԵՄԵԼ

      Օպերան միշտ էլ եղել է Ավագ Պետրոսյանի տարերքը: Ազգային օպերաների հերոսների դերերում, և ոչ միայն հայկական, նա առավելագույնս ծավալվում և բազմակողմանի էր դառնում՝ մնալով այդ դերերգերի անզուգական կատարողն ու մեկնաբանը: Ավագ Պետրոսյանի բեմական գործունեության իրական գլուխգործոց է համարվում նրա Սարոն (Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայում), որն ի հայտ և բերել նրա վոկալ-մասնագիտական և դերասանական տաղանդը:
 
 
Ապրիլի 21-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան, որը նվիրվում է երկու հոբելյանների՝ Ավագ Պետրոսյանի ծննդյան 105-ամյակին և այդ դերում նրա բեմելի 75-ամյակին: Մինչ ներկայացումը նախատեսված է նաև հոբելյանական հանդիսություն: 
 
Անուշի դերակատարմամբ հանդես կգա նշանավոր օպերային երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Մխիթարյանը: 
  
Խորհրդային Միության ժողովրդական արտիստ, մեծանուն օպերային երգիչ Ավագ Պետրոսյանն իր ուրույն տեղն ունի հայ օպերային թատրոնի պատմության մեջ: Նրա ստեղծագործական կյանքը կապված է հայ օպերային խաղացանկի ամենանշանակալի ստեղծագործությունների հետ: Երգչի ու նրա մարմնավորած որոշ հերոսներ այս կամ այն կերպ նույնացվել են Ավագ Պետրոսյանի անվան հետ: Այդ հերոսների վոկալ և բեմական նկարագիրն ընկալվում է նախևառաջ հենց Ավագ Պետրոսյան տաղանդավոր արտիստի կերպավորմամբ: Այդպիսիք են Սարոն և Սանթուրը Արմեն Տիգրանյանի «Անուշ» և «Դավիթ Բեկ», Կարոն՝ Անդրեյ Բաբաևի «Արծվաբերդ», Տիրիթը՝ Տիգրան Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերաներում և այլն: 
 
Երևանի օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում նա ստեղծել է անմոռանալի կերպարների մի ողջ համաստեղություն՝ Սարո և Սանթուր (Ա. Տիգրանյանի «Անուշ» և «Դավիթ Բեկ»), Աշուղ և Շեյխ (Ալ. Սպենդիարյանի «Ալմաստ»), Կարո (Ա. Բաբաևի «Արծվաբերդ»), Տիրիթ (Տ. Չուխաջյանի «Արշակ Երկրորդ»), Վահան (Հ. Ստեփանյանի «Հերոսուհին»), Սոս (Վ. Տիգրանյանի «Սոս և Վարդիթեր»), Սեյրան (Լ. Խոջա-Էյնաթյանի «Նամուս»), Կավարադոսի (Պուչինիի «Տոսկա»), Ռաուլ (Մեյերբերի «Հուգենոտներ»), Ռադամես և Մանրիկո (Վերդիի «Աիդա» և «Տրուբադուր») օպերաներում և այլն: Այս դերերգերին հատուկ են եղել իրական պրոֆեսիոնալիզմն ու պետրոսյանական ինքնատիպ արտիստիզմը: